ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ ՑԱՏԿԵԼՈՒ ՁԵՎԸ Սպորտպետկոմի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց հանրապետության ամբողջ տարածքում մասսայական ֆիզկուլտուրայի ճիշտ կազմակերպումն ու այդ նպատակով մարզաբազաները կարգի բերելը։ Տոնակատարությանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ՏԻՄ ղեկավարներ։ Նրանցից մի քանիսին հարցեր ուղղեցինք։ ԿԳ նախարար Սերգո Երիցյանին հարցրինք, թե ի՞նչ քայլեր են արվում հանրակրթական դպրոցներում մարզադահլիճների ու բացօթյա խաղահրապարակների անմխիթար վիճակը բարելավելու, ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման որակը բարձրացնելու ուղղությամբ եւ ե՞րբ կարող ենք ասել, որ դպրոցներում այդ խնդիրն այլեւս լուծված է։ «Կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող։ Այդ հարցերի վերաբերյալ կառավարությունում կա ծրագիր, որի իրականացման համար սահմանված է հինգ տարի»,- եղավ պատասխանը։ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ընդհանրապես հրաժարվեց այդ թեմայով խոսելուց, հավանաբար այն պատճառով, որ նոր է ստանձնել պաշտոնը եւ խնդրին դեռ չի հասցրել ծանոթանալ։ Իսկ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի հետ զրույցի թեման զբոսայգիների վիճակն էր, որոնք համատարած վերածվել են սրճարանների։ – Կառավարության որոշումով կենտրոնի ամբողջ կանաչ տարածքը, այդ թվում նաեւ զբոսայգիները, ընդունում է համայնքը,- ասաց նա։ – Այգիները ֆիզկուլտուրայով զբաղվող երեւանցիներին վերադարձնելու, առողջական նոր գոտիներ ստեղծելու կոնկրետ ծրագրեր ունե՞ք, երբ մայրաքաղաքի կենտրոնը բնակեցված է գերխիտ, ու ազատ տարածքների խնդիր կա։ – Ունենք։ Երբ կանենք, ինքներդ կտեսնեք ու կլուսաբանեք։ Ա. Հ.