Լրահոս
Օրվա լրահոսը

Մ. ՍՏՈՅԿԻՑԱ. «ՖԱՎՈՐԻՏԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»

Հուլիս 16,2003 00:00

Մ. ՍՏՈՅԿԻՑԱ. «ՖԱՎՈՐԻՏԸ ՄԵՆՔ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ» «Հանրապետական» ստադիոնում, որտեղ այսօր 20.15-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի առաջին փուլում հյուրընկալելու է Իսլանդիայի «Ռեյկյավիկին», երեկ կայացավ թիմերի գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսը։ «Ռեյկյավիկի» գլխավոր մարզիչ Վիլյամ Թորսոնն ասաց, որ իրենք գործնականում Հայաստանի չեմպիոնի մասին տեղեկություն չունեն։ Միայն գիտեն, որ թիմը անցած մրցաշրջանում շատ հաջող է հանդես եկել։ «Փյունիկի» մասնակցությամբ երկու խաղի տեսաժապավեն են դիտել ազգային առաջնությունից, որոնցում նրա առավելությունը բացահայտ է եղել։ Մարզչի բնութագրմամբ, «Փյունիկը» շատ ուժեղ հարձակման գիծ ունի, որտեղ հանդես են գալիս արագաշարժ ու փորձառու ֆուտբոլիստներ։ Թիմը լավ կազմակերպված կոլեկտիվ է։ Թորսոնը դժվարացավ որեւէ զուգահեռ անցկացնել իր թիմի եւ «Փյունիկի» միջեւ, բայց հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը հետաքրքիր կանցնի։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե իսլանդացիներն ի՞նչ են հակադրելու վիճակահանությունից հետո Երեւան ժամանած եւ երկրի առաջնության «Փյունիկ»-«Բանանց» հանդիպմանը ներկա գտնված իրենց ներկայացուցչի բնութագրմամբ՝ «Փյունիկի» ցուցադրած հարավեվրոպական ոճի ֆուտբոլին։ «Արդեն նշեցի, որ թիմերի միջեւ համեմատության եզրեր դժվարանում եմ անցկացնել ու կրկնում եմ. հզոր, ուժեղ հարձակվողներ ունեք։ Ես ապշած եմ։ Դուք գերազանցեցիք իմ բոլոր սպասելիքները։ Կարծում եմ, մեզ համար դժվար կլինի ու դա կապում եմ նաեւ եղանակի հետ։ Մրցակցությունում էական դեր կխաղա հարազատ հարկի տակ հանդես գալու հանգամանքը։ Մեր ֆուտբոլն ավելի նման է հյուսիսային երկրների, հատկապես Նորվեգիայի եւ Շոտլանդիայի ոճերին։ Այս խաղում հիմնական շեշտը դնելու ենք պաշտպանության վրա։ Բայց դա չի նշանակում, թե միայն դրանով ենք զբաղվելու։ Ունեք լավ հարձակվողներ, որոնց կաշխատենք չեզոքացնել ու անշուշտ մենք էլ կփորձենք գրոհել»,- եղավ Թորսոնի պատասխանը։ Ասուլիսի ժամանակ լրագրողները տեղեկացան նաեւ, որ «Ռեյկյավիկը» Երեւան է ժամանել մարտական կազմով, թեեւ հինգ ֆուտբոլիստ վնասվածք ունի։ Թիմից 2-3 հոգի հանդես են գալիս Իսլանդիայի ազգային հավաքականում, շատերը երիտասարդականի անդամ են։ «Ռեյկյավիկում» չկան լեգեոներականներ, դրա փոխարեն իսլանդացի ֆուտբոլիստներից շատերը խաղում են հիմնականում Անգլիայի եւ Շոտլանդիայի ակումբներում։ Իսկ ինչ վերաբերում է նրանց խաղաոճին, դա թելադրված է նաեւ նրանով, որ խաղացողների միջին հասակը 183 սմ է։ Այսինքն, իսլանդացիներն էլ դավանում են անգլիական ոճի ֆուտբոլին։ Այնուհետեւ լրագրողներին հյուրընկալվեց Միհայ Ստոյկիցան։ «Փյունիկի» նախապատրաստությունն այս խաղին ընթանում է նորմալ,- ասաց գլխավոր մարզիչը։- Եթե ցանկանում ենք մտնել համաշխարհային ֆուտբոլային ընտանիք, ցանկացած թիմի հետ պետք է խաղանք այնպես, ինչպես, ասենք, «Շիրակի» կամ «Բանանցի» հետ։ Իսլանդացիների հետ խաղում շատ կարեւոր է էմոցիոնալ քայլերից զերծ մնալը եւ հանդիպումից վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է։ Ինձ համար հանդիպումը բաղկացած է երկու կեսից, առաջինը՝ Երեւանում, երկրորդը՝ Ռեյկյավիկում։ Սա ինձ համար հերթական խաղ է, քանի որ ՈՒԵՖԱ-ի գավաթներում ունեցել եմ 44 հանդիպում։ Եվ ցանկանում եմ իմ ֆուտբոլիստներին փոխանցել այն զգացումները, ինչ ունեմ տվյալ պահին»։ Անդրադառնալով այսօրվա եւ պատասխան խաղերում թիմերի հնարավորություններին, Ստոյկիցան ասաց. «Մենք ենք լինելու ֆավորիտը»։ Ներկայումս հավաքում ընդգրկված է 22 ֆուտբոլիստ։ Կարծում եմ, Վարդան Մինասյանը չի մտնի խաղադաշտ։ Բայց մյուսները ֆիզիկապես պատրաստ են։ Ստոյկիցային մտահոգում է «Փյունիկի» պաշտպանության կենտրոնը։ Դրա համար էլ օրերս Ռումինիայից հրավիրվել է 25-ամյա Մարիան Զեչուն, որը խաղում էր «Ռապիդի» երկրորդ թիմում։ Եվ եթե Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացվի համապատասխան փաստաթղթերը, հնարավոր է, որ ֆուտբոլիստը մտնի խաղադաշտ։ «Իսլանդացիները բարձրահասակ են, ամուր,- շարունակեց Ստոյկիցան։- Եվ ես իմ ֆուտբոլիստներին բացատրում եմ, որ եթե ուզում են հաղթել, խաղադաշտում պետք է շատ խելացի լինեն, օգտագործեն սեփական որակները։ «Երկրորդ հարկում» պայքարում մեր հնարավորությունները նվազագույն են։ Դրա համար մենք պետք է գործենք արագ, խաղանք փոխանցումներով։ Եվ եթե ֆուտբոլիստները կարողանան իրականացնել այն, ինչ կատարել ենք վերջին շաբաթներին՝ նախապատրաստվելով այս խաղին, կարծում եմ կհաղթենք։ Ես ֆուտբոլիստների հետ այս թեմաներով շատ եմ զրուցում, բերում եմ օրինակներ։ Հայ ֆուտբոլիստները ինտելեկտ ունեն ու դա պիտի լինի նրանց զենքը։ Իմ համոզմամբ, դա է ֆուտբոլի ապագան։ Թե նրանք ի՞նչ են հասկացել, կտեսնենք խաղի ընթացքում»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել