Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՈԼԱՌԱՏ ՏՈՒՐ

Հուլիս 15,2003 00:00

ԳՈԼԱՌԱՏ ՏՈՒՐ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը սկսվեց խաղացանկով նախատեսվածից շուտ։ «Փյունիկ»-«Կոտայք» խաղը կայացավ հուլիսի 11-ին։ Հանրապետության չեմպիոնը, նախապատրաստվելով ՉԼ172ի որակավորման 1-ին փուլի հանդիպմանը, վերջին, ստուգողական հանդիպումը սեփական հարկի տակ անցկացրեց։ Խաղասկզբում «Կոտայքի» ֆուտբոլիստները գործում էին ակտիվ եւ հենց աբովյանցիները կարող էին բացել հաշիվը, եթե դիպուկ գտնվեր Տիգրան Դավթյանը։ Ստանալով գնդակը Արթուր Քոչարյանից, Դավթյանը կարողացավ տիրել գնդակին Էդուարդո Դավիլայի հետ պայքարում, բայց 4-5 մետր բարձր հարվածեց։ Հանդիպումը շարունակվում էր երկկողմանի գրոհներով մինչեւ 23-րդ րոպեն, երբ «Կոտայքի» պաշտպանները սեփական տուգանային հրապարակում վայր գցեցին Խուան Պաբլո Պեռալտային, եւ մրցավար Գեւորգ Հովհաննիսյանը անմիջապես ցույց տվեց 11 մետրանոց նշակետը։ Հենց Պեռալտան էլ իրացրեց տուգանային հարվածը։ Ճիշտ է, աբովյանցիները ձգտում էին բեկում մտցնել խաղի մեջ, բայց վտանգավոր պահեր «Փյունիկի» դարպասի մոտ սկսեցին առաջանալ միայն խաղավերջում, երբ խաղի ելքը արդեն վճռված էր։ Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» գրոհներից երեքը ավարտվեց «Կոտայքի» դարպասի գրավումով։ 56-րդ րոպեին նպատակին հասավ Լեւոն Փաչաջյանի հարվածը։ Խաղի ավարտից 2 րոպե առաջ, փոխարինման ելած Էդգար Մանուչարյանը ստանալով գնդակը Կառլ Լոմբեից, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ եւ դիպուկ հարվածով խոցեց «Կոտայքի» դարպասի հեռավոր անկյունը։ Իսկ երկու րոպե անց արդեն Մանուչարյանը ճիշտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Լոմբեին։ Դարպասապահ Էդիկ Երիցյանը կարողացավ հետ մղել Լոմբեի հարվածը, բայց «Փյունիկի» կիսապաշտպանը գնդակը հասցեագրեց «Կոտայքի» տուգանային հրապարակ, որտեղ առաջինը գնդակին հասավ Լեւոն Փաչաջյանը, խփելով 4-րդ գոլը այս խաղում։ Աբովյանցիներին հաջողվեց խփել միայն հեղինակության գոլը։ Ավելացված ժամանակի վերջին րոպեին Վադիմ Կագրամանովի լավ փոխանցումից հետո Տիգրան Դավթյանը թրջեց հաշիվը՝ 4։1։ Խոշոր հաշվով հաղթանակ տարավ նաեւ «Բանանցը»։ «Արաքսի» ֆուտբոլիստները միայն առաջին 35 րոպեներին կարողացան դիմադրել տանտերերի գրոհներին։ Այնուհետեւ երեւանցիները դրսեւորեցին իրենց առավելությունը՝ խփելով չորս անպատասխան գնդակ։ Խաղի հերոսը դարձավ Արա Հակոբյանը, որը հեղինակեց հերթական հեթ-տրիկը։ Նախ նշենք, որ Արա Հակոբյանը անցավ իր խփած 100 գոլերի սահմանը Հայաստանի առաջնություններում եւ Հայաստանի գավաթի խաղարկություններում, գոլերի թիվը հասցնելով 102-ի։ Բացի Արայից, այս խաղում մեկ գոլի հեղինակ էլ դարձավ Արամ Հակոբյանը։ «Բանանցը» վաստակելով 23 միավոր, շարունակում է հետապնդել «Փյունիկին»։ 6-րդ հաղթանակը տոնեց Աշտարակի «Միկան»։ Ի դեպ նշենք, որ «Միկայի» ֆուտբոլիստները առայժմ կամ հաղթում են, կամ պարտվում։ «Դինամո-2000» -ի հետ խաղում հանրապետության գավաթակիրը երեք անգամ մրցակցին ստիպեց խաղը կենտրոնից վերսկսել։ Նպատակին հասան Արտյոմ Ադամյանի, Կարեն Մուրադյանի եւ Արմեն Պետիկյանի հարվածները։ Ընդ որում, Արմեն Պետիկյանը երկու 11 մետրանոց հարվածներից իրացրեց մեկը։ Տուրի ամենախոշոր հաշիվը գրանցվեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնագործի» դարպասը։ Առաջին կեսում Տիգրան Դավթյանը մեկ րոպեի ընթացքում դարձավ երկու գոլի հեղինակ, իսկ Կարեն Ալեքսանյանը 31-րդ րոպեին խփեց 3-րդ գնդակը։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկան Հենրիկ Բադիկյանը եւ Անդրանիկ Բարիկյանը։ Մրցաշարային աղյուսակ Փյունիկ 11 8 3 0 34-5 27 Բանանց 11 7 2 2 21-7 23 Շիրակ 11 7 1 3 20-9 22 Միկա 11 6 0 5 17-14 18 Կոտայք 9 4 2 3 11-13 14 Լեռնագ. 10 2 2 6 9-19 8 Դինամո 10 2 1 7 8-17 7 Արաքս 11 0 1 10 2-38 1 ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել