Լրահոս
Օրվա լրահոսը

Ձրի վկայական՝ քաշքշուկով

Հուլիս 17,2003 00:00

Ձրի վկայական՝ քաշքշուկով Օգոստոսի 5-ին ավարտվելու է սեփականության վկայականի անվճար ստանալու գործընթացը: Այս օրերին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մայրաքաղաքային ստորաբաժանումներում խուճապային իրարանցում է։ Երեւանցիները, հայկական հին սովորությամբ, ամեն ինչ թողնում են վերջին պահին, ձգտում են տեղավորվել մինչեւ օգոստոսի 5-ը նախանշված ժամկետում եւ ստանալ անվճար տրամադրվող սեփականության իրավունքի վկայականներ։ Հետո կլինի վճարովի: Կառավարությունը դրա մասին զգուշացրել էր հունվարից, բայց մայրաքաղաքի բնակիչները մինչեւ վերջին շաբաթները ակտիվություն չէին ցուցաբերում։ Իսկ հիմա ժամանակը չի սպասում եւ նրանցից ոչ մեկն էլ՝ վճարունակ, թե անվճարունակ, ցանկություն չունի այսօր ձրի տրվող վկայականը ստանալ ավելի ուշ ու հանգիստ պայմաններում, բայց՝ վճարովի։ Ուստի կարելի է պատկերացնել մարդկանց կուտակումները ստորաբաժանումներում, երեւանյան շոգ ու կրակին, ոտքի վրա իրար սեղմված հերթի մեջ։ Շատերը հերթ են պահում շենքի բոլոր ծանոթների համար, մյուսները՝ ծանոթներ փնտրում դիմումների ընդունման բաժնում։ Մայրաքաղաքի Էրեբունու ստորաբաժանումն ամենածանրաբեռնվածներից է։ Դիմումների ընդունման բաժինը փոքր է, գրանցման աշխատանքին կցված է մի երիտասարդ աղջիկ։ Այցելուները դժգոհում էին երկար սպասելուց։ Սպասասրահում աթոռներ չկային, ինչով լիովին ապահովված է, ասենք, Շենգավիթի ստորաբաժանման տարածքը։ Ճիշտ է, դիմումներն ընդունողն աշխատում էր նաեւ ընդմիջման ժամին։ Ասացին, որ ստորաբաժանումն աշխատում է նաեւ շաբաթ-կիրակի օրերին եւ ամեն օր՝ մինչեւ ուշ երեկո, բայց քաղաքացիների դժգոհությունն ու հրմշտոցը դրանից չի պակասում։ «3 ժամ հերթ եմ կանգնել, որ ասի՝ էս թուղթը պակաս է, գնա՝ բեր, բա սա խի՞ղճ ա»,- բողոքում էր մի տարեց մարդ։ Պատին փակցված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն, ըստ նրա, քիչ է, «պետք է մի մարդ դնեն, որ ասի՝ ինչն ա ավել-պակաս»։ «Չենք կարող, մենք աշխատում ենք մեր անձնակազմով, հանուն մեր քաղաքացիների՝ գերծանրաբեռնված, բայց լրացուցիչ հաստիք չենք կարող բացել»,- մեր միջոցով հասցրած բողոքին պատասխանեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը։ Նրա ասելով, «քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից ազատելու համար ամեն ինչ արել ենք՝ գործում է մեկ պատուհանով աշխատելու սկզբունքը, բոլոր անհրաժեշտ հրահանգներն ու խորհուրդները կպցրած են պատերին, բնակիչների ցուցակները՝ նույնպես, բոլոր ստորաբաժանումներում առկա է բողոքի արկղեր»։ Իսկ ինչի՞ց են բողոքում։ «Պահանջվող փաստաթղթերի առատությունից, ինչն օրենքների չիմացությունից է գալիս, բայց ավելի լավ է մի անգամ մենք էլ, քաղաքացիներն էլ չարչարվենք եւ ստեղծենք անշարժ գույքի տեղեկատվական հիմնավոր բազա, որ հետո բոլորի համար էլ հեշտ լինի»,- պատասխանեց Ա. Մուսայանը։ Ընդհանրապես, 1998 թվականին կառավարության թիվ 867 որոշմամբ սկսված սեփականության իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները նախատեսված է ավարտել 2005 թվականին։ Գործընթացը պետք է կատարվեր դեռեւս բնակարանների անհատույց սեփականաշնորհման ժամանակ՝ 1993 թվականին։ Բայց այն ժամանակ պետբյուջեն գումար չուներ, իսկ քաղաքացիներն էլ չէին շտապում դրա համար գումար տրամադրել։ Սեփականության վկայականները նորացվում էին միայն բնակարանների առուծախի ժամանակ։ Միջազգային դրամաշնորհներով սկսված գործընթացը հարմար առիթ է գործը հիմնավորապես ավարտելու համար, բայց, ստացվում է՝ շատերի առողջության գնով։ Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել