Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐՅԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Հուլիս 17,2003 00:00

ՍԱՐՅԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Հունիսի 27-ին Ֆրանսիայի Անթիբ քաղաքի (Կաննի եւ Նիցցայի միջեւ) Պիկասոյի թանգարանում բացվել է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 5-ը։ Անթիբի դարպասներին փակցված խոշորատառ պաստառները՝ «Սարյան. «Ճախրող արեւի երկրում» մակագրությամբ, քաղաք մտնողին ազդարարում են ցուցահանդեսի մասին։ Ըստ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանի, այս ցուցահանդեսը երեւույթ է ե՛ւ նշանակությամբ, ե՛ւ այցելուների մեծաթվությամբ (բացմանը ներկա էր շուրջ 700 արվեստասեր)։ Ցուցադրվում էին Սարյանի լավագույն կտավները՝ բերված Հայաստանի Ազգային պատկերասրահից, Մ. Սարյանի տուն-թանգարանից, Մոսկվայի Տրետյակովյան, Պետերբուրգի Ռուսական թանգարաններից եւ անհատական հավաքածուներից։ Խորհրդային տարիներին Եվրոպա տարվող ցուցահանդեսներում բացակայել են Սարյանի վաղ շրջանի նկարները՝ իրենց «ոչ սովետական» ուղղվածության ու ազատ մտածողության պատճառով։ Դրանցից շատերը հատուկ պահվել են թանգարանների պահոցներում։ Շ. Խաչատրյանի կարծիքով, միայն վերջին տասնամյակում է հնարավորություն ստեղծվել Սարյանն ըստ արժանվույն աշխարհին ներկայացնելու։ Փաստորեն, Վարպետը միշտ երազել է Եվրոպայում մեծ ցուցահանդես ունենալ եւ այժմ երազանքն իրականանում է նրա ստեղծագործական սկզբից (1903թ.) միայն 100 տարի անց։ 2000թ. Բորդոյում «Ռուսական սիմվոլիզմ» խորագրի ներքո ցուցադրվել են նաեւ Սարյանի վաղ շրջանի երեք աշխատանքներ։ Գույների պայծառությամբ ու մաքրությամբ դրանք հիացրել են նաեւ ցուցահանդեսին ներկա Պիկասոյի թանգարանի տնօրեն Ժան Լուի Անդրալին ու նա ցանկություն է հայտնել, որ Սարյանի նկարները ցուցադրվեն իրենց թանգարանում։ Այնուհետեւ եկել է Երեւան եւ իր ձեռքով ընտրել Վարպետի ինքնատիպ կտավները։ Տեսնելով Սարյանի՝ 92 տարեկանում արած վերջին նկարը (ուր հեղինակը արեւը պատկերել էր թռչող հրեշտակի՝ նորածնի տեսքով), Անդրալը հղանում է Պիկասոյի թանգարանում բացվելիք ցուցահանդեսի խորագիրը՝ «Ճախրող արեւի երկրում»։ Մի քանի հետաքրքիր զուգադիպություն. Սարյանը եւ Պիկասոն եղել են ժամանակակիցներ։ Երկուսին էլ սկզբում լավ չեն ընդունել ու ընկալել։ Երկուսն էլ ապրել են 92 տարի, երկու նկարիչների գործերն էլ միաժամանակ ցուցադրվել են Բուդապեշտում, երկուսն էլ 92 տարեկանում չեն կորցրել իրենց ստեղծագործելու եռանդը եւ նույնիսկ նկարներ են ստեղծել մահից օրեր առաջ։ Այժմ էլ Սարյանի նկարները ցուցադրվում են Պիկասոյի թանգարանում, որը տարիներ շարունակ վերջինիս արվեստանոցն է եղել։ Անթիբում բացված ցուցահանդեսին մասնակցել են տարբեր երկրների մշակույթի պատասխանատուներ, Անթիբի քաղաքապետ Վիոլետին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը եւ բոլոր այն թանգարանների տնօրենները, որոնք իրենց մոտ պահվող Սարյանի նկարները տրամադրել էին այս ցուցահանդեսին։ Ցավոք, բացակայում էր ՀՀ մշակույթի նախարար Թամար Պողոսյանը, որի հետ Շահեն Խաչատրյանի հանդիպումը մեկնումից առաջ չէր ստացվել. «Դրանք օրեր էին, երբ նախարարներ էին փոխվում։ Իսկ նոր նշանակված նախարարին շատ դժվար էր հանդիպելը։ Բայց վերադառնալուց հետո ես հաշվետվություն եմ ներկայացրել ցուցահանդեսի մասին»։ «Առավոտի» այն հարցին, թե ինչու որեւէ լրատվություն չի տրվել անթիբյան ճոխ ցուցահանդեսի մասին, Շ. Խաչատրյանը պատասխանեց. «Դա իմ գործը չէ։ Ցուցահանդեսի մասին տեղյակ էր մշակույթի նախարարությունը, իսկ ես այդ օրերին շատ զբաղված էի եւ չէի կարող թերթեր վազել»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել