Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՉԷ

Հուլիս 17,2003 00:00

«Ա1+»-Ի ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՉԷ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը վստահ է, որ հեռուստաընկերությունը եթերազրկումից հետո էլ չի կորցրել իր հեռուստադիտողներին: Մրցութային առաջարկը ներկայացնելիս՝ «Ա1+»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ հեռուստաընկերությունը վնասով չի աշխատել նաեւ անցած տարվա ընթացքում, երբ զրկվել էր հեռարձակման հնարավորությունից: Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է դա հաջողվել «Ա1+»-ին՝ այն պայմաններում, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները վնասով աշխատողների ցանկում են: Ի պատասխան «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասաց, թե հեռուստաընկերությունները երբեք չեն կրում վնասներ, ուղղակի կարող են ունենալ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների սղություն. «Իսկ եթե իրոք վնասներ են կրում, ուրեմն պիտի փակվեն՝ իրավունք չունեն աշխատել»: Բացահայտեց, թե ինչպես է իր հեռուստաընկերությանը հաջողվել նաեւ 2002-2003-ին գործունեությունն այնպես կազմակերպել, որ չկրի նման վնասներ. «Եթերից զրկվելուց հետո այս 1,5 տարվա ընթացքում «Ա1+»-ը շարունակել է անընդհատ աշխատել: Թվարկեմ, թե ինչ ենք արել. ավելի լրջորեն ենք զբաղվել «Համասփյուռի» խնդիրներով՝ այդ ցանցն ապահովելով 6 ժամյա ծրագրով: Կարող եմ վստահ ասել, որ մարզերում բավական բարձրացել է «Համասփյուռի» բոլոր կայանների վարկանիշը: Չի դադարել աշխատել նաեւ «Այբ-ֆե» լրատվական գործակալությունը, որն աշխատում էր ինչպես «Համասփյուռի», այնպես էլ արտերկրի մեր գործընկերների, օրինակ՝ «Ասոշիեյթիդ փրեսի», PTP-ի, TB-6-ի համար, երբ այն դեռ եթերում էր: Գործակցություն կա նաեւ BBC-ի եւ հոլանդական հեռուստաընկերությունների հետ, բայց այս դեպքում աշխատանքն այնքան էլ ինտենսիվ չէ»: Մեսրոպ Մովսեսյանն առանձնացրեց «Մելտեքս» ընկերության հեռուստալրագրության բարձրագույն դասընթացները, որոնց նկատմամբ մոտեցումն, ըստ նրա՝ առավել բծախնդիր է դարձել, լրջացել՝ մանավանդ հեռուստաոլորտում առկա «գավառական, ճնշող մթնոլորտի ներկա պայմաններում, որը հարկավոր է հաղթահարել եւ դա, իմ կարծիքով, պետք է անի հեռուստալրագրողների նոր սերունդը»: Ի դեպ, այս դասընթացները 1996-ին հիմնադրվեցին «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ եւ գործում էին անվճար (այժմ դրանք ինքնաֆինանսավորվող են): Ըստ որոշ տեղեկությունների՝ հուլիսի 21-ին Տնտեսական դատարանում հերքման պահանջով դատը շահելու համար՝ «Արմենիայի» ներկայացուցիչները տեղեկանքներ են հավաքում տարբեր հիմնադրամներից, որպեսզի ապացուցեն, թե «Ա1+»-ը դրամաշնորհներ է ստացել եւ չի զարգացել: «Ա1+»-ը երբեք չի ստացել դրամաշնորհ,- ասաց պրն Մովսեսյանը:- Դրամաշնորհ ստացել են այս դասընթացները եւ «Համասփյուռը»՝ զարգացման համար: Եվ այն իրոք զարգացել է՝ ունի արբանյակային կապ, տեխնիկա, լրատվություն է արտադրում եւ ստանում»: Նշենք նաեւ, որ «Համասփյուռն» իրավաբանական առանձին մարմին է: Սակայն դառնանք կապուղիների մրցույթին: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս էր ստացվել, որ 2002-ի մրցույթին «Ա1+»-ը ներկայացել էր 2,4 մլն դոլարի ներդրումների առաջարկով, իսկ 2003-ին՝ «Արմենիայի» հետ մրցակցելիս խոստանում էր արդեն 5 մլն դոլարի ներդրումներ, ի՞նչ էր տեղի ունեցել այդ ամիսների ընթացքում, որ հնարավոր էր դարձել բազմապատկել խոստումները: «Արմենիայի» մրցույթի ժամանակ բիզնեսի ոլորտում մեր կապերն ավելի էին ընդլայնվել, եւ առավել ամրապնդվել հարաբերությունները համախոհների, մեր գործընկեր բիզնեսմենների հետ: Ուստի եւ ավելի էին շատացել փոխշահավետ առաջարկները»,- պատասխանեց պրն Մովսեսյանը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Պողոսյանն «Այբ-ֆե»-ին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, թե «Ա1+»-ն արդեն կորցրել է իր հեռուստադիտողներին եւ հետեւյալ համեմատությունն արել, թե հեռուստադիտողը պառաված օրիորդ չէ, որ նստի եւ սպասի: Մեսրոպ Մովսեսյանից հետաքրքրվեցինք, թե համաձա՞յն է, որ եթերազրկման հետեւանքով «Ա1+»-ն իրոք ունեցավ այդ կորուստը. «Հեռուստադիտողը ոչ մի տեղ չի կորչում՝ մնում է նստած հեռուստաէկրանի առջեւ: Կարեւորն այն է, թե ի՛նչ է տրվում հեռուստադիտողներին: Երբ «Ա1+»-ը նոր էր եթեր մտել՝ կային ռուսական մի շարք ալիքներ, որոնք շատ պոպուլյար էին Հայաստանում եւ ավելի շատ դրանք էին նայում, քան մեր տեղական հեռուստաալիքները: Գործնականում ապացուցվեց, որ ընդամենը 2-3 ամիս է հարկավոր լսարան նվաճելու համար»: Իսկ մեր դիտարկմանը, թե անցած 1,5 տարում այնուամենայնիվ, փորձեցին զբաղեցնել այն տեղը, որ զբաղեցնում էր «Ա1+»-ը՝ նույն ոճի լրատվությամբ, վերլուծական ծրագրերով եւ այլն՝ պրն Մովսեսյանն այսպես արձագանքեց. «Ա1+»-ի տեղը մնում է «Ա1+»-ինը: Իսկ թե որքանով հաջողվեց զբաղեցնել այդ տեղը՝ ցույց տվեց ընտրությունների լուսաբանումը»: 2002-ի ապրիլի 2-ին Ազգային հանձնաժողովի որոշումից դեռ 3 ամիս առաջ էր հայտնի, որ «Ա1+»-ին զրկելու են կապուղուց: Հետաքրքրվեցինք, թե այժմ կա՞ն տեղեկություններ՝ հնարավո՞ր է, որ հուլիսի 18-ին հեռուստաընկերությունը վերագտնի եթերը. «Ներքին համոզմունքս է, որ մենք շահել ենք: Մենք շահել էինք նաեւ 2002-ի ապրիլի 2-ին: Իսկ թե այժմ ինչ որոշում կկայացնեն՝ իրենց խնդիրն է»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել