Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՊԵՍ ԿԱՊՐԵՍ 60 ՀԱԶԱՐՈՎ 2007-ԻՆ

Հուլիս 15,2003 00:00

ԻՆՊԵՍ ԿԱՊՐԵՍ 60 ՀԱԶԱՐՈՎ 2007-ԻՆ Կառավարության նոր ծրագիրը կոնկրետ թվեր, նպատակներին հասնելու համար մեխանիզմներ գրեթե չի նախատեսում։ Այստեղ միակ կոնկրետ թիվը «առնվազն 60 հազար դրամի մակարդակն» է, որ կառավարությունը խոստանում է ամեն ամիս ապահովել ուսուցիչների համար 2007 թվականին։ Ուստի փորձեցինք հաշվել, թե այս 60 հազար դրամն ին՞չ կարժենա նշված ժամանակում։ Սկսենք նրանից, որ դրամի սղաճը մեր տնտեսության մասնագետների հաշվարկով դեռեւս անհրաժեշտ է։ Այսինքն պետք է աչքի տակ ունենալ դրամի արժեզրկումը։ Հարկ է հաշվարկել նաեւ ամենօրյա անհրաժեշտ ու անխուսափելի ծախսերը։ Ուսուցիչների մի քանի ընտանիքներում «Առավոտը» հարցումներով պարզեց, որ երիտասարդ, երկու երեխա ունեցող ուսուցչի ընտանիքը ծախսում է ամսական (ողջ տարվա հաշվարկով) միջինը շուրջ 200 կիլովատ էլեկտրաէներգիա, ջրի դիմաց վճարում է 5000-6000 դրամ։ Էլեկտրաէներգիան (եթե ինչպես խոստացվում է) 5 դրամով թանկանալու դեպքում կվճարի 1000-2000 դրամով ավելի։ Քանի որ սպասվում է նաեւ ջրի սակագնի թանկացում, ուստի ուսուցչի վաստակով ապրող ընտանիքը այս «ամենամյա աճից» հատկացում պետք է անի նաեւ ջրի սակագնի տարբերությունը փակելու համար։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ սակագների բարձրացում մինչեւ 2007 թվականը մեկ անգամ չէ եւ ընդամենը նշված չափով չէ, որ նախատեսվում է։ Հակառակ վիճակն ապահովող հիմք չկա։ Եթե նկատի ունենանք առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը պարզապես անխուսափելի է, ապա ակնհայտ է դառնում, որ ուսուցիչն իր ընտանիքով չի «տեղավորվի» այս 60 հազարի մեջ։ Իհարկե, այսքան անորոշ ցուցանիշներ ունենալով հնարավոր չէ ստույգ հաշվարկել տնտեսական (ՀՆԱ-ի) աճի, աշխատավարձի եւ թանկացվող ապրանքների ու ծառայությունների հարաբերակցությունը, բայց համապատասխաննությունն էլ չես տեսնում։ Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել