Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հերթական անգամ մենք պարտվեցինք

Հուլիս 15,2003 15:00

Հարցրեք փողոցի ցանկացած անցորդի և կհամոզվեք, որ նա այս ընտրություններից հետո իրեն պարտված է զգում: Հանրությունը ամբողջությամբ իրեն պարտված է զգում: Ինչո՞ւ: Մի՞թե այն պատճառով, որ ընտրությունների ձևական արդյունքներով խորհրդարանում հայտնվեցին քաղաքական ուժեր կամ անհատներ, որոնք արդարացիորեն այդ պատասխանատվությանը արժանի չեն և այդ առումով հանրության մոտ վստահություն չեն վայելում:

Կարելի է մասամբ համաձայնել նման պնդման հետ, այն էլ հիմնականում մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների մի մասի առումով: Քանի որ դժվար կլիներ պատկերացնել մի Ազգային Ժողով, որում, կարևոր չէ ինչ հարաբերակցությամբ, բայց ներկայացված չլինեին վերջին տարիներին քաղաքական կյանքում պարագաների բերումով (իշխանամետ ուժերը՝ հիմնականում ի հաշիվ վարչական իշխանության և դրա շնորհիվ ձեռք բերած տնտեսական կարողությունների, իսկ ընդդիմությունը՝ շնորհիվ ժողովրդի մոտ օբյեկտիվորեն ձևավորված դժգոհության և չարության) հիմնական դերակատարում ունեցած կուսակցությունները՝ Հանրապետականը, Ազգային Միաբանությունը, Արդարությունը, Դաշնակցությունն ու Օրինաց Երկիրը: Հետևաբար` հասարակության զգալի զանգվածի անբավարարվածությունը ընտրությունների արդյունքներով չի կարող պայմանավորված լինել միայն Ազգային Ժողովի քաղաքական խճանկարով, չնայած այսօր բոլորը, համարյա առանց բացառության, խիստ տարակուսանք են արտահայտում մեր երկրի քաղաքական բարձրագույն մարմնի քաղաքական որակների առումով:

Հանրային անբավարարվածությունը ամբողջությամբ պայմանավորված չէ նաև այն հանգամանքով, որ այս ընտրությունների ընթացքում անհաջող փորձ արվեց արհեստականորեն, ըստ էության վարչական միջամտությամբ, խաղից դուրս թողնել հանրային կյանքում սեփական կշռով ու ազդեցությամբ իրենց մասնակցությունը վիճարկող մի շարք կուսակցություններ: Արդյունքում, երկրի քաղաքական կառավարմանը իրենց գործնական մասնակցությունը բերելու խնդրում մերժվեցին կուսակցություններ, որոնց գաղափարական և քաղաքական բովանդակությունը չի զիջում, իսկ մի գուցե նաև ավելի նախապատվելի և հեռանկարային է մեր պետության հասարակական-քաղաքական հետագայի համար, քան այն կուսակցությունների բովանդակությունը, որոնք այսօր հայտնվել են Ազգային Ժողովում:

Հետևաբար, որն է մեզանում մասսայական անբավարարվածության պատճառը: Մի օտարերկրացի, որն հետևել էր ընտրությունների ընթացքին, ասաց. ‹‹Պարզվում է, որ Հայաստանում ոչ միայն իշխանություններն են կոռումպացված, այլև ժողովուրդն է ամբողջությամբ կոռումպացված, քանի որ թե իշխանավորը և թե շարքային քաղաքացին պատրաստ է առաջին իսկ իր հնարավորությունն օգտագործել կաշառք վերցնելու համար››: Հասկանալի է, որ նա նկատի ուներ ընտրությունների ‹‹անբաժան քաղաքական բաղկացուցիչը›› դարձած մասսայական ընտրակաշառքը, որը, իշխանությունների լուռ համաձայնությամբ, շռայլորեն բաժանում էին թե առաջադրված անհատ պատգամավորները (ի դեպ անկախ կուսակցական պատկանելիությունից և, առաջին հերթին նրանք, ովքեր ներկայանում էին որպես հիմնական հավակնորդներ) և թե այսօր Ազգային Ժողովում հայտնված կուսակցությունները: Եվ ամենազարհուրելին այն է, որ գնվում էին ոչ միայն ընտրողները, այլև հանձնաժողովների կուսակցական նախագահներն ու անդամները, գյուղապետերն ու քաղաքապետերը: Եվ այս ամենը իրականացվում էր մեզանում համակարգի վերածված ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտում, որը դարձել է բոլոր կեղծիքների և խախտումների հիմնական աղբյուրը: Արդյունքում, ընտրակաշառքը դարձավ քաղաքական արևի տակ սեփական փափուկ տեղը ձեռք գցելու, ըստ էության, միակ գործուն ‹‹ընտրական արգումենտը››, ներկայանալով մեր իրականության մեջ որպես ‹‹քաղաքական›› ուժի և ազդեցության միակ չափանիշն ու հոմանիշը:

Ցավոք, հայերիս մասին նման տպավորություններ տարան իրենց հետ օտարերկրացիները այս ընտրություններից հետո: Այսինքն, այսուհետ մենք, հայերս, օտարերկրացիների մտապատկերացումներում կներկայանանք ոչ միայն որպես ցեզասպանված և երկրաշարժից տուժած ժողովուրդ (որը հաճախ ասոցացվում է անօգնականի և անճարի կերպարի հետ), այլև ազգովի կաշառակեր , այսինքն` միաժամանակ նաև բռի և ստոր բարքերի տեր մի ցեղ, ինչ որ աֆրիկյան մի բան հիշեցնող): Բնական է և ոչ մի հուշ մեր քրիստոնեական բազմադարյա անցյալի մասին: Դժվար է չհամաձայնել, որ այս ամենը սարսափեցնող է, քանզի ստեղծվում է այն կարծիքը, որ մեր ժողովրդի համար այլևս գոյություն չունեն ոչ մի սրբություն, ոչ մի բարոյական չափանիշ և արժեք:

Ահա մեծ հաշվով այն բարոյական հավաքական ‹‹կապիտալը››, որը մենք ձեռք բերեցինք ընտրությունների արդյունքում: Եվ այս ‹‹ծառայությունը›› մեզ և օտարներին մատուցեցին առաջին հերթին և հիմնականում նրանք, ովքեր այսօր Ազգային Ժողովում են և անթաքույց հավակնում են իշխելու ժողովրդին` բառիս բուն իմաստով:

Բայց մի՞թե մենք ազգովի անբարո ենք: Անկասկած ոչ: Մեզ դարձրեցին այդպիսին: Մեզ ազգովի փչացրեցին: Կյանքում հաճախ է պատահում, երբ սոված, վախեցած և անտեր մի անչափահաս աղջնակի, օգտվելով նրա անօգնական վիճակից փողով գայթակղում են, զրկում կուսությունից և հետո լքում՝ ընտելացնելով նրան մարմնավաճառությանը: Միգուցե կոպիտ է հնչում (ներողություն եմ խնդրում բոլորից), բայց դա է իրականությունը: Եվ եթե այս ամենին ավելացնենք քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում կաշառված հանձնաժողովների կամայականություններն ու խախտումները, որի արդյունքում, ըստ էության, նկարվեց ապագա խորհրդարանի քաղաքական խճանկարը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում:

Ահա թե ինչու բոլորն էլ բավարարված չեն ընտրությունների արդյունքներով: Ահա թե ինչու յուրաքանչյուրն իրեն զգում է պարտված, հոգու խորքում նվաստացված և վիրավորված: Սա միգուցե այն հազվագյուտ դեպքերից է, երբ հաղթողներն անգամ, իրենց զգում են բարոյապես պարտված, քանի որ նրանք, ըստ էության, ‹‹հաղթեցին սեփական ժողովրդին››: Արդյունքում այսօր բոլորս ենք պարտված:

Բոլոր կուսակցությունները տարիներ շարունակ, օգտագործելով Ազգային Ժողովի ամբիոնը, թմբկահարում էին քաղաքական դաշտում իրենց բնական անգերազանցության, երկրի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու իրենց անկոտրում պատրաստակամության, հանրային կյանքի կազմակերպման եվրոպական արժեքներին ու ժողովրդավարության իդեալներին իրենց նվիրվածության, արդարության ու բարոյականության, քաղաքական պայքարում ազնիվ մրցակցության մասին: Հետևաբար` բնական հարց է ծագում՝ ի՞նչը ստիպեց նրանց մերժել ընտրություններում հաջողության հասնելու համար պայքարի ընդունված քաղաքական ձևերն ու մեթոդները և դիմել այդչափ պրիմիտիվ և բռի միջոցների (ընտրական ‹‹սև տեխնոլոգիաներ›› տերմինը տվյալ դեպքում կիրառելի չէ ընդհանրապես, քանի որ, լինելով քաղաքական ազնիվ մրցակցության համար անընդունելի, այդուհանդերձ իրենց ձևի մեջ սև տեխնոլոգիաները իրականացվում են պայքարի քաղաքական գործիքների օգտագործմամբ): Չէ որ համատարած կաշառքի համար շռայլված այդ հսկայական գումարների մի մասն անգամ բավարար կլիներ, տպավորիչ և ազդեցիկ քաղաքական գովազդ կազմակերպելով սեփական քաղաքական ծրագրերն ու ընտրական պլատֆորմները ընտրողին հասու և մատչելի դարձնելու ճանապարհով, մրցակիցների նկատմամբ հասնել առավելության և շահել ընտրողների քվեն: Ընդ որում, ակնհայտ է, որ քաղաքական մրցակցությունը հենց դա է ենթադրում: Այդ դեպքում ինչո՞ւ մեր զորեղ քաղաքական ուժերը չնախընտրեցին պայքարի քաղաքական ձևերը:

Միգուցե, որ պայքարի այդ ուղին ավելի շատ քաղաքական հասունություն և կոփվածություն, գաղափարական նվիրվածություն և քաղաքական պայքարի մարտավարության ճկունություն, հետևաբար և ավելի մեծ մտավոր կարողություննե՞ր էր պահանջում, և այդ պատճառով շատերը, իրենց հաշվարկներում չվրիպելու ու կարճաժամկետ հաջողություն արձանագրելու նպատակով նախընտրեցին, նման պարագաներում համարյա անվրեպ գործող, ‹сила есть – ума не надо›› սկզբունքը:

Իսկ միգուցե ծրագրերը որպես այդպիսին, որպես շարքային ընտրողի մոտ վաղվա նկատմամբ հույս ներշնչելու, հանրության կարողությունները մոբլիզացնելու և երկիրը առաջ տանելու գործունեության քաղաքական ծրագրեր, իրենց բովանդակությամբ նույնիսկ հեղինակների՞ մոտ վստահություն չէին ներշնչում և, հետևաբար, իմաստազուրկ էր դառնում ընտրապայքարում քաղաքական ծրագրերի մրցակցությունը ի սկզբանե:

Իսկ միգուցե այս ամենը որոշ քաղաքական ուժերի պետության, ժողովրդավարության, կառավարման քաղաքական համակարգի և հանրային կյանքի կազմակերպման վերաբերյալ խեղաթյուրված ‹‹հայեցակարգային›› պատկերացումների արդյո՞ւնք է:

Իսկ միգուցե այս բոլորը միասին և էլի ուրիշ բաներ: Միգուցէ, բայց այդ ամենը առաջիկա վերլուծությունների մեկ այլ խնդիր է: Իսկ այսօր ակնհայտ է մի բան, որ Անկախ Հայաստանի քաղաքական իրականության մեջ առաջին անգամ իր ողջ խորությամբ, անթաքույց և սարսափելի վճռականությամբ արձանագրվեց, որ այսուհետ հանրային կյանքի կազմակերպման գործընթացը խարսխվելու է մեկ և, ըստ էության, միակ հիմնարար սկզբունքի վրա՝ ուժն է ծնում իրավունքը: Մենք հանրովի փաստեցինք, որ այսուհետ մեր կյանքում իրավունք ունի նա ով ուժեղ է, անկախ այն բանից թե որքանով է այդ ‹‹ուժը›› բարոյական և իրավական առումներով արդարացված ու հիմնավոր:

Ահա մեր ներքին կյանքում հավաքական այն ողջ քաղաքական ‹‹կապիտալը››, որը մենք ձեռք բերեցինք անցած ընտրությունների արդյունքում:

Վերջին հաշվով, կարելի է հաշտվել քաղաքական դաշտի վերաձևման խնդրում որոշակի վոլյունտարիզմի դրսևորումների հետ: Սակայն ոչ նման մեխանիզմներով և ոչ ի հաշիվ ժողովրդի բարոյական նկարագրի: Ոչ ի հաշիվ հանրային կյանքի ապաբարոյականացման, որն առանց այդ էլ զգում է արդարության և բարոյականության լուրջ դիֆիցիտ:

Քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսությունը մերժում է ցանկացած քաղաքական գործունեություն, որի նպատակները չունեն բարոյական արդարացում: Հետևաբար մենք մերժում ենք անցած ընտրությունների ընթացքում ծավալված քաղաքական պայքարը՝ իր ձևեով ու մեթոդներով, որակելով դրանք որպես պսևդոքաղաքական:

Իսկ ինչ վերաբերվում է մեր արտաքին կյանքի վրա այս վերջին մեր ‹‹ձեռքբերումների›› անդրադարձին, ապա ցավով պետք է արձանագրել, որ այս ընտրություններում մենք վճռականորեն (հուսանք, որ ոչ վերջնականապես) մեջքով շրջվեցինք դեպի Եվրոպան՝ օտարվելով նրանից, որքան հնարավորություն տվեց մեր քաղաքական պատասխանատուների երևակայությունը:

Ի դեպ, այս պարագաներում դատողություններն այն մասին թե նման դեպքերի համար միջազգային կառույցները իրենց կանոնակարգերում ուղղակի պատժամիջոցների գործիքներ չունեն նախատեսված՝ առնվազն մանկամտություն է: Նախ միջազգային կառույցները նույնիսկ չեն էլ մտահոգվելու մեր դեֆորմացված իրականությամբ, առավել ևս, ռեսուրսներ էլ չեն ծախսելու մեզ կարգի հրավիրելու համար (դա կլիներ ուղղակի շռայլություն): Եվ երկրորդ, այդ կառուցների, հավասարապես նաև աշխարհի ազդեցիկ պետությունների քաղաքական օրակարգերում մեզ ‹‹զոռով›› ժողովրդավար դարձնելու խնդիր չի դրված և չի էլ կարող դրված լինել, քանզի ժողովրդավարական հասարակություն ձևավորելը դա առաջին հերթին մեզ է հարկավոր, որպես մեր առաջանցիկ զարգացման և միջազգային հանրությանը լիարժեք անդամագրվելու գլխավոր նախապայման:

Միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրոպայի Խորհուրդը, կախված մեր տարածաշրջանում կոնֆլիկտների կարգավորման և դրանով պայամանավորված ազդեցության գոտիների ձևավորման գործընթացի առաջիկա զարգացումներից, ընդամենը կարող է ‹‹հիասթափվել›› և անտեսել մեզ, ուղղակի չնկատել ամենօրյա իր կյանքում՝ դրանից բխող հետևանքներով կամ, որը քիչ հավանական է, պահպանելով եվրոպական էթիկետի բոլոր նորմերը, դուրս հրավիրել մեզ իր ‹‹տանից››, որպես իրենց համակեցության նորմերը չհարգող և ոտնահարող: Արդյունքում, մենք ուղղակի կհայտնվենք ‹‹փողոցում››: Այնպես որ, հայ դասականի խոսքերով ասած, ընդամենը ‹‹մի մուշտի են տալու›› և ուրիշ ոչինչ:

Կասկածից վեր է, որ այս ամենը ընդամենը հետևանք է մեր հանրային կյանքում արմատացած համակարգային բնույթի խեղաթյուրումների: Ընտրությունները մեզանում մեր հանրային կյանքի որակները ախտորոշող յուրատեսակ լակմուսի թղթի դեր են կատարում: 1995թ.-ից սկսած ընտրությունից ընտրություն մենք կորցնում ենք այդ որակները՝ արձանագրելով հանրային օրգանիզմի հիվանդության առանձին սինդրոմներ: Սակայն վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ հիվանդությունը շատ է խորացել և իր մետաստազներով վարակել է հանրային կյանքի համարյա բոլոր ոլորտները:

Ահա թե ինչու հերթական անգամ մենք պարտվեցինք: Ժամանակն է ախտորոշել հանրային օրգանիզմի հիվանդությունները, պարզել դրանց պատճառները և հանրովի ձեռնամուխ լինել դրանց բուժմանը: Ընդ որում այս ամենը պետք է անել անաչառ, հավատարիմ մնալով սեփական Երկրի քաղաքացու կոչմանը, պրոֆեսիոնալ և մաքուր հոգով:

Ակնհայտ է, որ եթե մենք ինքներս ձեռք չառնենք միջոցներ և չդրսևորենք ինքնամաքրվելու և հանրային կյանքը արատներից ձերբազատելու մեր հավաքական քաղաքական կամքը, դրանով իսկ փորձելով վերականգնել երկրի խաթարված միջազգային վարկն ու կանխել միջազգային հանրության բացասական դրսևորումները Հայաստանի նկատմամբ, ապա մենք դատապարտված կլինենք հայտնվելու վերջինիս համար անընդունելի ‹‹ռեժիմների›› ցանկում՝ դրանից բխող ամենատարբեր, հայերիս համար ոչ նպաստավոր, հետևանքներով:

Խոսրով Հարությունյան

 Հայաստանի ՔրիստոնեաԴեմոկրատական

 Միության Նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031