Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարյա երկնքում»

Հուլիս 16,2003 00:00

«Համարյա երկնքում» Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը։ Հավաքվել էին ոչ միայն արվեստակից ընկերները, այլեւ նրան ճանաչողներն ընդհանրապես։ «Մեղավորը» Նիկոլի պայծառ գույներն են ու նկարների ինքնատիպ «լեզուն»։ «Այսօր կան մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ, որ չսիրենք մեր հայրենիքը։ Ի տարբերություն նրանց, Նիկոլն ամեն ինչ անում է, որ սիրենք մեր չարչրկված հողը, պատմությունը, անգամ մեր տառապանքը»,- ասաց գրող Հրաչյա Մաթեւոսյանը։ Նկարչի ինքնատիպ աշխատանքների մասին արտահայտվեցին նաեւ նկարիչ Ալեքս Գրիգորյանն ու Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է Տավուշի մարզի Կողբ գյուղում եւ նրա նախաձեռնությամբ էր, որ այնտեղ միանգամից երկու պատկերասրահ հիմնվեց։ 1992-ից Նիկոլը Հայաստանի նկարիչների միության անդամ է, ունեցել է մի քանի տասնյակ անհատական ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Սիրիա եւ այլուր։ Նկարիչն ուրախությամբ նշեց, որ իրեն արտերկրում հասկանում են։ Որովհետեւ, ինչպես երաժշտությունը, այնպես էլ գույնն ու գիծը տալիս են այդ հնարավորությունը. «Ժողովուրդներն իրարից տարբերվում են միայն լեզուներով։ Ամեն տեղ մարդիկ նույնն են եւ նույն հոգեւոր անհրաժեշտությունն են զգում։ Ուղղակի պետք է ուրախ լինենք, որ հայտնվել ենք աշխարհում, փորձենք հոգեւոր հարուստ արժեքներ ստեղծել ու այդ կերպ մոտենալ Աստծուն»։ «Մոսկվա» կինոթատրոնում բացված ցուցահանդեսից հետո Նիկոլը պատրաստվում է իր աշխատանքները ցուցադրել հենց Կողբի սարերում, այնուհետեւ մի ցուցահանդես էլ կազմակերպել Հոլանդիայում։ «Առավոտի» այն հարցին, թե նկարիչն ի՞նչ է տեսնում «վերեւից» (Նիկոլի արվեստանոցը Մամուլի տան ձեղնահարկում է), որ գույներն այդքան պայծառ են, նկարիչը պատասխանեց. «Ցավում եմ, բայց եթե մեկ շաբաթ էլ մնամ Երեւանում, այդ պայծառությունը կխամրի։ Պատճառը հատկապես վերջին ընտրություններից հետո քաղաքում գերիշխող բացասական էմոցիաներն են»։ Լավ է, որ քաղաքականությամբ Նիկոլը չի զբաղվում եւ ցանկություն էլ չունի. «Այն, ինչ այսօր տեսնում ենք, ոչ թե քաղաքականություն է, այլ ընդամենը նեղ անձնական հարցերի լուծում։ Իրականում իսկական քաղաքականությունը մշակույթն է՝ երաժշտությունը, նկարչությունը»։ Նիկոլի «քաղաքականության» ծնունդները՝ ստեղծագործությունները հետաքրքիր վերնագրեր ունեն՝ «Ծովից ծով Հայաստանն այլեւս երազ չէ», «Ես ու իմ սիրածը», «Սիրո խոստովանություն», «Սերն է կյանքը, երազը», «Համարյա երկնքում» եւ այլն։ Ի դեպ, Նիկոլի ցուցահանդեսը դիտելու էին եկել ե՛ւ ներկա, ե՛ւ նախկին սոցապ նախարարները՝ Աղվան Վարդանյանն ու Ռազմիկ Մարտիրոսյանը։ Գուցե նրանց այցի նպատակն էր վերջապես գաղափար կազմել արվեստագետների սոցիալական վիճակի մասին։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել