Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԵՐԱՆԳՈՎ

Հուլիս 17,2003 00:00

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՓՍՈՍԱՆՔԻ ԵՐԱՆԳՈՎ Երեկ «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլի մեկնարկային խաղում ընդունեց Իսլանդիայի «Ռեյկյավիկին» եւ հաղթեց 1։0 հաշվով։ 61-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Լեւոն Փաչաջյանը։ Իսկ դա տեղի ունեցավ այսպես. Կառլ Լոմբեն, որն, անկասկած, երեկվա խաղում լավագույնն էր մեր թիմում, աջ եզրում ստանալով գնդակը, շրջանցեց մրցակցի պաշտպաններին ու ներխուժելով տուգանային հրապարակ, ճիշտ ժամանակին գնդակը հասցեագրեց Լեւոնին, որն էլ խառն իրադրությունում գնդակն ուղարկեց Ֆինբոգասոնի պաշտպանած դարպասի աջ անկյունը։ Ընդհանուր առմամբ հանդիպումը ծանր անցավ երկու թիմերի համար էլ։ Ճիշտ է, շոգ եղանակը գուցե դեր խաղաց դրանում, բայց թվում է, որ, այնուամենայնիվ, մեր տղաները չէին կարողացել լրիվ հաղթահարել մեկնարկային հուզվածությունը։ Իսկ մրցակիցը, որ ամուր ու դժվար անցանելի պատնեշներ էր կազմել պաշտպանությունում, կարճ ժամանակ անց սկսեց ակտիվանալ։ Ու պատահական չէ, որ առաջին վտանգավոր պահն ստեղծվեց հենց «Փյունիկի» դարպասին։ Տիպիկ անգլիական ոճով՝ իսլանդացիները ձախ եզրից գնդակը «կախեցին» տուգանային հրապարակի մատույցներ։ Վրա հասած խաղացողը գլխով գնդակն ուղարկեց իր թիմակցին եւ վերջինիս հարվածը փոքր շեղությամբ անցավ դարպասի վրայով։ Առաջին 20-25 րոպեներն անցան մոտավորապես հավասար պայքարում։ Ու միայն դրանից հետո հայ ֆուտբոլիստները կարողացան աստիճանաբար խլել նախաձեռնությունն ու իրենց տիրապետությունը վերջնականապես հաստատել խաղադաշտում։ Արժանահիշատակ են 25-րդ րոպեին մերոնց կազմակերպած բազմաքայլ կոմբինացիան կենտրոնում, երբ Սիստերնայի ուժեղ հարվածը մի փոքր շեղությամբ անցավ դարպասի վրայով, 35-րդ րոպեին Փաչաջյանի գլխով հարվածը մոտ տարածությունից, երբ գնդակը կրկին աննշան շեղությամբ շրջանցեց դարպասը։ Մոտավորապես 30-րդ րոպեից սկսած «Փյունիկը» մի քանի անգամ դարպասը գրավելու ռեալ պահեր ունեցավ, սակայն մի դեպքում մերոնց պակասում էր դիպուկությունը, մյուսում՝ շտապողականությունը։ Հանուն արդարության պետք է ասել, որ «Փյունիկի» գրոհները շատ ավելի վտանգավոր ու նպատակային կարող էին լինել, եթե առաջին խաղակեսում ակտիվությամբ աչքի ընկած Աղվան Մկրտչյանը չչարաշահեր գնդակն իր մոտ պահելը, որի հետեւանքով հաճախ գրոհները կորցնում էին սրությունը կամ մարում կեսճանապարհին, կամ էլ՝ գնդակը պարզապես անցնում էր մրցակցին։ Ինչեւէ, առաջին 45 րոպեներն արդյունք չտվեցին։ Երկրորդ խաղակեսը «Փյունիկն» սկսեց անհամեմատ ավելի ակտիվ։ Գոլային պահերը հաջորդում էին միմյանց, բայց դարպասի գրավում չէր արձանագրվում։ Կարող էին աչքի ընկնել Սիստերնան, Պերալտան, Փաչաջյանը։ «Փյունիկի» ճնշումն ուժեղանում էր, իսկ «Ռեյկյավիկի» պաշտպանությունը սկսում էր ճեղքեր տալ։ Հյուրերի մարզիչը հարկադրված էր փոփոխություններ կատարել, բայց գոլից խուսափել այլեւս անհնար էր։ Այն բանից հետո, երբ Փաչաջյանը բացեց հաշիվը, դաշտում «Փյունիկն» արդեն շոշափելի առավելություն ուներ։ Բայց ասել, թե իսլանդացիներն այլեւս մոռացել էին մրցակցի դարպասի գոյության մասին, չի կարելի։ Նրանց հակագրոհները շարունակում էին իրենց մեջ բավականաչափ վտանգ պարունակել։ Հենց դրանցից մեկի ժամանակ շերտավոր մարզաշապիկով երեք ֆուտբոլիստներ ներխուժեցին մեր տուգանային հրապարակ եւ վերջին պահին Զեչուն կարողացավ գնդակը դուրս հանել անկյունային։ Հանդիպման 73-րդ րոպեին «Հանրապետական» մարզադաշտն ասես «պայթեց»։ Կառլ Լոմբեն կրկին աջ եզրից գեղեցիկ ոճով շրջանցեց պաշտպաններին եւ ներխուժեց տուգանային հրապարակ։ Իսլանդացի պաշտպանին այլեւս ոչինչ չէր մնում, բացի նրան կանոնների խախտումով վայր գցելուց։ 11 մետրանոց տուգանային հարված։ Բոլորը կարծում էին, թե այն կիրացնի երկրի առաջնությունում արդեն իսկ երկու անգամ 11 մետրանոց հարվածներն անվրեպ կատարած Խուան Պաբլո Պերալտան։ Բայց գնդակին մոտեցավ Ռաֆայել Նազարյանը եւ՝ նրա հարվածը դարպասապահը ետ մղեց։ «Փյունիկը» կարեւոր հաղթանակ տարավ, բայց ՉԼ-ի հաջորդ փուլ անցնելու համար դեռ մեր չեմպիոնը պետք է դժվար փորձություն անցնի Իսլանդիայում՝ «Ռեյկյավիկի» հետ պատասխան հանդիպումում։ Հուսանք ու հավատանք, որ Ստոյկիցային եւ նրա ֆուտբոլիստներին կհաջողվի հաղթահարել ՉԼ-ի առաջին արգելքը։ Առաջին շոուն Երեկվա հանդիպումը շատ բանով տարբերվում էր Հայաստանում երբեւէ կայացածներից։ «Փյունիկ» ակումբը եւ ստադիոնի տնօրինությունը նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին տարել։ Կասկած չկար, որ ստադիոնը լեփ-լեցուն է լինելու։ Ակումբը նախապես կարել էր 16 մետր երկարությամբ մարզաշապիկ, որը ժամանակ առ ժամանակ տարածվում ու փողփողում էր արեւելյան տրիբունայում։ Մարզաշապիկի վրա գրված էր 12 համարը, որը, ինչպես հայտնի է, խորհրդանշում է հանդիսականին։ Ֆուտբոլասերներն էլ, որոնց, ի դեպ բաժանվել էին նաեւ «Փյունիկ» մակագրությամբ գլխաժապավեններ, մինչեւ վերջ կատարեցին իրենց առաքելությունը՝ ոգեւորելով սիրելի թիմին, առավել եւս, որ խաղն սկսվելուց մի քանի րոպե առաջ մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը, «Փյունիկի» մարզահագուստով միկրոֆոնը ձեռքին շրջում էր տրիբունաների առջեւով ու Հայաստանի չեմպիոնին ջերմորեն աջակցելու կոչ անում։ Մինչ հանդիպումը ստադիոնում առաջին անգամ հնչեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի օրհներգը, որի երաժշտությունը գրել է Արա Գեւորգյանը։ Դա իսկական շոու էր, որ սովորական երեւույթ է արտասահմանում, իսկ Հայաստանում իր առաջին քայլերն է անում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել