Լրահոս
Օրվա լրահոսը

Իզուր ենք սափրվել

Հուլիս 18,2003 00:00

Իզուր ենք սափրվել Միեւնույն է, մեզ ոչ ոք չի հասկանում ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերության ողջ պատմության ընթացքում թերեւս առաջին անգամն է, որ հայ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ կասկած է հայտնում այդ գործընկերության արդյունավետության նկատմամբ։ Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փաստորեն դժգոհել էր, որ Ռուսաստանը գործընկեր Հայաստանին սպառազինություն է վաճառում նույն գնով, ինչպես վաճառում է մնացյալ երկրներին։ Բա էլ ի՞նչ դաշնակից երկրներ, տարակուսում է Սերժ Սարգսյանը, գանգատվելով, որ Ռուսաստանը պատշաճ ռազմատեխնիկական օգնություն չի ցոււցաբերում Հայաստանին, մինչդեռ այդ բանը նրա համար «լուրջ բարդություն չի ներկայացնի»։ Ահա այսպես. ստացվում է, որ «ջՐ255 ոՏՐՏՊց րոՐՌսՌ»։ Մինչդեռ ազնիվ գործընկերոջ համարումը պահպանելու համար Հայաստանն արեց հնարավորն ու անգամ անհնարը։ Միջպետական հարաբերությունների պրակտիկայում ունիկալ նախադեպ ստեղծելով, Ռուսաստանի հանդեպ իր պարտքը մարեց գույքով, եւ այն էլ ինչպիսի գույքով։ Քիչ ավելի ուշ Ռուսաստանին ի սեփականություն եւ ի տնօրինումն հանձնվեց Հայաստանի էներգետիկ հզորությունների գերակշիռ մասը։ Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազաներին գրեթե անհատույց ու գրեթե անժամկետ տարածքներ տրամադրելու մասին շատ է խոսվել, չկրկնենք։ Սակայն, հաստատապես արժե խոսել այն մասին, որ չնայած պաշտոնապես հռչակված կոմպլեմենտարիզմի քաղաքականությանը, Հայաստանը, հատկապես վերջին տարիներին, միջազգային բեմահարթակներում անխնա կերպով զոհաբերեց իր արտաքին շահերը՝ հանուն Ռուսաստանի ու հանուն Ռուսաստանի բարեհաճ վերաբերմունքի։ Ու հանկարծ… այս ամենից հետո Ռուսաստանը, դույզն իսկ չգիտակցելով իր պետական շահը, հայերիս համարժեք վերաբերմունքի չի արժանացնում եւ իր ստրատեգիական բնարեկամի վրա զենքը «նաղդում է» նույն գնով, ինչով այն ձեռք են բերում, ասենք, աֆրիկյան բեդվինները։ «Ռուսաստանը պետք է հասկանա, որ դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերությունները պետք է կառուցվեն հատուկ պայմաններով»,- շարունակում է բացատրել Սերժ Սարգսյանը, թերեւս հուսալով, որ հանգամանալից բացատրություննից հետո Ռուսաստանը կհասկանա այդ պարզ ճշմարտությունը։ Սակայն ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե իր գործընկերն, այնուամենայնիվ, չհասկանա ճշմարտությունը։ Արդյո՞ք, պետք է շարունակի ավելի լավ բացատրել, թե՞ կփորձի ստեղծված իրավիճակից ինչ-որ հետեւություններ անել։ Այդ մասին Սերժ Սարգսյանն իհարկե «Կրասնայա Զվեզդա»-ին ոչինչ չի ասում, մինչդեռ կոմպլեմենտարիզմի ոգին պահանջում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը բերեր, ասենք, Լեհաստանի կամ Վրաստանի օրինակը եւ մատնանշեր ՆԱՏՕ-Ի ու, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից այս երկրներին ցուցաբերվող համակողմանի ռազմատեխնիկական օժանդակությունը։ Սերժ Սարգսյանը բավարարվում է միայն ափսոսանք հայտնելով, որ հայ-ռուսական համատեղ զորախմբավորումը կարող էր լուրջ ուժ ներկայացնել, մինչդեռ այդպիսին չլինելու պարագայում, վերջինիս հետ «ոչ ոք հաշվի չի նստի»։ Այդուհանդերձ, Ռուսաստանում կարծես շարունակում են չհասկանալ մեզ։ «Ռուսաստանը պետք է դաշնակիցներ որոնի զարգացած եւ հզոր պետություննների շրջանում»,- նշել է արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, քաղաքագետ Սերգեյ Կարագանովը։ «Ես ձեռնպահ կմնայի ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների մասին խոսելուց»,- երկրորդել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել