Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

4 ամիս՝ առանց աշխատավարձի

Հուլիս 15,2003 00:00

4 ամիս՝ առանց աշխատավարձի Մանկապարտեզներում աշխատավարձի պարտքը չի մարվում «Զվարթնոցի» պատճառով «Առավոտն» օրերս ստացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապարտեզների աշխատակիցների նամակն այն մասին, որ 4-5 ամիս է՝ իրենք աշխատավարձ չեն ստանում: «Աշխատանքային պայմանագրով մեզ համար նախատեսված են իրավասություններ. կողմերը պարտավոր են կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները: Մեր կատարած ծառայությունն ինքնին բարեգործություն է, սուրբ առաքելություն, որը մեր հարգարժան վերադաս մարմինների կողմից գնահատվում է գրոշներով: Իսկ այդ խղճուկ գումարը պարբերաբար վերադասն ափսոսում է վճարել՝ ուշացնելով մինչեւ 4-5 ամիս եւ հիշեցնելով (թե սպառնալով) պայմանագրով չնախատեսված, բայց իրենց համար էական կետ դարձրած՝ մանկապարտեզները փակելու եւ վարձակալական հիմունքներով այլ կազմակերպությունների հանձնելու հավանականության մասին»: Նամակը ստորագրված է, սակայն, հասկանալի պատճառներով, չկան հեղինակների կոնկրետ անուններ: Խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթության բաժին: Բաժնի պետ Ռաֆայել Մարտիրոսյանը հաստատեց նամակում նշված փաստի իսկությունը: Մանկապարտեզների աշխատակիցներին, իսկապես, 4 ամիս աշխատավարձ չի տրվել: Եվ պատճառը տեղական եկամուտների չվճարումներն են՝ հողի, գույքի հարկեր եւ այլն: Օրինակ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն («Զվարթնոց» օդանավակայան) համայնքին 58 մլն դրամի հողի եւ գույքի պարտք ունի: «Եվ դրանից համայնքի բյուջեում ճեղքվածք է առաջացել»,- պարզաբանեց Ռ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ ճեղքվածքը առաջիկայում կփորձեն փակել պետական դոտացիաների միջոցով: Բաժնի պետի հավաստմամբ, աշխատավարձի նման ուշացման դեպքեր միայն 2003 թ.-ին են պատահել: Մինչ այդ աշխատողներին վճարել են ժամանակին՝ նույնիսկ, երբ նույն «Զվարթնոց» օդանավակայանն ուներ մոտ 400 միլիոնի պարտք: Փաստորեն, ստացվում է, որ համայնքը 342 մլն պարտքը հետ ստանալուց հետո ավելի է դժվարացել վճարել աշխատավարձերը: Գուցե առավել կարեւոր ծախսերի կարիք է եղել, սակայն ավելորդ անգամ համապատասխան պաշտոնյաների ուշադրությունը սեւեռենք այն հանգամանքի վրա, որ մանկապարտեզներում նման պայմաններում աշխատող նյարդայնացած ու չարացած դաստիարակը կամ դայակը գործ ունի մեր երեխաների հետ: Բաժնի պետը նաեւ նշեց, որ երեկ թաղապետի հետ քննարկվել է այս հարցը, եւ առաջիկա 10-15 օրերի ընթացքում երրորդ եռամսյակի դոտացիաներով կմարվեն բոլոր աշխատավարձերը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել