Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿՆԱԿԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հուլիս 17,2003 00:00

ԿՐԿՆԱԿԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի միջնորդությամբ։ Նա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից պահանջեց 2003թ. հունվար-հուլիսին իր անձնական գործին կցված փաստաթղթերը եւ հայտնեց, որ «հրապարակելու է որոշակի նյութեր», որը կներկայացնի իր անձնական գործը հետազոտելուց հետո։ Նախագահող Սամվել Ուզունյանը հայտնեց, որ այն կտրամադրվի մեկուսարանում։ Փաստաբան Օլեգ Յունոշեւը բացարկ հայտնեց այս գործով օրերս ներգրավված թվով 5-րդ մեղադրողին՝ Կորյուն Փիլոյանին։ Փաստաբանը ուշադրություն հրավիրեց մեղադրողի այն մտադրության վրա, որով հայտնել էր, թե պատրաստվում է վկաների «բեռնաթափում»։ Փաստաբանը սա գնահատեց «դատաքննությունը ձախողելու միտված քայլ», ոչ լիարժեք դատավարության արդյունքում այն չեղյալ համարելու հիմք։ Նա ասաց, որ մեղադրողը իրեն վերագրել է լրացուցիչ լիազորություններ (ակնարկեց՝ դատարանի), ասաց, որ ապացույցները հետազոտելու լիիրավ հնարավորություններից զրկում է դատավարության մյուս մասնակիցներին եւ այն վերածելու է դատավարությունը ֆարսի։ Յունոշեւը հայտնեց նաեւ տուժողների մտադրության մասին, այն է՝ դատաքննության որոշակի փուլում իբրեւ լրացուցիչ վկաներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին դատակոչելու վերաբերյալ։ Նա միջնորդեց հետաձգել դատական նիստը, մինչեւ կորոշվի մեղադրողին բացարկ հայտնելու հարցը։ Այնքան խճճված էր բացարկի ենթատեքստը, որ նախագահողը փորձեց ճշտում մտցնել. «Սա միջնորդություն է դատաքննությունը հետաձգելո՞ւ, թե՞ բացարկ է Փիլոյանի նկատմամբ, որը պետք է որոշի դատարանը»։ Դատարան բառը շեշտվեց այն պատճառով, որ փաստաբան Յունոշեւը շարունակ պնդում էր, որ բացարկը պետք է ընդունվի գլխավոր դատախազի կողմից։ Բացարկի քննարկման պահին մեղադրողներից դատարանում ներկա էին երկուսը՝ գլխավոր դատախազությունից Գագիկ Ավետիսյանը եւ Կորյուն Փիլոյանը։ Երեք մեղադրողները՝ զինդատախազներ Անահիտ Եղիազարյանը, Հակոբ Մարտիրոսյանը եւ Արմեն Հարությունյանը այդ պահին ներկա չէին եւ դատարան մտան 45 րոպե ուշացումով։ Հնարավոր է երկու հակասություն. 1) գլխավոր դատախազության եւ զինդատախազության մեղադրողների միջեւ եւ 2) տուժողի իրավահաջորդների եւ մեղադրողների գործունեության միջեւ։ Կարեն Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը համաձայն չէր վկաների «բեռնաթափման» հետ եւ երեկ ասաց, որ մեղադրողը մասնակցել է Մուշեղ Սաղաթելյանի գործով նույնպես եւ ինքը անելու է միջնորդություն, երբ ստանա այդ գործով մեղադրական եզրակացությունը։ Մեկ այլ մեղադրող՝ Գագիկ Ավետիսյանը, եւ ամբաստանյալ Վռամ Գալստյանի պաշտպան (ուշադրություն դարձրեք, երկու տարբեր կողմերի՝ տուժողի եւ պաշտպանական կողմի ներկայացուցիչներ են) Արարատ Բագրատունին բացարկը դիտեցին իբրեւ դատավարությունը ձգձգելու փորձ։ Բացարկը չընդունվեց եւ արդյունքում երեկ Կորյուն Փիլոյանը հարցաքննեց դատակոչված վկա, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Միշա Մանուչարյանին։ Վերջինս 1977-ից ոստիկանությունում է, 1997-ից Ազգային ժողովի պահպանությունն իրականացնողներից մեկն է։ Նա ժխտեց այն ցուցմունքները, թե իբր ինքն ասել է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իր գտնվելու մասին չասեն։ Նա ասաց, որ ԱԺ կարմիր նախասրահում նստած զրուցել է ոստիկան Անդրանիկ Դարբինյանի հետ (մինչդեռ Ա. Դարբինյանն ասաց՝ «կանգնած էին սյան մոտ»), երբ կրակոցները հնչել են, վազել են երկուսով առաջին հարկ։ Այդ ժամանակ վաշտի հրամանատար Գագիկ Հակոբյանը արդեն բաժանել էր զենքերը, ինքը վազել էր շենքից դուրս՝ փորձելով իմանալ, թե պահակակետերում որեւէ դեպք եղե՞լ է։ Դիտել է ԱԺ-ի պատուհանները, թե արդյո՞ք այնտեղից փախչողներ կային, դիտել «փախուստի հնարավոր մուտքերը»։ Այս վկան նախաքննության ժամանակ ասել էր, որ կրակոցներից առաջ կարմիր նախասրահում տեսել է Արմենակ Արմենակյանին, նիստերի դահլիճի 3-րդ դռան մոտ՝ Ռազմիկ Մարտիրոսյանին, որը զրուցելիս է եղել անծանոթ երկու անձանց հետ։ Դատարանում նույնը չասաց։ Երբ մեղադրող Կորյուն Փիլոյանը պահանջեց, որ նկարագրի անծանոթներին, երկու անծանոթ մարդիկ ստացվեցին բոյով, ճաղատ։ Այս վկան նախաքննական ցուցմունքում նշել էր, որ ԱԺ-ի թիկնապահների հեռացումը հրահրվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Տիգրան Բալայանի կողմից։ Ավելին, ցուցմունք էր տվել. «Երբեմն հրահանգից դուրս Տիգրան Բալայանը թույլատրել է այլ կարգի թերություններ, բթացրել է անձնակազմի զգոնությունը։ Օրինակ, նախօրոք տրվել են տարածք մտնող մեքենաների ցուցակ, սակայն երբեմն նրա հրահանգով տարածք է մտել այս կամ այն պատգամավորի կամ նախարարի մեքենան, կամ ժամանակին չեն հսկել, որ բոլոր աշխատողների անցագրերը չեն փոխվել, կամ մեկ անցագրով 2 անձ մտնեն շենք»։ Տարօրինակ է, որ Կորյուն Փիլոյանը այս կապակցությամբ որեւէ հարց չուղղեց Միշա Մանուչարյանին։ Այսօր դատարան կներկայանա վկա, լրագրող Նարինե Դիլբարյանը եւ ոստիկաններ Անդրանիկ Դարբինյանի, Ավետիս Թաշճյանի եւ Միշա Մանուչարյանի միջեւ առերեսում կարվի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել