Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռները չեն սպասում կոնֆլիկտների կարգավորման

Հուլիս 16,2003 00:00

Լեռները չեն սպասում կոնֆլիկտների կարգավորման Վրաստանի՝ 90, Ադրբեջանի՝ 30, իսկ Հայաստանի գրեթե 100%-ը լեռներ են։ Եվ Կովկասի լեռնային բնակավայրերի խնդիրներն էլ նույնն են՝ ենթակառուցվածքների քայքայում, կենսաբազմազանության կրճատում, անապատացում։ Իսկ ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը, որից թերեւս բխում են վերը թվարկվածները, հետեւյալն է, ինչպես ասաց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամիզ Մամեդովը. «Կովկասցին չի ուզում լեռներում ապրել, լքում է դրանք։ Դա սարսափելի է»։ Հուլիսի 11-12-ը Թբիլիսիում անցկացված «Կովկասի լեռնային շրջանների կայուն զարգացում» միջազգային կոնֆերանսի մասնակիցները Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից հավաքվել էին հենց այս խնդիրները քննարկելու։ Կոնֆերանսը կազմակերպել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը, որն անցկացրեց նաեւ ուսանողական կոնֆերանս եւ դեպի Կազբեկ լեռ ճանաչողական էքսկուրսիա՝ լրագրողների համար։ Կոնֆերանսի աշխատանքները ողջունեց Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, որի ուղերձի տեքստը, ի դեպ՝ վրացերենով, ընթերցեց երկրի Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության նախարար Նինո Չխոբաձեն։ Մեր երկրի պատվիրակությունը գլխավորում էր բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։ Վերջինս նման կարեւոր կոնֆերանսին նախարար Վարդան Այվազյանի բացակայությունը պատճառաբանեց նրա՝ նույն գիշերը Մոսկվայից վերադարձած լինելու հանգամանքով։ Բացակայում էր նաեւ մեր օրենսդիր իշխանության ներկայացուցիչը՝ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը։ Փոխարենը ներկա էր նրա նախորդը՝ այժմ «Երեւանշին» ընկերության նախագահ Գագիկ Թադեւոսյանը, որը նրբանկատորեն ասաց, որ Գ. Մխեյանը հիվանդ է եւ ինքը՝ հին փորձի հիման վրա կներկայացնի ՀՀ-ի համապատասխան օրենսդրությունը։ Ինչպես արդեն ասվեց, Կովկասի լեռնային բնակավայրերի հիմնական պրոբլեմը մարդկանց միգրացիան է։ Իսկ բնակիչները լքում են իրենց գյուղերը, որովհետեւ, ինչպես բազմիցս նշվեց կոնֆերանսին եւ ինչպես լրագրողներս էլ համոզվեցինք լեռնային գյուղեր այցելության ժամանակ, դրանք ավելի ու ավելի են նմանվում միջնադարյան բնակավայրերի՝ առանց խմելու եւ ոռոգման ջրի, առանց էլեկտրաէներգիայի, առանց ճանապարհների եւ կապի։ Հետեւաբար եւ այդ մարդկանց սոցիալական պաշտպանությունը ենթադրում է ֆինանսական հսկայական ներդրումներ։ «Վաղը դա հնարավոր չէ լուծել,- մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության նախարար Նինո Չխոբաձեն։- Եթե ֆինանսներ լինեին, մենք դա երեկ արած կլինեինք։ Իսկ այսօր, եթե լուրջ լինենք, գործնականում ոչինչ հնարավոր չէ անել»։ Տիկին Չխոբաձեն այսօրվա համար տեսնում է խնդիրների ճիշտ առաջադրումը՝ «Ի՞նչ է տեղի ունենում այսօր լեռնային շրջաններում եւ ի՞նչ կարելի է անել», որովհետեւ, ըստ նրա, «ճիշտ դրված հարցը գործնականում խնդրի լուծման կեսն է»։ Տիկինը լեռնային բնակչության սոցիալական բարեկեցության ապահովության տեսանկյունից կարեւոր է համարում միջպետական ծրագրերի գոյությունը։ Տարածաշրջանային համագործակցությունն անհրաժեշտ է նաեւ Գագիկ Թադեւոսյանի կարծիքով։ Իսկ ինչպե՞ս է պատկերացնում պրն Թադեւոսյանը համագործակցությունը հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այն պայմաններում, երբ մեր հարեւանները բնապահպանական կոնֆերանսի ժամանակ էլ են խոսում «Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների» եւ դրանցում անտառահատումների մասին։ «Ես համամիտ եմ մեր հանրապետության նախագահի հետ, որն իր բազմաթիվ քաղաքական ելույթներում նշել է, որ պիտի գնալ համագործակցությունից դեպի կարգավորում, ոչ թե՝ հակառակը,- ասաց Գ. Թադեւոսյանը։- Մենք ուզենք-չուզենք՝ պիտի գնանք համագործացության։ Թե չէ թողնենք, որ մեր բնակավայրերը դատարկվե՞ն, անտառները հատվե՞ն, ջուրն աղտոտվի՞, ճանապարհները քայքայվե՞ն, ենթակառուցվածքները վերանա՞ն եւ ասենք՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծվի՝ մենք չե՞նք մոտենա այս հարցերին»։ Այս ոլորտներում համագործակցելու Ադրբեջանի մերժումների ֆոնին՝ պրն Թադեւոսյանը բերեց մեկ օրինակ. Ադրբեջանը պայմանագիր ունի մեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հետ եւ նրանից ինֆորմացիա է ստանում, որովհետեւ իրենք չունեն նման ծառայություն։ Կոնֆերանսի ժամանակ եղան նաեւ այլ «բախումներ»։ Մասնավորապես, ադրբեջանցի թղթակիցների պնդմամբ՝ կրճատվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի զեկույցի մի հատված, ինչի պատճառով տիկին Խառատյանը հրաժարվեց ընդհանրապես զեկույցը կարդալուց։ Փոխարենը վերանայվեցին նաեւ ադրբեջանցիների ելույթները։ Երկրորդ օրը կոնֆերանսն աշխատեց կլոր սեղաններով, որոնց ժամանակ մշակված փաստաթղթերի հիման վրա ընդունվեց բանաձեւ այն հեռանկարով, որ այն մի օր հիմք կդառնա լեռների պաշտպանության կոնվենցիայի ստեղծման համար։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել