Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ենք աճել»

Հուլիս 16,2003 00:00

«Մենք ենք աճել» Ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, 2 տարում կառավարությունը հասկացել է՝ մահապատժի վերացումը համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Երեկ ՍԴ-ն քննարկեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրության համապատասխանությունը գործող Սահմանադրության նկատմամբ, ու որոշեց, որ այն միանգամայն համապատասխանում է: Հավանաբար, Եվրոպական կառույցները կոնվենցիայի այդ դրույթը նախապատրաստել էին՝ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության վրա: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հերթապահ հարցերից հետո, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պատահել, որ կառավարությունը 2 տարի առաջ պնդում էր, թե այն հակասում է մեր Սահմանադրությանը, իսկ այսօր՝ հակառակը, ինչին հետեւեց Դ. Հարությունյանի հետեւյալ պատասխանը. «Մենք ենք աճել»: «Չլսեցի»,- հաջորդեց Ֆ. Թոխյանի զարմացած հարցը: Դ. Հարությունյանը ստիպված այն կրկնեց. «Մենք ենք աճել, իրավական միտքը զարգացման մեջ է գտնվում եւ շատ բնական է, որ քննարկումների արդյունքում տարբեր դոկտրինալ մեկնաբանություններ են հակակշռում իրար, եւ արդյունքում հանգում ենք որոշակի եզրակացության»: Դ. Հարությունյանը կառավարության երկու տարիների «աճի» գործընթացը ներկայացնելուց հետո հաստատեց, որ իսկապես փոխվել է կառավարության տեսակետը մահապատժի վերացման վերաբերյալ, եւ այդ դիրքորոշումն այսօր շատ ավելի հստակ է: Իսկ ՍԴ ներկայացուցիչ Վ. Պողոսյանի հարցին՝ արդյոք մահապատժի վերացումը չի՞ նպաստի երկրում «արյան վրեժով հարցերը լուծելուն», Դ. Հարությունյանը պատասխանեց. «Կրիմինալոգիան արդեն այդ հարցին վաղուց պատասխանել է: Տարբեր երկրներում տարբեր է: (Սա է, ըստ երեւույթին, պարզել կրիմինալոգիան- Լ.Ս.): Սակայն ակնհայտ է, որ ցմահ ազատազրկումը ավելի ծանր պատժատեսակ է, քան մահապատիժը»: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մինչ ընտրությունները ամենուր պնդում էր, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործների նկատմամբ պետք է բացառության կարգով կիրառվի մահապատիժը, սակայն ՍԴ-ում որեւէ բառ բացառության մասին չհնչեց: «Առավոտի» դիտարկմանը, թե մի՞թե դա եւս նախընտրական խոստում էր, եւ ինչո՞ւ է վարչապետը հրաժարվում իր հայտարարությունից, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Այսօր մենք կանգնած ենք երկընտրանքի առջեւ, եւ իսկապես պետք է մեզ համար կողմնորոշվենք: Մենք, իհարկե, կուզենայինք, կամ գոնե այդպիսի ցանկություն արտահայտել էր մեր երկիրը, որ որոշ դեպքերի համար բացառություն արվեր, ինչը եւ արեցինք օրենքով: Սակայն այսօր մենք երկընտրանքի առջեւ ենք կանգնած. կամ մենք եվրոպական ընտանիքի հետ ենք, կամ՝ այդ ընտանիքից դուրս ենք: Իրականությունը հետեւյալն է. միշտ կար այդ երկընտրանքը, սակայն միշտ ենթադրվում էր, որ այնուամենայնիվ ԵԽ-ն միգուցե որոշակի բացառություններ անի, մտնի մեր դիրքորոշման մեջ եւ հաշվի առնի մեր ազգային առանձնահատկությունները: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ԵԽ-ն չի պատրաստվում նման բացառություններ անել»: Իսկ Տիգրան Թորոսյանի պնդման վերաբերյալ, թե եթե ԵԽ-ում ԱԺ պատվիրակությունը ճիշտ քաղաքականություն վարեր, ապա հնարավոր էր հասնել բացառությունների,Դ. Հարությունյանն ասաց. «Իմ կարծիքով, ի սկզբանե պարզ էր, որ երկընտրանքի առջեւ ենք կանգնելու»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել