Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Հուլիս 16,2003 00:00

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՎԱՏԱՄՔԸ Այսօր լրանում է հայ քնարերգության դասական, մեծ բանաստեղծ Համո Սահյանի մահվան 10-ամյակը Անշուշտ, կարելի է բազմաթիվ բնութագրություններ կատարել Համո Սահյանի ստեղծագործության համամարդկային էության, պոեզիայի բովանդակության մեջ նրա բերած նորարարության ու բացառիկության, բնության անձնավորման, շնչավորման եւ մարդու բնականացման պոետական կերպավորումների մասին, սակայն այսօր մեր նպատակը դա չէ։ Ամեն մի մեծ ստեղծագործող, լինի բանաստեղծ, երգահան, թե նկարիչ, մեկնության կարիք ունի։ Ըստ որում, ինչքան նա մեծ է, այնքան դժվար է նրան հասկանալն ու մեկնաբանելը։ Սա վերաբերում է նաեւ Համո Սահյանին, որովհետեւ արտաքինից պարզ նրա ստեղծագործությունը իրականում չափազանց բազմաշերտ ու բազմակողմանի ֆենոմեն է։ Եվ այստեղ խոսքը միայն այն խոր ենթատեքստի մասին չէ, որ գրանիտի նման նստած է նրա գրեթե բոլոր խոհափիլիսոփայական գործերի խորքում։ Իր ստեղծագործական հսկայական նշանակությամբ եւ ճանաչողական իմաստների մեծությամբ, ընդհանրացումների տիեզերականությամբ, լեզվական կատարելությամբ Համո Սահյանը մտնում է բանաստեղծական զարգացման համաշխարհային ուղեծիր՝ շփման եզրեր ունենալով հին ու նոր բոլոր խոշորագույն քնարերգուների հետ։ Կարեւորը սա է։ Կարեւոր է նաեւ այն, որ Համո Սահյանը դինամիկայի բանաստեղծ դարձավ՝ գտնելով հայ բանաստեղծության ժամանակակից կերպը, բանաստեղծական այն նոր տարածքը, որտեղ մարդը եւ բնությունը հանդես են գալիս արյունակցական հարաբերությունների նոր հարթության վրա։ Մեր խնդիրն է գոնե այսքանն այսօր հասցնել դեռեւս չանհայտացած հայ ընթերցողին։ Եվ հենց որպես ընթերցող, որպես սահյանական արվեստի երկրպագու, անցած տասնամյակում փորձել եմ իմ համեստ ներդրումն ունենալ վերոհիշյալ բազմադիմագիծ մոտեցումների մեջ։ Ինչպես հայտնի է, մեծ բանաստեղծը չկարողացավ տպագրված տեսնել իր բանաստեղծությունների վերջին՝ «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն։ Այն տարբեր հրատարակչություններով անցնելուց հետո լույս աշխարհ եկավ միայն 1999թ. եւ վերահրատարակվեց օրերս՝ երկու դեպքում էլ տողերիս հեղինակի ջանքերով։ Այդ գրքում նա քարափներին պահ տվեց իր հավերժությունը, իր երկրի ապագայի անբեկանելիությունը՝ ըստ էության պոեզիայում ասելով իր վերջին խոսքը եւ իր ձեռքով քանդակելով իր տապանագիրը։ Իսկ մինչ այդ տպագրվել էին նաեւ երկու այլ ժողովածուներ։ Առաջինը վերնագրվել է «Աստվածս ցորենին ասեմ», որտեղ տեղ են գտել բանաստեղծի հողի երգերը, իսկ երկրորդը ընդգրկում է Համո Սահյանի ութնյակները, հայրենները եւ տրիոլետները։ Այն սքանչելի հատընտիր է։ Գրականագիտական առումով նույնպես գրքեր են լույս տեսել։ 2001թ. ընթերցողի սեղանին դրվեց մի ուշագրավ ժողովածու՝ «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» խորագրով, որտեղ տպագրվեցին մի քանի տասնյակ հեղինակների հոդվածները, հուշերը, հարցազրույցները բանաստեղծի մասին, ինչպես նաեւ Համո Սահյանի դատողությունները մարդու, կյանքի, գրականության եւ բազմաթիվ այլ թեմաների շուրջ։ Այս տարի լույս է տեսել մեկ այլ ժողովածու՝ «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» վերնագրով։ Այդ հետաքրքիր ժողովածուի առաջին բաժինն ընդգրկում է բանաստեղծի հոդվածները՝ գրականության, գրական գործընթացի, գրողի գրական խոհանոցի եւ մի շարք այլ խնդիրների շուրջ։ Երկրորդ բաժնում տարբեր տարիների գրված հակիրճ խոսքեր են մեծ գրողների ու արվեստագետների հոբելյանների, ինչպես նաեւ ժամանակակիցների մասին։ Իսկ երրորդ բաժնում հարցազրույցներ են, որոնք տեղ չեն գտել նախորդ ժողովածուում։ Եվ, վերջապես, լույս է տեսել «Համո Սահյան. լույսի հոտ է, մոր ծոցի հոտ, հացի հոտ» մենագրությունը, որտեղ փորձ եմ արել վերլուծել Համո Սահյանի բանաստեղծության մեջ հոտի զգացողության (ոչ հոտավետության) բանաստեղծականացման ու փիլիսոփայական մեկնաբանության առեղծվածը, որովհետեւ հայ գրականության մեջ միայն Համո Սահյանի մոտ է հոտի բանաստեղծականացումը դառնում որոշակի համակարգ, որպես բնության ու մարդու փոխկապակցվածության արտահայտման միջոց։ «Համո Սահյանի հավատամքը». այսպես է կոչվում արդեն տպագրության գործընթացում գտնվող հաջորդ գիրքը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ մեծ բանաստեղծի կենսագրությանը, ինչպես նաեւ նրա ստեղծագործությունը բնութագրող մի շարք հիմնահարցերի։ Առանձին գլուխներ են կազմում Համո Սահյանի քաղաքացիական կեցվածքի, նրա հասարակական գործունեության, ինչպես նաեւ իր ժամանակակիցների հետ նրա շփումների ուսումնասիրությունները։ Տպագրվում են մի քանի տասնյակ լուսանկարներ, մեծ մասը՝ առաջին անգամ։ ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել