Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական դիմողների թիվը նվազել է

Հուլիս 17,2003 00:00

Բժշկական դիմողների թիվը նվազել է Պատճառը բուհի բարձր վարձավճարն է Երեկ ամփոփվեցին ընդունելության քննությունների դիմում-հայտերը: Երեւան քաղաքում այս տարի ունենք 13696 դիմորդ, որոնց թիվը մոտ 1000-ով ավելի է նախորդ տարիների թվից: Հանրապետության մասշտաբով դիմորդների թիվը պարզ կդառնա այսօր: ԵՊՀ-ն այս տարի ունի 3848 դիմորդ: Այստեղ հեղինակավոր են մնում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ նախատեսված 70 պետպատվերով տեղի դիմաց կա 347 դիմում: Երկրորդը՝ հեղինակության առումով, հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետն է՝ նույնպես 347 դիմումով՝ 40 տեղի դիմաց: Այս բուհում մրցույթը մեծ է նաեւ իրավագիտություն եւ տեսական տնտեսագիտություն մասնագիտությունների գծով ֆակուլտետներում. առաջինում կա 292 դիմում՝ 20 տեղի դիմաց, իսկ վերջինում՝ 259 դիմում՝ 25-ի դիմաց: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ունի 2198 դիմորդ, որոնցից 309-ը (85 տեղի դիմաց) նախընտրել են կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա հեղինակավոր ֆակուլտետը: Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի 1433 դիմորդներից 556-ը դիմել են ֆինանսներ եւ վարկ բլոկի մասնագիտություններով ֆակուլտետներ, որտեղ նախատեսված է ընդամենը 80 տեղ: Դիմորդների թվի մեծությամբ այս տարի աչքի է ընկնում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, եւ հատկապես այս բուհի տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա ֆակուլտետը: Այստեղ կա 374 դիմորդ՝ 23 տեղի դիմաց: Հատկանշական է, որ այս տարի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում, ի տարբերություն նախորդ տարիների (երբ մրցույթը մեծ էր լինում հատկապես բուժական գործ ֆակուլտետում), հեղինակավոր է ստոմատոլոգիայի ֆակուլտետը: Այստեղ 10 տեղի դիմաց կա 108 դիմում: Իսկ բուժականում՝ 98 տեղի դիմաց՝ 396 դիմում: Ի դեպ, բուհում այս տարի դիմորդների թիվը նկատելիորեն նվազել է՝ 630, եւ պատճառը, ըստ համակարգի աշխատակիցների, բարձր վարձավճարն է՝ 1200-1400 դոլար: Ամփոփելով դիմում-հայտերի արդյունքները, Հանրապետական ընդունող հանձնաժողովի անդամ Սասուն Մելիքյանը նշում է, որ հատկապես Ճարտարապետաշինարարական, Ճարտարագիտական համալսարաններ եւ գյուղակադեմիա դիմողների թվի աճը կապված է այս բուհերում վարձավճարների ցածր լինելու հանգամանքի հետ, եւ, բնականաբար, այստեղ դեր ունի նաեւ այն, որ տվյալ մասնագիտությունների նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը: Իսկ տարիներ առաջ, հիշեցնենք, այս բուհերի որոշ ֆակուլտետներ մի տեսակ անտեսված էին, եւ ֆիզմաթ ու բնագիտական մասնագիտությունների գծով մտցվեց հարցազրույցով ընդունելության քննություններ անցկացնելու համակարգը (խոսքը բուհերին կից հենակետային վարժարանների շրջանավարտների համար անցկացվող քննությունների մասին է): «Դա արվեց այն հիմնավորմամբ, որ առավել լավ երեխաները ավելի մեծ հնարավորություններ ունենան եւ նաեւ այն պատճառով, որ ֆիզմաթ եւ բնագիտական առարկաները, այսպես ասած, ուշադրության կենտրոնում մնան»,- ասում է Ս. Մելիքյանը: Եվ համակարգն, ըստ նրա, իրեն արդարացրեց: Այնքան արդարացրեց, որ կարելի է արդեն հարցազրույցով ընդունելությունը դադարեցնել: Նշենք, որ արդեն ավարտվել են հարցազրույցով ընդունելության քննությունները, ինչի արդյունքում պետպատվերը հիմնականում կատարվել է, իսկ վճարովի տեղերի մի մասը թափուր է մնացել: Հարցազրույց է անցկացվել ԵՊՀ-ում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ իր Գյումրի, Կապան, Վանաձոր մասնաճյուղերով, Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանում, Մանկավարժական համալսարանում, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, Գյումրիի եւ Վանաձորի Մանկավարժական ինստիտուտներում: Արդյունքում ԵՊՀ-ի 91 պետպատվերով տեղերից լրացվել է 82-ը: ԵՃՇՀ-ի եւ ՀՊՃՀ-ի, ինչպես նաեւ Մանկավարժական համալսարանի պետպատվերով տեղերն ամբողջությամբ լրացվել են: Գյուղակադեմիայում թափուր է մնացել պետպատվերով 9 տեղ: Ընդհանուր առմամբ քիչ է լրացվել վճարովի համակարգը: Օրինակ, Ճարտարագիտական համալսարանում 187 տեղերից լրացվել է միայն 57-ը, ԵՊՀ-ում՝ 82-ից 21-ը, Ճարտարապետաշինարարականում՝ 43-ից 39-ը: Այս թափուր տեղերը հաշվիչ կենտրոնը տրամադրելու է կենտրոնացված մրցույթին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Դիմորդների եւ նրանց ծնողների նախաքննական սպասելիքների ու տրամադրությունների մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել