Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստական բարքեր

Հուլիս 16,2003 00:00

Կոմունիստական բարքեր Կոմկուսի ծրագրի հեղինակ Ստեփան Ստեփանյանը պնդում է, որ ՀԿԿ բյուրոյի անդամ Սանատրուկ Սահակյանն իրեն մարմնական վնասվածք է հասցրել: Առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտարարել էր, թե երբ Կոմունիստական կուսակցության ծրագրի հեղինակ Ստեփան Ստեփանյանին՝ առանց իր ներկայության, պլենումի որոշմամբ հեռացրել են ՀԿԿ-ից, ՀԿԿ քարտուղար Սանատրուկ Սահակյանը չի թողել նրան մոտենալ Կոմկուսի շենքին, ու Ս. Ստեփանյանի ձեռքը թողնելով դռան տակ՝ «արյունլվա է արել»: Այս փաստը հերքեց Սանատրուկ Սահակյանը՝ ասելով, թե՝ նման բան չէր կարող լինել, քանի որ «ավագների, տարեցների նկատմամբ՝ անկախ սկզբունքներից ու գաղափարախոսությունից, մեծ հարգանք ունի: Բացի այդ, ես այդքան դաստիարակություն ունեմ, որ նման բաներ ինձ թույլ չտամ»: Իսկ երբ իմացավ, որ կոմունիստական իր այդ քայլը պնդում է նաեւ անձամբ Ս. Ստեփանյանը, ՀԿԿ քարտուղար Ս. Սահակյանն ասաց. «Էլի լեզուս չի պտտվում, որ տարեցների մասին բան ասեմ, բայց պիտի ասեմ՝ դա զրպարտություն է»: Կոմկուսի ծրագրի հեղինակ Ս. Ստեփանյանը ընկեր Սահակյանի այս դիտարկմանն ի պատասխան ասաց. «Ստում է, այդպես էլ եղել է: Ասացի՝ մեր ներկայությամբ քննեք, դրանից հետո, ջհանդամը, ի՞նչ ուզում եք արեք: Դուռը շրխկացրեց: Ձեռքս քիչ մնաց ջարդվեր, լավ է արյուն եկավ, պրծավ: Էժան պրծա, էլի: Նրանք չէին ուզում, որ մենք մոտենայինք շենքին: Ֆիզիկական ուժի դիմեցին նաեւ մեր Բաբկեն Վարդանյանի նկատմամբ, նրան էլ հրեցին…8230 Բայց իմ ձեռքը լավ փրկվեց, որ չջարդվեց»: Տարեց կոմունիստների փորձերը՝ Ս. Սահակյանից պարզելու, թե ինչու են իրենց հետ այդպես վարվում, նույնպես անհաջող են եղել. «Նրանք չէին ուզում անգամ մեզ հետ խոսեին: Մեզ հայհոյեցին ու գնացին: Նրանք պատրաստ էին մեզ հոշոտել: Կոմկուսի իմ վկայականը վերցրին, փախցրին ու ձեռքս էլ դռան տակ թողեցին: Այսօրվա պես հիշում եմ: Գազանի նման մեր վրա էին հարձակվել: Եկատերինա Արսենովնան (ՀԿԿ բյուրոյի անդամ- Լ. Ս.) էլ էր. նա էլ կին գազան է, էլի,- պատմում էր Ս. Ստեփանյանը՝ ավելացնելով,- ասում է մեծ հարգանք ունի՞ տարեցների նկատմամբ, ու՝ դաստիարակվա՞ծ է: Նա անդաստիարակ մարդ է, ի՞նչ դաստիարակված»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք Ս.Սահակյանն իր այդ արարքի համար չենթարկվե՞ց կոմունիսական պատժի: Մեր այս հարցին ի պատասխան, հնչեց հետեւյալ պատասխանը. «Ի՞նչ նկատողություն, նրան նույնիսկ կպարգեւատրեին դրա համար: Կոմկուսում պարգեւատրում էին նման մարդկանց, որպեսզի մեր հախից գային»: Իսկ Վ. Սաֆարյանն էլ ավելացրեց, որ այդ դեպքին բազմաթիվ ականատեսներ կան, որոնք կարող են եւս հաստատել Ս. Սահակյանի այդ բռնարարքները: Բացի դա, Վ. Սաֆարյանը նշեց, որ այդ օրը Կոմկուսի շենքի մոտ, բացի կոմունիստներից, «ծպտված ոստիկաններ կային», որոնց հրավիրել էին Կոմկուսի ղեկավարները, որպեսզի իրենց չթողնեն մտնել շենք: «Այդ օրը հենց Ս. Սահակյանն էր գլխավորում դռան փակումը. պահակությունը դրված էր նրա վրա»,- ասաց Վ. Սաֆարյանը: Ս.Ստեփանյանը, որին ՀԿԿ բյուրոյի անդամ Խորեն Սարգսյանը համեմատել էր Լենինի հետ, այս առնչությամբ ասաց. «Լենինը հո Աստված չէ՞ր: Շարքային մարդու նման մարդ էր, մենք էլ նրա աշակերտներն էինք: Եթե մենք չնմանվենք նրան, բա էլ ո՞վ: Ես շատ լավ եմ ինձ զգում, որ ինձ Լենինին են նմանեցնում: Բոլոր կոմունիստներն էլ պիտի նրան նմանվեն: Նա պիտի տիպար լինի բոլորի համար: Լենինին կարելի է համարել կոմունիզմի նմուշ ամբողջ աշխարհում: Լենինը նվիրված էր բոլորին, իսկ Կոմկուսի այսօրվա ղեկավարներն ու մնացածները, բացի Խ. Սարգսյանից, ի տարբերություն Լենինի, միայն իրենց մասին են մտածում ու Կոմկուսի անունից իրենց համար գործեր են անում»,- ասաց Կոմկուսի ծրագրի հեղինակը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել