ԲԵՐԱՆՆ Է ԿԱՐԵԼ Մեր ունեցած տեղեկություններով, 3-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել ԱՆ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող (նախկինում՝ ԿԳԲ-ի մեկուսարան) Արթուր Այվազյանը։ Նա ոչ միայն հացադուլ է հայտարարել, այլեւ կարել է բերանը՝ հրաժարվելով ներկայանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Այնտեղ շարունակվում է Սամվել Առաքելյանի սպանության գործի քննությունը։ Արթուր Այվազյանը եւ գործով երկրորդ ամբաստանյալը՝ Մարտիրոս Աճեմյանը (նախկին ՀԱԲ-ի զինվոր) մեղադրվում են Ս. Առաքելյանի սպանության մեջ։ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) գործով դատավորին՝ Պարգեւ Օհանյանին է ուղարկել 16 էջից բաղկացած իր հայտարարությունը, որով հիմնավորում է իր դատարան չգալը։ Հայտարարության մեջ ամբաստանյալ Ա. Այվազյանը անդրադառնում է արդեն դատակոչված 12 վկաների հարցաքննությանը, հայտնելով, որ վկաները տեղյակ չլինելով իրենց իրավունքներին, «այլ միայն ձեր կողմից տեղեկացված լինելով իրենց պարտականություններին», կաշկանդված են եղել «դիրքորոշման ընտրության հարցում»։ Նա մեղադրում է դատավոր Պ. Օհանյանին «քրեադատավարական կոպիտ խախտումների համար», զգուշացնելով նրան, որ բոլորը հավասար են օրենքի առաջ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով։ Նա բացարկ է հայտնում դատավորին, բացարկի հիմքում նշելով այն հանգամանքը, որ դատավորը «անուղղակի շահագրգռված է տվյալ գործով»։ Բացարկի հիմքերի մեջ նա նշում է այն, որ սույն քրեական գործը մինչեւ վարույթ ընդունելը, դատավորը պարտավոր է 15 օրվա ընթացքում կայացնել որոշումներ։ Միակ որոշումը, որ կայացրել է դատավորը, այն է, որ նշանակվել է սույն քրեական գործի դատական քննությունը։ Այլ որոշումներ չեն եղել։ Նկատենք, որ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ հացադուլավորի պաշտպանը։ Այվազյանը պնդում է, որ սույն քրեական գործում բացակայում են քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննությունն իրականացրած մարմնի (Զինդատախազություն) նախկին որոշումները։ «Փաստորեն դուք ձեր վերոհիշյալ որոշմամբ խախտել եք «կրկնակի դատապարտման եւ քրեական հետապնդման անթույլատրելիության սկզբունքը, քաջատեղյակ լինելով այդ սկզբունքին»,- հայտարարում է բողոքավորը։ Ի դեպ, այս գործում ներգրավված մեղադրող Կորյուն Փիլոյանը (երրորդ նիստն է, ինչ վերջինս մասնակցում է «27-ի» դատավարությանը) եւս շարժել է ամբաստանյալի զայրույթը՝ մեղադրում է դատավորին, որ նա աշխատում է Կ. Փիլոյանի օգտին։ Երրորդ դատական նիստն է, ինչ ամբաստանյալով չեն կարողանում ապահովել դատաքննությունը, հետեւաբար քննարկվող ելքերից մեկը, ըստ երեւույթին, ուժի միջոցով նրան դատարան բերելը կմնա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Երեկ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Համլետ Խորղատյանի հետ է հանդիպել Ա. Այվազյանի մայրը, որին թույլ չեն տվել տեսակցել որդուն։ Նրան հավատացրել են, որ որդին հացադուլի մեջ չէ։ «Առավոտը» դիմեց նաեւ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Սամվել Հովհաննիսյանին։ Վերջինս հաստատեց, որ հուլիսի 13-ին Ա. Այվազյանը կարել է իր բերանը։ Հաջորդ օրը մեկուսարանի բժշկի օգնությամբ կարերը քանդվել են, սակայն «դա չէր պատճառը, որ նա դատարան չի ուղարկվել», հավաստիացրեց Ս. Հովհաննիսյանը։