Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՍԱՏ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԵԽ-ՈՒՄ ՉԵՆՔ ՄՆԱ»

Հուլիս 18,2003 00:00

«ԿԻՍԱՏ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԵԽ-ՈՒՄ ՉԵՆՔ ՄՆԱ» Ասում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը Կզրկե՞ն մեզ մանդատից, թե՞ չեն զրկի, կմնա՞նք Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, թե՞ մեզ այնտեղից եվրոպական ստանդարտներին համապատասխան դուրս կշպրտեն, կվերացնե՞նք մահապատիժը, թե՞ կմնանք մահապարտ։ Սրանք հարցեր են, որ ամենեւին էլ չեն հետաքրքրում շարքային քաղաքացուն, բայց Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման դեպքում պետք է, որ հետաքրքրեն մեզնից յուրաքանչյուրին։ ԵԽ ԽՎ պատգամավորական մանդատից զրկման հնարավորությունը տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում։ Սակայն բոլորն էլ ընդունում են, որ նման փաստի առաջ ենք կանգնել ոչ թե այն պատճառով, որ չենք վերացնում մահապատիժը, այլ՝ որովհետեւ չենք կարողանում ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրություններ անցկացնել։ Հայաստանյան պատվիրակությանը ԵԽ մանդատից զրկելու հավանականության մասին զրուցեցինք չորս տարի շարունակ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ եւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Ընթերցողին հիշեցնենք, որ պրն Հովհաննիսյանը մայիսի 25-ին դուրս եկավ ընտրապայքարից, որովհետեւ նա ընտրապայքարի մեջ էր մտել եվրոպական չափանիշներին համապատասխան, իսկ թիվ 45 ընտրատարածքում (Կոտայք) այլ չափանիշներ էին գործում՝ կրակոց, ընտրակաշառք, վախի եւ ամենաթողության մթնոլորտ։ Հայաստանի պատվիրակության մանդատների հարցում, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, կգործի հետեւյալ սցենարը. «Պիտի ընդունենք, որ եվրոպական կառույցները Կովկասի նկատմամբ առանձնացված որոշումներ քիչ են կայացնում։ Կարծում եմ, այս դեպքում եւս այդ սխեման կաշխատի։ Ադրբեջանում եւ Վրաստանում ընտրություններ են սպասվում, եւ մինչ այդ ԵԽ-ն մեր տարածաշրջանի մասով որեւէ վճիռ չի կայացնի։ Վերջնական վճիռը, ըստ ամենայնի, կլինի հունվարից ոչ շուտ»։ Որպես եվրոպական կառույցների հետ շփումներում փորձառու մասնագետ Հովհաննես Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում բավականին լուրջ անելիք ունի եւ նաեւ այդ աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի ԵԽ ԽՎ-ի որոշումը Հայաստանի մասով. «Ես միշտ առիթ ունեցել եմ ասելու, որ ԵԽ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքն ամենօրյա աշխատանք է եւ այնպես չի, որ նիստից նիստ աշխատելով հնարավոր է ինչ-որ բանի հասնել։ ԵԽ-ի հանձնաժողովների, քաղաքական խմբակցությունների հետ լուրջ աշխատանք է հարկավոր։ Այսինքն՝ ամեն հարցի շուրջ պետք է լինեն փոխադարձ հեռախոսազրույցներ, պարզաբանումներ, հարցեր, պետք է ծավալվի ամենօրյա երկխոսություն։ Եվ այնպես չի, որ պետք է սպասել սեպտեմբերին՝ նոր նստաշրջանի բացմանը։ Ես կարծում եմ, որ ԱԺ ղեկավարությունը, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը պետք է մինչեւ նստաշրջանն ինտենսիվ շփումների մեջ լինի նաեւ մոնիտորինգի խմբի հետ, որպեսզի մինչեւ վեհաժողովի նիստը, մինչեւ դահլիճ գնալը, բոլոր հարցերը քննված լինեն»։ Պրն Հովհաննիսյանը նույնիսկ այսպիսի աշխատանքի դեպքում չի բացառում ոչինչ, քանի որ ԵԽ ԽՎ կանոնակարգը շատ հնարավորություններ ունի. «շատ պատգամավորներ կփորձեն օգտվել կանոնակարգի ընձեռած հնարավորություններից, առաջին հերթին նկատի ունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակներին, որոնք վստահաբար, կփորձեն արդեն դահլիճում դեմարշ անել Հայաստանի պատվիրակությանը։ Մերոնք պետք է պատրաստ լինեն այս ամենին»։ Մեր հարցին՝ ԵԽ ԽՎ այսօրվա կազմն իր պատրաստվածությամբ եւ պոտենցիալով ի զորո՞ւ է դիմադրել իրեն սպասվող այդ «դեմարշներին», չուզեց պատասխանել։ Օրերս մեր թերթին տված հարցազրույցում Շավարշ Քոչարյանը նկատեց, որ 6-րդ արձանագրությունն իշխանությունները ժամանակին միտումնավոր էին առանձնացրել եւ եթե իրենք ուզեին, վաղուց վերացրած կլինեին մահապատիժը։ Որպես հարցի ակունքներում կանգնած մարդ, Հովհաննես Հովհաննիսյանն ասվածին համաձայն չէ. «Ես մասնակցել եմ այդ գործընթացներին եւ մինչեւ վերջ ազնիվ լինելով պիտի ասեմ, որ մենք ուղղակի չէինք կարող չվավերացնել Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիան։ Մենք պարտադրված էինք այդ բանն անել, հակառակ դեպքում հիմա դուրս կլինեինք ԵԽ-ից։ Մենք 6-րդ արձանագրությունն առանձնացրինք զուտ մի պատճառով՝ որպեսզի չվտանգվի ամբողջ կոնվենցիայի վավերացումը։ Այն ժամանակ թե՛ հասարակությունը, թե՛ ԱԺ-ն պատրաստ չէին մահապատժի վերացմանը։ 6-րդ արձանագրության վավերացումը հետաձգվեց մինչեւ այս տարվա սեպտեմբեր եւ հիմա կարծում եմ շատ ճիշտ է, որ այն արդեն դրվել է շրջանառության մեջ. ՍԴ-ն տվել է իր որոշումը եւ ճիշտ կլինի, որ ԱԺ-ն սեպտեմբերին վավերացնի այն։ Մենք չենք կարող կիսատ որոշումնարով կամ կիսատ կեցվածքով մնալ ԵԽ-ում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել