Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱ՞Խ

Հուլիս 17,2003 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱ՞Խ Քաղծառայողի պաշտպանվածության մասին է խոսում խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Կոալիցիոն կառավարության ստեղծմամբ երկրում 13 գերատեսչության ղեկավար փոխվեց, իսկ մենք գիտենք, թե սովորաբար ի՞նչ է տեղի ունենում, երբ ղեկավար բարձրաստիճան պաշտոնյա է փոխվում (այս դեպքում՝ նախարարներ, մարզպետներ, հանձնաժողովների ղեկավարներ եւ այլք)՝ յուրաքանչյուր նոր եկածն իր «թիմն» է բերում, քեռի-հորեղբայր-ախպեր տղա շարանով ու կադրային ջարդ է սկսվում։ Ըստ որոշ պնդումների, այսօր էլ նման բաներ տեղի են ունենում, սակայն ոչ այնքան հրապարակային ու թափանցիկ, ինչպես առաջ։ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը (խորհուրդը գործում է ուղիղ մեկուկես տարի) մեզ հետ զրույցում որոշ թվեր ներկայացրեց եւ հավաստիացրեց, որ քաղաքացիական ծառայողը մեր երկրում պաշտպանված է։ Պրն Բադալյանն ասաց, թե 13 մարմնի ղեկավարի փոփոխության պատճառով այս պահի դրությամբ որեւէ քաղաքացիական ծառայող չի զրկվել իր պաշտոնից։ Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ նորանշանակ կոալիցիոն նախարարներ պարզապես խնդրել են քաղծառայության խորհրդի նախագահին՝ օգնել ազատվելու որոշ աշխատողներից։ Պրն Բադալյանը հերքեց մեր տեղեկությունն այսպես. «Մարմնի ղեկավարների կողմից ուղղակի խնդրանքներ չեն եղել, ահազանգեր են եղել քաղաքացիական ծառայողների կողմից այն մասին, թե կա նման վերաբերմունք (խոսքը՝ «դիմում գրիր ու գնա» վերաբերմունքի մասին է.- Մ. Ե.)։ Կարծում եմ, մեր մարմինների ղեկավարները նույնպես ընդունում են քաղաքացիական ծառայության մասին օրենքի տրամաբանությունը եւ մենք շատ ուրախ ենք, եթե դա իրոք այդպես է»։ Սակայն միաժամանակ ասվեց, որ քաղծառայողի մասին օրենքը չի ենթադրում աշխատողի ինքնանպատակ պաշտպանություն. «արդեն դեպք է եղել, երբ էներգետիկայի նախարարության աշխատակազմը դիմել էր մեզ աշխատողին ազատելու խնդրանքով։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ խնդրանքն օբյեկտիվ է՝ տվյալ աշխատողն ավելի քան երկու ամիս հանրապետությունից բացակայում է»։ Խորհրդի ուսումնասիրության արդյունքում շուրջ 100 քաղաքացիական ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իրենց պաշտոնին չհամապատասխանելու պատճառով։ Պրն Բադալյանը նշեց, որ փոփոխված ղեկավար ունեցող բոլոր մարմիններից եղել են դիմումներ, քաղծառայողները մտահոգություն են հայտնել իրենց հետագա ճակատագրի մասին. «Եթե քաղծառայողները տեղյակ լինեին իրենց իրավունքներին, ապա նման խնդիր չպիտի ծագեր։ Նման հարցերում մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մարդիկ ճնշման ազդեցության տակ հնարավոր է դիմում գրեն ու հեռանան, բայց մենք, բոլոր դեպքերում դա կդարձնենք ուսումնասիրության առարկա»։ Մանվել Բադալյանը խիստ կարեւորեց մեկ ուրիշ խնդիր՝ թափուր աշխատատեղերի հարցը. «Այս պահի դրությամբ ավելի քան 200 թափուր պաշտոններ կան»։ Մրցույթին մասնակցողների որակավորումը միշտ չէ, որ համապատասխանում է ընդունված չափորոշիչներին։ Երբեմն լինում են մրցույթներ, որտեղ մասնակիցներից որեւէ մեկը հաղթող չի ճանաչվում։ Այդպես թափուր են մնում Երեւանի քաղաքապետարանի վարչության պետերի, նախարարությունների վարչության պետերի, տեղակալների պաշտոններ։ Պատճառը մրցույթին մասնակցողների ոչ կոմպետենտ լինելն է։ Այս օրերին տարբեր մարմիններում տեղի է ունենում աշխատողների ատեստացիա, եւ խոսակցություններ կան, թե ցանկալի աշխատողին պահպանելու նպատակով գերատեսչության ղեկավարը դիմում է խորհրդին եւ խնդրում համեմատաբար մեղմ վերաբերմունք։ Այս միտքը եւս մերժելով, պրն Բադալյանն ասաց. «Ոլորտի ղեկավարը պարզապես չի կարող նման խնդրանքով դիմել, ես չեմ կարծում որեւէ նախարարի մտքով կանցնի մեզ հուշել, կողմնորոշել կամ խորհուրդ տալ նման հարցերում։ Դա մեզ համար անցանկալի կլինի»։ Արդյո՞ք պրն Բադալյանը փորձում է մեզ համոզել, թե իր գլխավորած մարմինն անկախ, ինքնագլուխ եւ օբյեկտիվ մարմին է։ «Բավականին անկախ, գոնե երկրի քաղաքական ղեկավարության մասով մենք որեւէ միջնորդություն չենք ունենում։ Մենք ավելի շատ հոգնում ենք բարեկամական, խնամիական, ընկերական միջնորդություն-խնդրանքներից, քան՝ պաշտոնատար անձանցից»։ Մենք, իհարկե, մի փոքր թերահավատ էինք այս պնդման մասով եւ փորձեցինք հստակեցնել՝ աշխատանքի ընթացքում որեւէ կլանի կողմից որեւէ ճնշում, հրահանգ չի ազդում. «մի քիչ անհամեստ եմ լինելու հիմա եւ ասելու եմ, որ որեւէ պարտավորվածություն որեւէ մեկի հանդեպ ես չունեմ։ Լինում են որոշ հարցեր, որոնք ես կբնութագրեի ոչ թե որպես ճնշում, ոչ թե այդ կարգի այլ բան, պարզապես մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց հատկանիշներով ուղղակի նորմալ չեն իրավագիտակցության եւ պարտավորվածության առումով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել