Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՎԿԱՆԵՐ

Հուլիս 16,2003 00:00

Թեեւ «27»-ի գործով մեղադրող Կորյուն Փիլոյանը հասցրել է արդեն ժխտել, որ ինքը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատակոչված 129 վկաներից 12-ին թողնելու վերաբերյալ՝ մեր տեղեկությունները վկայում են հակառակի մասին: Ըստ այդմ՝ արդեն անգամ որոշված է, թե մնացած 12 վկաներից որ մեկին ով է հարցաքննելու: Ինքը՝ պրն Փիլոյանը դատարանում հարցաքննելու է ոստիկան Միշա Մանուչարյանին, Կամո Բեգլարյանին եւ ԱԺ ճաշարանի խոհարար Արամ Գրիգորյանին:

«27»-ի գործով մեղադրող Արմեն Հարությունյանը հարցաքննելու է նախկին ամբաստանյալ, համաներմամբ ազատ արձակված Արմեն Հարությունյանին եւ ԱԺ պարետի տեղակալ Խաչատուր Հովհաննիսյանին:

Մեղադրող Գագիկ Ավետիսյանը հարցաքննելու է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին եւ Չարենցավանի «Լուսալիք» հեռուստաընկերության օպերատոր Գագիկ Սարիբեկյանին:

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հարցաքննելու է «27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանին եւ Ղազար Սարգսյանին:

Մեղադրող Անահիտ Եղիազարյանը հարցաքննելու է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանին, լրագրող Նարինե Դիլբարյանին եւ թիկնապահ Արկադի Զաքարյանին:

Կարելի էր հատ-հատ անդրադառնալ, թե ինչով են կարեւոր այս 12 անձանց վկայությունները, որ դատախազությունն այնուամենայնիվ ցանկանում է դատակոչել նրանց: Բայց այս դեպքում՝ կարծում ենք, առավել կարեւոր է թվարկել այն վկաներին, որոնց պատրաստվում են կրճատել:

Վկայի կարգավիճակից զրկելու են Հունանյանների մորը, հորը եւ եղբորը: Մտադիր չեն կանչել նաեւ Եվպատորիայից Հունանյանների գործունեությանն իրազեկներին՝ այդ քաղաքի քաղխորհրդի պատգամավոր Երվանդ Թորոսյանին, «ԱԲԻ» ձեռնարկության տնօրեն Արմեն Թորոսյանին:

Հունանյաններին Թուրքիա գործուղած եւ նրանց հետ գործուղված անձանց վկայությունները թերեւս այլեւս անկարեւոր են դիտվում, ուստի եւ մեղադրողի այդ միջնորդությունը վերաբերելու է նաեւ Հովակիմ Հովակիմյանին, Կարինե Հակոբյանին եւ այլոց:

Դատախազությունը դատարան կանչվելու տհաճությունից փորձելու է ազատել հարցաքննված բոլոր դաշնակցականներին՝ նախկին մարզպետ Հրայր Կարապետյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանին եւ Վահան Հովհաննիսյանին, Հայաստանի ազգային սկաուտական միության ատենապետ Բագրատ Եսայանին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին եւ անգամ նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանին:

Բերելու է նաեւ նախկին իշխանավորների «բախտը» եւ դատարան չեն կանչվի Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Լեւոն Զուրաբյանն ու կառավարության մամուլի եւ հանրային կապերի վարչության նախկին պետ Տիգրան Հակոբյանը:

Դատակոչված վկաների ցանկից դուրս են մնալու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, եւ բացի Նարինե Դիլբարյանից՝ բոլոր այն լրագրողները, ովքեր 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում կատարվածի ականատեսներն էին: Նախ զինդատախազությունը նրանց գործում ներգրավեց ոչ իբրեւ տուժողների, իսկ այժմ էլ դատարանում փորձ է արվելու զրկել նաեւ վկայի կարգավիճակից:

Տեւական ժամանակ քննարկվում էր հարցը, թե կկարողանա՞ն ունկնդրել այժմ ԱՄՆ-ում բնակվող՝ Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակից Տիգրան Նազարյանի վկայությունները, բերման կենթարկե՞ն նրան, թե՞ ոչ: Դատախազությունն այդ «գորդյան հանգույցը» պատրաստվում է կտրել թրի հարվածով՝ Տիգրան Նազարյանին ուղղակի դուրս թողնելով դատակոչված վկաների ցանկից: Թեեւ նա բավական կարեւոր վկա է՝ թեկուզ միայն այն պատճառով, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի հետ բանակցություններ վարողներից մեկն էր:

Դատախազությունն այս գործով նախկին մեղադրյալներին եւս պատրաստվում է ազատել «27»-ին դարձյալ առնչվելու հոգսից: Ըստ նախատեսվածի՝ ո՛չ Հարություն Հարությունյանը, ո՛չ Մուշեղ Մովսիսյանը, ո՛չ Ալեքսան Հարությունյանը չպիտի գան դատարան:

Ի դեպ՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները եւս, որոնց ցուցմունքներն առնչվում էին Ալեքսան Հարությունյանի եւ Նաիրի Հունանյանի հարաբերություններին՝ չեն դատակոչվելու: Խոսքը նախագահի ռեֆերենտ Արմեն Դավթյանի կամ նախագահի աշխատակազմի նախկին մասնագետ Երան Ղազարյանի մասին է (վերջինս այժմ նույնպես ԱՄՆ-ում է):

Դատախազությունը փորձելու է հասնել նրան, որ դատարանում ցուցմունքներ չտան ազգային անվտանգության այն աշխատակիցները, որոնք օպերատիվ աշխատանքներ էին տարել Նաիրի Հունանյանի հետ: Չեն դատակոչվելու ԱԱԾ օպեր-լիազորներ Վահան Մանուկյանը եւ Կարեն Պարունակյանը, Ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ ԱԱ հարցերով խորհրդական Արամ Բեգոյանը:

Կզարմանայինք, թե ինչպես է այս ցանկից դուրս մնացել ԱԱՆ հատուկ գումարտակի նախկին մարտիկ Ղազար Սարգսյանը, որը 2000-ի փետրվարին հետեւյալ ցուցմունքն էր տվել Հունանյանի հետ իր հանդիպման մասին. «Նա վարկաբեկում էր երկրի ղեկավարներին, ասում էր՝ բոլորին մորթել է պետք: ԱԱՆ մի ընկեր ունեմ՝ Կարեն անունով, ես հանդիպեցի նրան եւ ասացի Նաիրիի մտադրությունների մասին», իսկ ավելի ուշ՝ լրացուցիչ ցուցմունքում հայտնել, թե խոսքը ԱԱՆ աշխատակից Կարեն Տեր-Տաշչյանի մասին է, որի հետ ինքը համագործակցել՝ տեղեկություններ է հայտնել:

Սակայն ավելի վաղ էինք փոխանցել մեր ունեցած տեղեկությունները՝ Ղազար Սարգսյանը հրաժարվելու է իր այդ ցուցմունքներից, թե ԱԱՆ-ին զեկուցել է երկրի ղեկավարներին մորթելու մտադրությունների մասին: Ուստի եւ այժմ 12 վկաներից մեկն է:

Սա, իհարկե, ցուցակից դուրս մնացածների ոչ ամբողջական թվարկումն է: Առայժմ ձեռնպահ մնանք մեկնաբանություններից: Միայն նշենք, որ եթե դատախազությունն իրոք անփոփոխ ներկայացնի այս ցանկը, եւ դատարանն էլ բավարարի միջնորդությունը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները ճիշտ կանեն՝ ուղղակի այլեւս չմասնակցեն «27»-ի դատավարությանը: Թող արագ ավարտեն ամեն ինչ: Բարեբախտաբար՝ մահապատիժն էլ վերացվելու է, ուստի այս հանցագործության իրական պատկերը դատարանում բացահայտելու համար ապագայում չի լինի որեւէ խոչընդոտ:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031