Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՀԱԿԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ»

Հուլիս 16,2003 00:00

«ՄԱՀԱԿԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ» Կարծում է ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը Եվրոպական կառույցները, ըստ երեւույթին, մեր քաղաքական վերնախավի վայրագ մենթալիտետը հաշվի առնելով ստիպում են մեզ վերացնել մահապատիժը։ Եվ՝ բոլոր մյուս չկատարած պարտավորությունները մի կողմ դրած, առաջ մղում մահապատժի վերացման պարտավորությունը։ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին, երեկ՝ Փարիզ մեկնելուց առաջ, հասցրեց Սահմանադրական դատարան ուղարկել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը։ Պարանը կարծես ձգված է, մնում է կապերը անել։ Սակայն որքան էլ այս ամենը հասկանալի, նույնքան հարցաշատ է՝ ինչո՞ւ այսօր, եւ ի՞նչն էր խանգարում իշխանություններին մահապատիժը վերացնել դեռ վեց ամիս կամ մեկ տարի առաջ։ Հնարավոր է՝ ընտրություններից առաջ պոպուլիստական նկատառումները, նաեւ չի բացառվում, որ իշխանությունների ծրագրերի մեջ էր մտնում մահապատժի վերացումը վավերացնել «27»-ի դատավարության ընթացքից կախված, որը հասցրեց այսպիսի աբսուրդ վիճակի։ Երեկ մեզ հետ զրույցում ԵԽ ԽՎ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը մասնավորապես նկատեց. «6-րդ արձանագրությունը Հայաստանում չի վավերացվել իշխանության եւ խորհրդարանական այն մեծամասնության պատճառով, որը լիովին ենթարկվում էր Ռոբերտ Քոչարյանին։ Ի՞նչն էր պատճառը, որ չվավերացվեց՝ ունեին բավարար ձայներ եւ կարող էին անել իրենց ուզածը։ Միտումնավոր 6-րդ արձանագրությունն առանձնացվեց, եւ առիթ տրվեց քաղաքական շահարկումների։ Այդ շահարկումների մի մասն այն է, որ ընդդիմությունն է իբր խանգարել վավերացմանը։ Մեր կարծիքը հետեւյալն է՝ ինչպե՞ս է, որ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը պայմանավորվել են պաշտոնների բաժանման հարցում, 6-րդ արձանագրության վավերացման հարցում չեն կարողանում»։ Շավարշ Քոչարյանն ամենեւին այն կարծիքին չէ, թե «մարդկային կյանքն այսօրվա իշխանության համար այնքան բարձր արժեք է, որ ուզում են մահապատիժը վերացնել։ Մենք շատ լավ գիտենք իրենց ե՛ւ հոգեբանությունը, ե՛ւ արժեքային համակարգը»։ Շավարշ Քոչարյանը չհերքեց, որ «Արդարություն» դաշինքում եւս կան տարբեր կարծիքներ, «հիմնականում ընդունում ենք, որ Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի, բայց «Արդարություն» դաշինքը գտնում է, որ չի կարելի պարտավորություններից մեկը վեր հանել՝ շեշտադրումը դրա վրա կատարելով, իսկ մնացածը մի կողմ թողնել։ Սակայն չէ՞ որ այդ մնացածի մեջ են մտնում մարդու հիմնարար ազատությունները։ Եվ այս տեսակետից «Արդարություն» դաշինքի դիրքորոշումը խիստ հստակ է՝ եկեք մահապատժի հարցը չառանձնացնենք եւ պարտավորությունները դիտենք ամբողջության մեջ»։ Շավարշ Քոչարյանն ասաց, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի երկրում անցկացվեն նորմալ ընտրություններ, որպեսզի հարգվի խոսքի ազատությունը»։ Պատգամավորին առաջարկեցինք մեկնաբանել, թե որքանով է իրատեսական ԵԽ ԽՎ մանդատից Հայաստանի պատվիրակությանը զրկելու հնարավորությունը։ Ըստ պրն Քոչարյանի, դժվար թե Հայաստանի պատվիրակությունը ԵԽ մանդատից զրկեն սեպտեմբերին. «մոնիտորինգի խումբը դեռ կներկայացնի իր զեկույցը, ժամանակ կտա, որ Հայաստանը պատասխանի այդ զեկույցի հարցադրումներին։ Եվ հարցը, երեւի, վերջնական լուծում կստանա հունվարին եւ ոչ թե սեպտեմբերին։ Ինչո՞ւ, որովհետեւ մեր հարեւան երկու երկրներում ընտրություններ են սպասվում, եւ տվյալ պարագայում մահակը Հայաստանի գլխին է կախված, բայց նաեւ՝ եթե Ադրբեջանի ընտրություններն էլ անցնեն նմանատիպ մթնոլորտում (ինչպես մեզ մոտ), իսկ Ադրբեջանում երբեք նորմալ ընտրություններ չեն անցկացվել, ապա չի բացառվում, որ մահակը միանգամից երկուսի գլխին կջարդվի»։ Արդյո՞ք, ԵԽ-ն չափազանց խիստ չէ մեր, եւ համեմատաբար մեղմ չէ Ադրբեջանի հանդեպ։ Ըստ մեր զրուցակցի՝ պատճառը պարզ է՝ մենք ձեւեր ենք անում, թե ժողովրդավար ենք, իսկ Ադրբեջանը ձեւ չի անում. «Այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները երբեք ձեւ չեն թափել՝ համոզելու աշխարհին եւ եվրոպական կառույցներին, թե իրենք ապրում են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներով։ Հակառակը՝ իրենք միշտ էլ ասում են, թե իրենց ժողովուրդը բավականին հետամնաց է, խորհրդային տարիների ժառանգությունը դեռ կա եւ այլն։ Երբ որ երկիրն այդպես է ներկայացնում, ապա ցանկացած առաջընթաց ներկայանում է որպես առաջընթաց։ Հայաստանի պարագան այլ է՝ իշխանություններն ամենուրեք թմբկահարում են, թե ժողովրդավար են, խոսքի ազատություն են իրականացնում (այո՝ «Ա1+»-ը փակում են), խաբելու այս ոճը հենց դրան է տանում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել