Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ԼԱՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Հուլիս 17,2003 00:00

«Ա1+»-Ը ԼԱՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանին, որը համարվում է «Արմենակոբ» հեռուստաընկերության հիմնադիրը՝ հարցրինք. «Արմենակոբը» 2002-ին միացավ այն հայտարարությանը, որով ազդարարվեց, թե «Ա1+»-ի եթերազրկումով չի վտանգվել խոսքի ազատությունը: Եթե հուլիսի 18-ին ՀՌԱՀ-ը հանկարծ եւ արտոնագրից զրկի «Արմենակոբին»՝ էլի՞ նման հայտարարություն կանեն: «Հարցի պատասխանը շատ կարճ է՝ ես կապ չունեմ այդ հեռուստաընկերության հետ»,- պատասխանեց պրն Ամիրյանը: Նույն հարցն ուղղեցինք նաեւ հայտարարությունը ստորագրած մեկ այլ հեռուստաընկերության՝ «Երեւանի» փոխտնօրեն Ռուդիկ Բարսեղյանին: «Ես «Երեւան» եմ եկել 2001-ի աշնանը եւ իմ նախորդների կատարած քայլերի համար պատասխաններ չեմ կարող տալ,- ասաց նա: Այնուամենայնիվ՝ հետաքրքրվեցինք, եթե կապուղուց զրկվելու «ուղտն» իրենց դռանն էլ չոքի, կհամարեն, թե խոսքի ազատությունը չտուժե՞ց դրանից: «Չեմ կարծում, թե Հայաստանում խոսքի ազատության սահմանափակում կա»,- պատասխանեց պրն Բարսեղյանը ու քիչ անց հավելեց, թե չկան նաեւ քաղաքականապես անկողմնակալ լրատվամիջոցներ: Նրանից հարցրինք նաեւ, թե ինչու քառամյա պատմություն ունեցող «Երեւանը» չունի սեփական լրատվական ծրագիրը, որը յուրաքանչյուր հեռուստաընկերության դեմքն է: «Բոլորովին այլ նպատակներ ենք հետապնդել, հիմնականում՝ կրթամշակութային եւ մարզական – պատասխանեց պրն Բարսեղյանը:- Հիմա զգում եմ, որ անհրաժեշտություն է առաջացել նաեւ ունենալու լրատվական ծրագիր: Բայց դեռ փնտրտուքի մեջ ենք՝ որոնում ենք մատուցման յուրովի ձեւ»: Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ «Երեւանը» նախագահի ընտրության ժամանակ քաղաքական գովազդի համար եթերաժամանակ չէր վաճառում, իսկ ԱԺ ընտրություններում վերանայեց այդ որոշումը. «Մենք ընդգծված քաղաքական հոսանքի չենք հարում, ուստի եւ չմասնակցեցինք քաղաքական պայքարին: Իսկ ԱԺ ընտրություններում էլ մասնակցեցինք շատ մասնավոր դեպքերում»: «Երեւանը» վնասով աշխատող ընկերությունների ցանկում ներգրավված լինելու առնչությամբ Ռուդիկ Բարսեղյանի պարզաբանումն էր. «Կարծում եմ՝ քանի մեր երկրի տնտեսությունը չի հզորացել՝ բոլոր հեռուստաընկերություններն էլ կաշխատեն վնասով»: Հիշեցմանը, թե «Ա1+»-ը եւ «Արմենիան» ընդգրկված չեն Հարկային ծառայության այդ ցուցակում՝ պրն Բարսեղյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն իրենք շա՜տ լավ են աշխատել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել