Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԵՂԱՆԱԿ ՍՏԵՂԾՈՒՄ

Հուլիս 16,2003 00:00

ՈՎՔԵՐ ԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԵՂԱՆԱԿ ՍՏԵՂԾՈՒՄ Գրեթե յուրաքանչյուր շարքային հայաստանցի էլ գիտի, թե մեր շուկայի որ ոլորտն ում է պատկանում, եւ թե հատկապես գործունեության որ տեսակով է, որ իմաստ չունի հետաքրքրվել՝ մուտք գործելու համար: Նման ոլորտները հասարակության կողմից բնորոշվում են որպես մենաշնորհային, որն ավելի շուտ «գեղարվեստական» իմաստով պետք է հասկանալ, որովհետեւ դասական իմաստով դրանք այդպիսին չեն: Եվ ինչպես համապատասխան պաշտոնյաներն են սիրում հակադարձել, «այդ գործունեությամբ զբաղվում են մի քանի (երբեմն տասնյակ) տնտեսվարողներ»: Իրականում խոսքը գերիշխող դիրքի մասին է, որը պակաս հետաքրքիր ու անընդունելի դրսեւորումներ չունի մեր երկրում: Իսկ որ մեր շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողներ կան, իր ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է նաեւ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովի վերլուծությամբ, որը տպագրվել է պաշտոնական տեղեկագրում, մի շարք ապրանքների շուկաներում կենտրոնացվածությունը բարձր է, ինչը պարզ է՝ ավելի է դժվարացնում մրցակցության վիճակը: Թեեւ պետք է նկատել, որ ապրանքների որոշակի տեսակ կա, որոնց արտադրության կամ ներկրման համար մրցակցությունն առանձնապես պարտադիր չէ: Ասենք՝ կերակրի եւ տեխնիկական աղը, որի արտադրության 99,9 տոկոսը կենտրոնացված է մեկ սուբյեկտի ձեռքին: Բոլորին է հայտնի, որ այդ գործով զբաղվում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայրը՝ Արեգը: Կամ ցեմենտը, գաջը, որի արտադրության ծավալների փոքրացումն ուղղակիորեն կհանգեցնի ինքնարժեքի բարձրացման: Ցեմենտի արտադրության 51,44 տոկոսն արտադրում է «Արարատցեմենտը», որը վերջերս է ձեռք բերել Գագիկ Ծառուկյանը, մնացածը՝ «Միկացեմենտը», որն էլ Միխայիլ Բաղդասարովին է պատկանում: Նման ապրանքատեսակների ցանկը, սակայն, սահմանափակ է: Ճիշտ հակառակ պատկերն է առանց ֆիլտրի սիգարետի դեպքում, որի շուկան 91,62 տոկոսով ծածկում է «Գրանդ տոբակոն»: Ինչը գործնականում կարող է հանգեցնել որակի կորստի. «Եթե հայրենական արտադրողին խրախուսելու նպատակով հասկանալի է տեղական արտադրության ֆիլտրով սիգարետի նկատմամբ 2002թ. հարկային արտոնություններ սահմանելը, ապա մրցակցային միջավայրի վրա կարող է բացասական ազդեցություն գործել առանց ֆիլտր սիգարետների տեղական արտադրողների նկատմամբ արտոնության կիրառումը»,- ասված է հանձնաժողովի վերլուծության մեջ: Իսկ, օրինակ, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ իր «Աստղացոլք» ընկերությունով, գերիշխող դիրք է զբաղեցնում միանգամից մի քանի ոլորտում. էթիլային սպիրտի արտադրության (76,4%), ցորենի (40,6%), շաքարավազի (79,8%) իրացման շուկաներում: Ի դեպ, հանձնաժողովը որոշել է 2003 թվականի ընթացքում դիտարկել այս տնտեսվարող սուբյեկտի վարքագիծը, ինչը պատահական համարել չի կարելի: «Աստղացոլքը» մեծ ծավալ ունի նաեւ կարագի եւ յուղի իրացման (22,8%) շուկայում: Ամենահետաքրքիրը, սակայն, բենզինի շուկան է, որտեղ մենաշնորհի բացակայությունը պաշտոնյաները հիմնավորում են շուկայում մի քանի տնտեսվարողների առկայությամբ, ինչը, վստահորեն կարելի է ասել, մրցակցության պատրանք է: Շուկայում գործող տնտեսվարողների թիվը ընդամենը մեկ տարվա ընթացքում կրճատվել է կիսով չափ: Բայց սա էլ չի բենզինի շուկայի ինտրիգը: Պարզվում է, բենզինի իրացման առավել մեծ ծավալներ է ունեցել «Ֆլեշը», ոչ թե Միխայիլ Բաղդասարովի «Միկա Արմենիա թրեյդինգը»: Չնայած այնքան էլ էական չէ, որովհետեւ, ըստ լուրերի, սրանք էլ իրար «օտար» չեն: Հանձնաժողովն արձանագրել է, որ «առկա են շուկայի մուտքի խոչընդոտներ»: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ տնտեսվարողները Հայաստան ներկրվող բենզինը գնում են գլխավորապես մեկ սուբյեկտից՝ «MIKA LTD»-ից: Միխայիլ Բաղդասարովը, պետք է խոստովանել, հնարամիտ է գործել՝ մեր տեղեկություններով, Հայաստան ներկրվող քվոտաների ձեռքբերումը հաջողելով, ինչով հեշտացրել է իր մենաշնորհի կամ գերիշխող դիրքի վերաբերյալ պաշտոնյաների պարզաբանումներ տալու գործը: Բայց փաստն այն է, որ բենզինի 78,2%-ը Հայաստան է ներկրվում հենց նրա միջոցով: Իրենց գերիշխող դիրքը «չցուցադրելու» համար տնտեսվարողներից ոմանք էլ ուրիշ հնարքներ են գործածում: Ասենք, սեփական բիզնեսը գրանցում են վստահելիների ու մտերիմների անուններով, հաճախակի փոխում են սեփական ֆիրմաների անունները, բայց, չգիտես ինչու, իրենց իրավաբանական մրցակցի գովազդը ցուցադրում են սեփական ֆիրմայի նշանի տակ: Նմանատիպ դեպքերի հանձնաժողովը չի անդրադառնում իր վերլուծություններում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել