Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂՈՎ ՏՐԱՄՎԱՅ Է ԱՆՑԵԼ

Հուլիս 17,2003 00:00

ԱՅՍՏԵՂՈՎ ՏՐԱՄՎԱՅ Է ԱՆՑԵԼ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը գտնում է, որ թիվ 7 տրամվայի ուղեգծերը «հավաքելուց» հետո թիվ միայնակ մնացած 5 տրամվայը (Զեյթուն Չարբախ) դարձել է «առավել հուսալի եւ գրավիչ ուղեգիծ»։ Հիմնավորումը. «Նախկինում վագոնները երթեւեկում էին մոտ 10 րոպե ընդմիջումով, իսկ 7 համարից դուրս մնացած վագոններով համալրվելուց հետո, այդ ժամանակը կրճատվել է զգալի չափով, ուղեւորներն էլ սիրով օգտվում են այդ փոխադրամիջոցից»։ Ի դեպ, վերջերս 7-րդ ուղեգծի (այժմ՝ 5-րդ) վագոնավարներից մեկը տեղեկացրեց, որ «5-ի գիծն առաջ էր լավ, երբ 17-18 վագոն էր դուրս գալիս, հիմա դարձել ենք 25 ու էստեղ էլ եկամուտն էնքան ա, ինչքան 7-ում էր»։ Թե ինչով էր ավելորդ դարձել թիվ 7 ուղեգիծը, քաղաքապետարանի պաշտոնյաներն արդեն տեղեկացրել են՝ այդ ուղղությամբ, այն է՝ Զեյթուն-Էրեբունի, աշխատում է նաեւ ավտոբուս (թիվ 1)։ Դա՝ անվճարունակների համար։ Այլ պատճառաբանություններով՝ «գծերը մաշված էին, ուղեւորների նստեցումն ու իջեցումը փողոցի մեջտեղում վտանգավոր էր» եւ այլն։ Բայց այս «սպառնալիքները» կախված են նաեւ տրամվայի վերջին՝ 5-րդ երթուղագծի գլխին։ Եվ նույն հիմնավորումներով պետք է որ տրամվայը դուրս գար մայրաքաղաքային փոխադրամիջոցների ցանկից։ «Չգիտեմ, ես գուշակություն չեմ կարող անել՝ կմնա՞ տրամվայի երթուղագիծը, ինչքա՞ն կմնա»,- խնդրից անտեղյակ էր Ա. Բարսեղյանը։ Իսկ Լինսի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը վստահեցրեց, որ «5 համարը հաստատ կմնա, քանի որ տրամվայն արվարձանների համար արդարացված փոխադրամիջոց է, բացի այդ՝ 5 համարը մի քանի շուկա է կապում իրար հետ եւ ուղեւորի պակաս չի ունենա»։ Այսպիսով, ռելսերի մաշվածությունն ու ուղեւորների անվտանգության ապահովումն այնքան էլ էական դեր չեն խաղացել վերջին տարիներին սկսված Երեւանի «տրամվայաթափության» հարցում։ Գլխավոր պատճառը նշեց «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ձեռնարկության տնօրեն Հարություն Երեմյանը՝ «Էլեկտրատրանսպորտը քանի կա, մենք տուժած ենք»։ Ուրեմն ավելի լավ է գծերից ազատված փողոցներով երթուղային տաքսու մի գիծ էլ ավելացնել, որից շահում են վարորդն էլ, գծի տերն էլ, պետական պաշտոնյան եւ ոստիկանն էլ։ Ինչ վերաբերում է ռելսերից ազատված փողոցների ցանկին ու վիճակին, ապա այստեղ խառնաշփոթ խայտաբղետություն է։ Այն փողոցները, որոնց վերանորոգումը նախատեսված է Լինսի հիմնադրամով՝ «կռելսազերծվեն», իսկ մնացածը կպահպանեն երկաթյա գծերը՝ որպես հին օրերից «հիշատակ»։ Ըստ այդմ, մետաղի գոտիով զարդարված կմնա «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Էրեբունի զանգված ճանապարհը, ինչպես նաեւ՝ Պռոշյան փողոցն ամբողջությամբ, մինչեւ Լեոյի փողոցի հատույթը։ Ա. Բարսեղյանի ունեցած տվյալներով, գծերից կազատվի եւ կվերանորոգվի միայն Պռոշյան փողոցից 100 մետր երկարությամբ հատված (Բաղրամյան պողոտայից սկսած), այն էլ՝ «հեղեղատարը, թե կոյուղատարը փոխելու նպատակով»։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, երբ անորոշ ժամանակով փակվեր «խորովածարանային» փողոցը։ Այսպիսով, դեռ երկար ժամանակ մայրաքաղաքի կենտրոնի մի հատվածը կհիշեցնի, որ «այստեղով անցել է տրամվայը»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ Երեւանի քաղաքապետարանից ստացանք հետեւյալ տեղեկատվությունը։ Հուլիսի 17-ից Բաղրամյան պողոտայի Բաղրամյան-Պռոշյան հատվածում Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող վերակառուցման աշխատանքների նպատակով տրանսպորտային երթեւեկության դադարեցման վերաբերյալ հայտնում ենք, որ այդ փողոցում այսօրվանից կիրականացվի միակողմանի երթեւեկություն։ Այսինքն, տրանսպորտային միջոցները բարձրացող ուղղությամբ կշարունակեն երթեւեկել, իսկ վայրէջքը կիրականացվի այլ ճանապարհներով։ Միկրոավտոբուսային երթուղիների այլընտրանքային ճանապարհները երկուսն են՝ Կոմիտասի փողոցից Ազատության պողոտայով դեպի հիմնական ուղեգիծ՝ քաղաքի կենտրոն կշարժվեն թիվ 8, 26, 49, 61, 85ա եւ 100 միկրոավտոբուսները։ Մնացածները կընթանան երկրորդ ճանապարհով՝ Լենինգրադյան փողոցից «Հրազդան» մարզադաշտ, ապա քաղաքի կենտրոն՝ Մաշտոցի պողոտայով կամ Սարյան փողոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել