Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ

Հուլիս 17,2003 00:00

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԴԱՇՆԱԿԻՑԸ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակում է ետ մնալ գերակա ուղղություններից: Այդ մասին ռուսաստանյան «Կրասնայա Զվեզդա» թերթում երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Գնահատելով ռազմական ոլորտում ռուս-հայկական համագործակցության ներկայիս մակարդակը՝ նախարարը նշել է, որ ստեղծվել է համատեղ զորային խմբավորում, մշակվել երկու պետություններին սպառնացող վտանգի դեպքում զորքերի կիրառման համատեղ պլան. «Այդ ամենը միասին շատ ավելին է, քան պարզապես դաշնակիցների հարաբերությունները»: Այնուամենայնիվ, ըստ նրա՝ բոլոր մակարդակի փոխհարաբերություններում միշտ էլ մնում են չօգտագործված պահուստներ: Նա նշել է, որ հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ ժամանակակից պայմաններում անհնար է ստանալ որեւէ բան անվճար, անվարձահատույց: Բայց, մյուս կողմից Ռուսաստանը պետք է հասկանա, որ դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերությունները պետք է կառուցվեն հատուկ պայմաններով: Դրա համար էլ դրանք դաշնակից հարաբերություններ են: Այսպես օրինակ, եթե Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում որեւէ սպառազինություն նույն գներով, ինչպես եւ մնացածները, բնականաբար հարց է առաջանում այդ միության արդյունավետության մասին: Ռուսաստանի չափանիշներով՝ հայկական բանակը պարզապես եւս մեկ ծավալուն զորային միավորում է, եւ Ռուսաստանի համար լուրջ բարդություն չի ներկայացնի վերջինիս պատշաճ ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելը: Ի դեպ, նա նաեւ հայտնել է, որ այժմ Հայաստանի զինված ուժերի թվակազմը 43 հազար է: Ըստ ԱՐՄԻՆՖՈՅԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել