Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գոյը» փորձում է գոյատեւել

Հուլիս 15,2003 00:00

«Գոյը» փորձում է գոյատեւել Մինչ նորոգված մշակութային օջախները պատրաստվում են հանդիսատեսի առջեւ բացել իրենց դռները, նրանցից մի քանիսը շարունակում են տարածքային խնդիրներ ունենալ։ Այդ «բախտին» է արժանացել նաեւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տանիքում «պատսպարված» «Գոյ» թատրոնը, որը ղեկավարում է ռեժիսոր Արմեն Մազմանյանը։ «Ոչ միայն մենք, այլեւ մի շարք թատրոններ այսօր կանգնած են այդպիսի խնդիրների առաջ։ Օրինակ, մնջախաղի թատրոնը, աշխատում է Գեղարվեստի ակադեմիայի շենքում եւ այնտեղ շարունակական քաշքշուկ է։ Ի վերջո, պիտի հասկանանք, որ շենքը, տարածքը ոչ մեկինը չէ, եւ այն մարդիկ, որոնք ընդամենը պետական ծառայող են, իրավունք չունեն դեւերի նման նստել մի-մի թատրոնի վրա ու թույլ չտալ, որ որեւէ շնորհալի, գործ անող մարդ մոտենա։ Թատերական դաշտը ժառանգական չէ, այն պիտի ազատ լինի եւ պայմանագրով հանձնվի նրանց, ովքեր ասելիք ունեն։ Այսօր մեր մայր թատրոնը ամենամեծ դրամատիկ թատրոնի հարթակն է։ Ինչո՞ւ է սատկած այդ հարթակը։ Եվ արդյոք դրանից չէ՞, որ ժամանակ առ ժամանակ նրանք (սունդուկյանցիները) գոռում են՝ տանիքը տվեք, մերն է (այնտեղ տեղակայված է «Գոյ» թատրոնը)։ Դա պետական շենք է, եւ ինչո՞ւ մենք պիտի զրկվենք այնտեղ աշխատելու իրավունքից։ Ես ուզում եմ ազատ մրցակցային դաշտ։ Մենք տարածք չենք ուզում, ուղղակի այդ քառակուսում թող բազավորվի եւ ապրի «Գոյ» թատրոն միավորը, թեկուզ իրենց ենթակայության տակ, իրենց հաստիքներով։ Ուղղակի աշխատի մեր գեղագիտությամբ եւ մեր որակին համապատասխան։ Արդեն երեք տարի է ձգվում է այդ քաշքշուկը։ Քանդել են ամբողջ տանիքը, փչացրել մեր ունեցվածքը եւ նույնիսկ այդ վիճակում այնտեղ են պատրաստվել «Խաթաբալադա», «Իմ մեղքը», Աշոտ Ղազարյանի վերջին ներկայացումը եւ այժմ էլ Խաչիկ Չալիկյանի հեռուստաներկայացումը։ Մարդկանց տարածք է պետք աշխատելու համար։ Սունդուկյանցիներին այդ տարածքը պետք չէ եւ նրանք դեմ չեն, որ այնտեղ աշխատի էքսպերիմենտալ խումբ։ Միայն ոչ Մազմանյանը, միայն ոչ «Գոյը»։ Վախենում են, որ կլինի նոր «6 պերսոնաժ», նոր «Ռնգեղջյուր» եւ իրենց ավտոբուսով բերվող հանդիսատեսը մի օր, սեփական կամքով կդառնա «Գոյի» երկրպագուն։ Մեզ վտարում են, ասելով՝ թատրոն չկա, տվեք՝ թատրոն անենք։ Մենք էլ ասում ենք՝ թատրոն կա, թողեք աշխատենք։ Եթե հարցեր ունեն, թող գան բաց դաշտ եւ խոսեն։ Ազգակցական եւ բարեկամական կապերով հարց չեն լուծում։ Ես գիտեմ, որ մեզ մոտ կան բոլոր հնարավորությունները, որ թատերական կյանքը, եթե ոչ ծաղկի, ապա գոնե մի 50-60%-ով բարելավվի։ Ամիսներ առաջ «Կրեդիտ-Երեւան» բանկի հետ տարածքային մեկ այլ խնդիր ուներ «Գոյակ» մշակութային կենտրոնը (գտնվում է Մաշտոցի պողոտայում)։ Վերջինս «Գոյակ» կենտրոնից տարածք էր պահանջում՝ պատճառաբանելով ինչ-ինչ վարկային պարտավորություններ։ Սակայն դրանք ոչ մի կապ չունեին տարածքի վարձակալության պայմանագրի հետ։ Գործը մտավ դատարան եւ դատը լուծվեց հօգուտ մեզ։ «Գոյակ» արվեստի տունը պիտի մնա, եւ մենք ամեն ինչ կանենք, որ այն կատարի իր դերը։ Ուզում ենք «արտադրանք» տալ եւ հույս ունենք, որ շուտով ամեն ինչ լավ կլինի»։ Արմեն Մազմանյանը մտահոգված է մշակութային դաշտում առկա մի շարք այլ կարեւոր խնդիրներով. «Ցավոք, պիտի փաստեմ, որ մշակույթի բնագավառի ղեկավարների փոփոխությունից, այս 10-12 տարվա փորձը ցույց է տվել, որ ոչինչ չի փոխվում։ Որպեսզի հայ մշակույթը, մասնավորապես՝ բեմարվեստը, պահպանվի, էլ չասեմ զարգանա, հույժ անհրաժեշտ է հայեցակարգ-ծրագիր, որի մասին բազմիցս ասել եմ։ Քանի մեր ԱԺ-ն փաստաթղթի տեսք չի տվել մի պարզ ճշմարտության Դրանք կրթությունը, գիտությունը, մշակույթը ազգային անվտանգության, ռազմավարական առաջնային խնդիրներ են, ինչպես բանակը, անվտանգությունը, դրամը, մեր զարգացման գործընթացը թերի կլինի։ Իսկ եթե, ինչպես մյուս պետությունները, դա չփաստենք եւ չընդունենք, դրանից բխող օրենսդրական փաթեթներով, ամեն ինչ կլինի կիսատ-պռատ, տարերային։ Եթե թատրոնի գործիչը խոսում է թատրոնի մասին որպես մշակութային, կրթական, գեղագիտական, դաստիարակչական համակարգի, չի նշանակում, որ ասում ենք՝ մեզ շատ փող տվեք։ Այո, մշակույթին հատկացված է շատ փոքր բյուջե։ Բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն գումարներով, որ մենք այսօր ունենք, գրագետ վերաբաշխելու դեպքում մեկ ամսվա ընթացքում կարելի է փրկել թատերական դաշտը, մեկ տարի հետո ունենալ որակ»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել