Ռուս գեներալները սպառնում են Մինչ Հայաստանում կոմպլեմենտարիզմի վերաիմաստավորման եռանդուն փորձեր են արվում եւ բուռն քննարկումներ են ընթանում ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերության հետ ճարպկորեն համատեղելու ուղղությամբ, տարածաշրջանում հասունանում է հերթական «գեոպոլիտիկ» սկանդալը։ Վրաստանի երկնքում հայտնված ամերիկյան «ԱՎԱԿՍ» հետախուզական ինքնաթիռներն ուղղակի համբերությունից հանել են ռուսական գեներալիտետին, ստիպելով մոռանալ վերջին շրջանում մոդայիկ դարձած դիվանագիտական-արարողակարգային սիրալիրություններն ու թույլ տալ սառը պատերազմի ժամանակաշրջանին բնորոշ սպառնալիքներ։ Բանը հասել է այնտեղ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից պարզորոշ ակնարկներ են հնչում Աբխազիայի տարածքում C-300 տիպի հակաօդային զենիթային համակարգ տեղակայելու մասին։ Ըմբռնելու համար, թե ինչ է նշանակում անկախ պետության (իմա՝ Վրաստանի) տարածքում գրեթե համարժեքը չունեցող այդ ահեղ զենքի տեղակայումը Ռուսաստանի կողմից, բավական է վերհիշել դրա վաճառքի շուրջ բարձրացած միջազգային աղմուկը։ Ռուսաստանից C-300 համակարգ էր գնել Կիպրոսը, որը, սակայն, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գործադրած աննախադեպ ճնշման պայմաններում ստիպված եղավ իր ձեռք բերած ռուսական զենիթային համալիրը փոխադրել Հունաստան։ Սակայն այն ժամանակ առկա էր ընդամենը զուտ առեւտրական գործարք, մինչդեռ այսօր Ռուսաստանի վերոհիշյալ մտադրության իրագործումն այլ կերպ չի ընկալվի, քան ալյանսի ու, մասնավորաբար, ԱՄՆ-ի հետ առճակատման մեջ մտնելու բացահայտ ցուցադրություն։ Իսկ այդպիսի առճակատման իրողությունն արդեն իսկ ձեւակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, թեեւ ի տարբերություն իր ենթակաների, փոքր-ինչ մեղմ արտահայտություններով։ «ԱՎԱԿՍ» հետախուզական ինքնաթիռների թռիչքները չեն համապատասխանում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների ոգուն եւ որակին»,- հայտարարել է նա։ Մյուս կողմից, հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենեղարիշվիլին, նշելով, թե Ռուսաստանն անհարկի ուռճացնում է «ԱՎԱԿՍ»-ների հետախուզական նշանակությունն այն պարագայում, երբ ԱՄՆ տիեզերական հետախուզական համակարգերն ի զորու են շատ ավելին անել, քան հիշյալ ինքնաթիռները։ Միով բանիվ, արդեն փաստ է, որ ԱՄՆ-ն, անկախ Ռուսաստանի հնչեցրած անգամ ամենատպավորիչ սպառնալիքներից, ամբողջությամբ «իրենով է արել» Վրաստանը։ Փաստ է նաեւ, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանի տարածքում կկայանի ամերիկյան 15 հազարանոց զորախումբը։ Այս համատեքստում չարժե, թերեւս, դեմքի խելացի արտահայտություն ընդունել եւ գիտական խոր վերլուծություններ անել հայկական կոմպլեմենտարիզմի լավ ու վատ կողմերի մասին։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ