Լրահոս
Օրվա լրահոսը

35 ՀՈԳԻ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 18,2003 00:00

35 ՀՈԳԻ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ Նախագահի ընտրությունների ընթացքում ձերբակալված ընդդիմության ակտիվիստներն այլեւս սպառել են Հայաստանում արդարադատության հասնելու հնարավորությունները: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն ընտրությունների ընթացքում անվճար պաշտպանել էր վարչական պատասխանատվության ենթարկված մի շարք անձանց, եւ այժմ նրանցից մի քանիսը դիմել են, որպեսզի իրենց շահերը պաշտպանվեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Այժմ այդ գործերն ուսումնասիրման շրջանում են»,- ասաց պրն Տեր-Եսայանը եւ մինչ ուսումնասիրության ավարտը՝ ձեռնպահ մնաց իր պաշտպանյալների անունները բացահայտելուց: Հայտնեց միայն, որ 35 հոգի են դիմել նման խնդրանքով: Եվ սա դեռ միայն մեկ փաստաբանի դիմած մարդիկ են. հնարավոր է, որ 2003-ի տարեսկզբին վարչական պատասխանատվության ենթարկված այլ անձինք էլ ինքնուրույն կամ այլ փաստաբանների միջոցով են պատրաստվում դիմել Եվրոդատարան: Տիգրան Տեր-Եսայանն առավել հանգամանալից անդրադարձավ այն հարցերին, թե ինչն էր ստիպել ընդդիմության ցույցերին մասնակցելու համար ձերբակալվածներին դիմել Ստրասբուրգ: «Անցած մի քանի ամիսների ընթացքում բավական գրագրություն է եղել տարբեր ատյանների հետ,- պատմեց նա:- Այդ քաղաքացիները փորձում էին Հայաստանում վերականգնել իրենց խախտված իրավունքները: Իհարկե, վարչական կալանքի ենթարկվելը չի համարվում դատվածություն, բայց մի մասը՝ չարծարծելով հատուցման կամ պատասխանատվության ենթարկելու, պատժելու խնդիրները՝ պարզապես ցանկանում էր, որ վերանայվեն դատարանների այդ որոշումները եւ կիրառված վարչական միջոցները»: Արդարադատության համակարգի բազմաթիվ դռներ բախելն «անակնկալ» հետեւանքներ էր ունեցել. «Մարդը դիմել է, թե վերանայեք կայացված որոշումը վարչական տույժ կիրառելու մասին, բայց ամիսներ շարունակ նրան մերժել են, թե բողոքարկման ժամկետն անցել է՝ հնարավոր չէ: Բայց հանկարծ մի օր պարզվում է, թե այնուամենայնիվ որոշումը վերանայել են՝ առանց քաղաքացուն տեղյակ պահելու, եւ կայացրել 2 հազար դրամ տուգանելու որոշում: Եվ ամիսներ անց էլ եկել ու հարկադիր կատարողների միջոցով բռնագանձել են այդ գումարը: Փաստորեն ստացվում է, որ եթե սուս մնար, չբողոքեր՝ կես տարի անց նորից 2 հազար դրամ չէր տա»: Այսինքն՝ Հայաստանում արդարադատության հասնելու փորձերը հանգեցրել են նրան, որ փետրվար-մարտին ձերբակալվածները տուժել են վերստին: Ի դեպ, այս ընթացքում պարզվեց մի արտառոց իրողություն եւս: Նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ Կաթողիկոսի միջնորդությամբ վերանայվեցին վարչական պատասխանատվության ենթարկվածների վճիռները: «Դրանից հետո մտնում էին մեկուսարաններ եւ պարտադրում դիմումներ ստորագրել, թե զղջում են,- պատմեց պրն Տեր-Եսայանը:- Շատերն անգամ տեղյակ չեն եղել, թե ինչի տակ են ստորագրում, քանի որ իրենց ներկայացրել են, թե ազատ արձակման փաստաթուղթն է: Բայց հետո է միայն պարզվել, որ դա ներում խնդրելու դիմում էր, եւ վերաքննիչ դատարանում դատ է տեղի ունեցել, որոնց այդ մարդիկ չեն մասնակցել ու դրա մասին տեղյակ էլ չեն եղել»: Շատ վճիռներում դատավորները նաեւ նշել էին, թե դրանք վերջնական են ու ենթակա չեն բողոքարկման. «Միայն այդ հիմքով դրանք արդեն ենթակա էին տրվելու Ստրասբուրգի դատարան, քանի որ ստացվում էր, թե սպառվել է մեր պետության դատական ատյաններում վերանայման հնարավորությունը»: Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ամրագրեց, թե վարչական կալանքի վերաբերյալ դատարանների որոշումներն «ըստ ձեւի եւ բովանդակության» պիտի դառնան ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քննարկման առարկա, եւ վերջինս իրոք քննարկեց այդ հարցը: «Մի՞թե այդ ամենը չունեցավ որեւէ նշանակություն» հարցին՝ Փաստաբանների միջազգային միության նախագահն այսպես արձագանքեց. «Չի նկատվում դրական որեւէ փոփոխություն: Եվ ՍԴ-ի դիտողություններն ու առաջարկները պարզապես մնացին թղթի վրա: Թեեւ ցանկալի կլիներ, որ դատական համակարգն անդրադառնար այս գործընթացում իր թույլ տված սխալներին եւ ոչ թե պնդեր դրանք»: Բերված օրինակները, կարծում ենք՝ բավարար են ապացուցելու համար, որ փորձելով Հայաստանում վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ընդդիմության ձերբակալված ակտիվիստները դեմ են առել փակուղու: «Սա մի պատ է եւ ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի էլ ուզում խոսել այդ մասին»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը: Նախագահի ընտրության վերաբերյալ ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների եզրակացություններում հստակ բացասական դիրքորոշում էր արտահայտված ընդդիմության ակտիվիստներին ձերբակալելու գործընթացի վերաբերյալ: Ուստի՝ տարակույս չկա, որ այս գործերով դիմողները Եվրոպական դատարանում կշահեն դատը: Սակայն քննությանը ստիպված են լինելու սպասել 2-4 տարի: Գուցե հարց առաջանա՝ արժե՞ մի 5-15 օր կալանքի կամ 2 հազար դրամ տուգանքի համար հասնել Ստրասբուրգ: «Չեմ կարող ասել՝ հնարավոր է եւ, որ 2 տարի անց նրանք ցանկանան հետ վերցնել հայտը, հրաժարվեն քննությունից,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը:- Բայց այդ մարդիկ 5-6 ամիս հետո են եկել ու խնդրել աջակցություն: Իսկ այդ ամբողջ ընթացքում անընդհատ տարբեր ատյանների բողոքել են իրենց նկատմամբ կատարված անարդարությունից: Շատերը վիրավորված են՝ վերջիվերջո, նրանց բնակարաններից խաբեությամբ են տարել՝ զրուցելու պատրվակով, հետո ձերբակալել՝ հաց էլ չեն տվել, ընտանիքի անդամներն են հացի փող տվել, հետո դուրս են եկել՝ նորից են փող տվել: Որոշումների մեջ էլ գրել են «վարչական տույժ կիրառել՝ իբրեւ դաստիարակչական, խրատական միջոց»: Այս ամենը ստորացուցիչ է եւ մարդիկ կես տարի հետո էլ չեն հանգստացել: Տեղում լուծվեր այս հարցը՝ բոլորս ուրախ կլինեինք, որ ինչ-որ բան փոխվել է, շտկվել»: Վերջում նշենք նաեւ, որ եթե Հայաստանի դատական համակարգից այդ մարդիկ փոխհատուցում չէին պահանջում խաղաղ հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու դիմաց իրենց կրած այս ստորացումների համար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ե՛ւ բարոյական, ե՛ւ նյութական վնասի խնդիրները լուծվելու են մեխանիկորեն: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել