ՑԱՆՑԸ ԿՀԶՈՐԱՆԱ՞ Օրերս, լրագրողների հետ զրույցում, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը հայտարարեց, որ ընկերությունը պատրաստվում է ընդլայնել բջջային ցանցը։ Ըստ այդմ, սեպտեմբերին եւս քսան հազար երջանիկներ բախտ կունենան օգտվել բջջային հեռախոսի հաճույքից։ Իսկ 2004-ի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում երջանիկների շարքերը կհամալրվեն եւս 100 հազար մարդով։ Ինչպես տեղեկացանք «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի վարչությունից, սույնը ընկերությունը պատրաստվում է իրականացնել արդեն հայտարարված 40 մլն եվրո ներդրման արդյունքում։ Լրացուցիչ տեղադրված չորս կայանները, որոնք շահագործման կհանձնվեն օգոստոսի վերջին, ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Չութիլյանի, «Բջջային ցանցը կհզորացնեն 20 հազարով»։ Իսկ որ այդ աշխատանքները մինչ այժմ չեն կատարվել եւ դրա արդյունքում բջջային կապի որակը չի բարելավվել, պարզվում է՝ մեր համաքաղաքացիներն են մեղավոր։ Ավելի ստույգ, Բաղրամյան փողոցի բնակիչները, ովքեր թույլ չեն տվել, որպեսզի «ԱրմենՏելը» իրենց բնակելի շենքերի տանիքներին կայաններ տեղադրի՝ պատճառաբանելով, թե դա կարող է վնաս հասցնել իրենց առողջությանը։ Գործին, ըստ Հ. Չութիլյանի, չի օգնել անգամ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած սերտիֆիկատն առ այն, որ «ԱրմենՏելի» կայանները չեն կարող վնաս պատճառել մեր քաղաքացիների առողջությանը։ Արդյունքում, կայանները տեղադրվել են «ոչ բնակելի տեղանքում»։ Մեր ունեցած տեղեկություններով, այս «սուրբ գործի» համար «ԱրմենՏելի» ղեկավարությունը վեց ամիս աշխատանքային պայմանագրով նոր տնօրեն (մեր լեզվով ասած, վարչության պետ) է աշխատանքի ընդունել։ Այս ջանքերն, ըստ ամենայնի, գործադրվում են նաեւ ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը բարձրացնելու նպատակով։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ