Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպլիմենտարիզմը չի տուժի

Հուլիս 17,2003 00:00

Կոմպլիմենտարիզմը չի տուժի Խոստանում է «Նոյյան տապանի» ղեկավար Տիգրան Հարությունյանը – Ինչպե՞ս եք գնահատում «ՆՏ»-ի մրցակցի՝ CNN-ը վերահեռարձակող «ԷՎ» ընկերության ծրագիրը: – Մրցակցի ծրագիրը, փաստորեն, հիմնականում CNN-ի մասին պատմող նախագիծ էր: Բնական եմ համարում՝ հեռուստաընկերությունը, որը պատրաստվում է վերահեռարձակել՝ պիտի ներկայացնի այն, ինչ վերահեռարձակելու է: – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ օտար լեզվով 2003-ին կարող են հեռարձակվել միայն 6 ժամ հաղորդումներ, 2004-ին՝ 3 ժամ, իսկ հետագա տարիներին պիտի ապահովվի հաղորդումների համաժամանակյա թարգմանություն: Սակայն «ԷՎ»-ը ոչ միայն այժմ է խախտում օրենքը, այլ անգամ մրցութային առաջարկում չկար համաժամանակյա թարգմանություն ապահովելու խոստում: – Համաձայն եմ: Բայց ինչպես գիտեք՝ դա օրենքի միակ դրույթը չէ, որ խախտվում է այս ընթացքում: Խնդիրն այն է, որ ես չգիտեմ այն չափանիշները, որոնց հիման վրա Ազգային հանձնաժողովը կատարում է արտոնագրատիրոջ ընտրությունը, ուստի որեւէ կերպ չեմ կարող գնահատել մեր շանսերը: Ես գիտեմ օրենքի 4 չափանիշները, որոնք փորձել ենք բավարարել առավելագույնս: Իմ կարծիքով՝ մեր ծրագիրն ավելի շահեկան է, քանի որ առաջարկում ենք ոչ միայն 8 ժամ սեփական հաղորդումներ, այլ լրատվական ալիքների 16 ժամ վերահեռարձակում, որոնցից 8 ժամվա ընթացքում ապահովելու ենք հայերեն համաժամանակյա թարգմանություն: Դա ավելի մատչելի կդարձնի տվյալ հաղորդումները մեր հեռուստադիտողների համար: – Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումների վերահեռարձակումը Հայաստանում կարող է կազմել առկա հաճախությունների1/5-ից ոչ ավելին: Դեցիմետրային 15 կապուղիներից 5-ով արդեն իսկ ամբողջովին վերահեռարձակվում են MTV-ն, Myz-TV-ն, HTB-ն, «ԵվրոՆյուզը» եւ CNN-ը՝ սա նույնպես ակնհայտ օրինախախտում չէ՞: – Չեմ կարծում: Խնդիրն այն է, որ առայժմ պարզ չէ, թե Ձեր թվարկածներն ի՞նչ կարգավիճակ ունեն: HTB-ն եւ «ԵվրոՆյուզն» առայժմ աշխատում են առանց արտոնագրի: Իսկ MTV-ի, Myz-TV-ի եւ CNN-ի արտոնագիր ստանալը պարզ կլինի հուլիսի 18-ին: Պարզ է, որ եթե այդ բոլոր հեռուստաընկերությունները շարունակեն վերահեռարձակվել՝ կառաջանա այդ կազուսը: – «Արմենիան» բավական խանդով է վերաբերվում, երբ ինչ-որ մեկը խոսում է CNN-ի հետ համագործակցության մասին՝ նշելով, թե իրենք բացառիկ պայմանագիր ունեն այդ հեռուստաընկերության հետ: Սակայն «ՆՏ»-ի մրցութային հայտը ներկայացնելիս ասացիք, թե վերահեռարձակման բանակցություններ եք վարում ի շարս այլոց՝ նաեւ CNN-ի հետ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել շրջանցել «բացառիկ» պայմանագիրը; – Մի քանի հեռուստաընկերությունների հետ, որոնց հետ բանակցություններ ենք վարում՝ պայմանագրերը կցված են մեր մրցութային առաջարկին, որոնցով նրանք տալիս են վերահեռարձակման իրավունք: Մի քանի այլ հեռուստաընկերություններ՝ այդ թվում եւ CNN-ը, վերահեռարձակման բանակցություններն ուղղակիորեն պայմանավորել են արտոնագիր ունենալու հանգամանքով: Այնպես որ՝ չեմ կարծում, թե պիտի առանձնակի բարդ լինեն այդ բանակցությունները: Չեմ ուզում նսեմացնել ինչ-որ մեկի աշխատանքը, բայց պայմանագրերը կնքվում են ոչ թե «սիրուն աչքերի» համար, այլ՝ ըստ փոխշահավետության: Եվ չեմ կարծում, թե «Նոյյան տապանը» հեռուստատեսային շուկայում ավելի փոքր տեղ ունի, քան «ԷՎ»-ը: Այսինքն՝ դա այդքան բարդ գործողություն չէ, որքան ներկայացվում է: – 16 ժամվա ընթացքում պատրաստվում եք վերահեռարձակել մե՞կ հեռուստաընկերության հաղորդումներ, թե՞ մի քանիսինը: – Գուցե թե կազմակերպենք որոշ հեռուստաընկերությունների լավագույն հաղորդումների ընտրանի, եւ ավելի լավ ծրագիր կներկայացնենք մեր հեռուստադիտողին, քան առանձին հեռուստաընկերության վերահեռարձակման պարագայում: Մենք ունենք տարբեր հնարավորություններ, որոնց մասին գրել ենք մրցութային առաջարկում: Վերջնական որոշումը, թե ինչ ձեւով կկատարենք վերահեռարձակումը՝ կկայացնենք այն ժամանակ, երբ կստանանք արտոնագիր: – Կանխատեսում կա, թե ձգտելով «կոմպլեմենտարիզմ» պահպանել բոլոր ոլորտներում՝ CNN-ին անպայման կտրամադրեն կապուղի, որպեսզի հավասարակշռություն ապահովեն վերահեռարձակվող ռուսական ալիքների հետ: – Այդ փաստարկն այնքան էլ ուժեղ չեմ համարում: Նախ՝ հնարավոր է, որ 16 ժամվա ընթացքում շարունակվի վերահեռարձակվել հենց CNN-ը: Բացի այդ՝ արեւմտյան են բոլոր մյուս հեռուստաընկերությունները եւս, որոնց հետ ունենք պայմանագրեր: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել