Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓՈԽՎԵՑ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԸ

Հուլիս 15,2003 00:00

ՓՈԽՎԵՑ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԸ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց Օլեգ Յունոշեւի հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ փոխվել է նրա թարգմանը։ Այսուհետեւ Մարինե Սիմոնյանը դատավարության ողջ ընթացքում կիրականացնի թարգմանությունները։ Տեղեկացանք, որ նա ունի ռուսական միջնակարգ կրթություն, սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում եւ 2 ամիս թարգմանություն է իրականացրել Արարատի մարզի Վեդիի դատարանում։ Դատավոր Սամվել Ուզունյանը բացատրեց նրա իրավունքները եւ պարտականությունները։ Նա «լրիվ, ճշտորեն, ժամանակին» պետք է իրականացնի թարգմանությունները, եւ որ Քրեական դատավարության օրենսգրքի 196 հոդվածի համաձայն, «ակնհայտ սուտ թարգմանության համար» կարող է ենթարկվել պատասխանատվության։ Երեկ քրհետապնդման փորձ նրա նկատմամբ, համենայնդեպս, չնշմարվեց։ Դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան են ուղարկվել Վռամ Գալստյանի անձնական գործը եւ բժշկական փաստաթուղթը։ Դրանք պատճենահանվելուց հետո ուղարկվելու են մեկուսարան։ Մեկ ժամ ուշացումով դատարան ներկայացավ վկա Անդրանիկ Դարբինյանը (նախկին ոստիկան, համակարգից հեռացված), որը շարունակեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին։ Վկան հայտնեց դատարանում, որ ԱԺ-ի կարմիր նախասրահում ծառայությունը սկսել է իրականացնել 1997-ից։ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցերին էլ ի պատասխան՝ պնդեց, որ ոչ մի րոպե չի բացակայել կարմիր նախասրահից, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կատարված ոճրագործության օրը եղել է կարմիր նախասրահի սյան մոտ Միշա Մանուչարյանի հետ կանգնած, ուր իրենց է մոտեցել սպիտակ անձրեւանոցով ահաբեկիչը, բղավելով՝ պառկեք, չշարժվեք։ Սակայն այս վկան պառկելու փոխարեն փախել էր։ Նա համոզված է եղել, որ ահաբեկիչները չեն կրակի։ Այս վկայի դատաքննական ցուցմունքները էական հակասություններ ունեցան տուժողներ Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի (դատարանում հստակեցման համար հնչեց «Լեդի» մականունը) ցուցմունքների, ինչպես նաեւ ամբաստանյալներ Հունանյանների ցուցմունքների հետ։ Խոսրով Հարությունյանը դատարանում հայտնել էր, որ իրենք ԱԺ են գնացել մի քիչ ուշացումով։ Երկու գործոն նրա ուշադրությունն է գրավել։ Նախ, որ վարչապետի թիկնապահները չպիտի լինեին նիստերի դահլիճից ներքեւ, բայց եղել են, եւ երկրորդ, երբ ինքը մտել է առաջին դռնից ներս, վարչապետը նստած էր մենակ («տարօրինակ էր, որովհետեւ նրա կողքին միշտ ձգտում էին նստել»)։ Այս վկան՝ Անդրանիկ Դարբինյանը, դարձյալ պնդեց, որ ինքը չի բացակայել կարմիր նախասրահի առաջին դռան մոտից։ Այս դեպքում տարօրինակ էր, որ Խոսրով Հարությունյանը չի տեսել նրան։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանն էլ դատարանում ցուցմունք էր տվել, որ մինչեւ դահլիճ հասնելը հստակ չի հիշում՝ որեւէ մեկին տեսե՞լ է, թե՞ ոչ։ Հունանյան կրտսերը պնդել էր դատարանում, որ իրենց բարձրանալուց ոչ ոք չի եղել կարմիր նախասրահում։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր հերթին հայտնել էր, որ նիստը սկսվելուց հետո 3-րդ դռնից դուրս է եկել, եկել է առաջին դռան դիմաց գտնվող աթոռների մոտ եւ նստել Արմենակ Արմենակյանի հետ։ Երբ լսել է, որ Վազգեն Սարգսյանին հարցեր են ուղղում, նորից մտել է դահլիճ։ Այս վկան դարձյալ պնդեց, որ ինքը կարմիր նախասրահում որեւէ մեկին չի տեսել։ Փաստաբան Աշոտ Սարգսյանը ստիպված էր վկայակոչել քրեական գործում առկա տեղազննության արձանագրությունը, ըստ որի, Արմենակ Արմենակյանը սպանվել է այնտեղ, որտեղ կանգնած է եղել նախկին ոստիկան Անդրանիկ Դարբինյանը։ «Դուք այնտեղ չեք եղել»,- շարունակեց փաստաբանը։ Մեջբերվեց մեկ այլ վկայի՝ Արա Կարախանյանի ցուցմունքը, ըստ որի, նա ասել էր. «Երբ Ա. Դարբինյանը իջավ ներքեւ, ասաց՝ Արմենակյանին խփեցին»։ Հետեւեց հարցը, թե որտեղի՞ց գիտեր Ա. Դարբինյանն այդ մասին։ Վկան հեգնանքով նախ նկատեց. «Ա. Կարախանյանը էդ վախտ որտե՞ղ էր»,- եւ ապա հայտնեց, որ ԱԺ տնտեսական բաժնի աշխատակից Խաչիկ Հովհաննիսյանից է լսել հոկտեմբերի 29-ին, որ Արմենակյանին խփելը պատմել է իրեն Խաչիկը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դատարանում տված ցուցմունքի այս հատվածը ինչ-ինչ առումներով համընկնում է ոստիկանների պահվածքի հետ. «Ալիկ Հարությունյանը ասել է, թե այդ պահին ոստիկան չի լինելու»։ Հետեւաբար, տարօրինակ չէր, որ ոստիկաններ թե՛ Ավետիք Թաշճյանը, թե՛ Անդրանիկ Դարբինյանը ԱԺ-ում՝ իրենց պահակակետում չեն եղել, չնայած դատարանում փորձում էին պնդել հակառակը։ Պատասխանելով մեղադրող Արմեն Հարությունյանի հարցին, թե դեպքից հետո ե՞րբ է Ա. Դարբինյանը եղել ԱԺ-ում, վկան մի շատ կարեւոր հանգամանք բաց թողեց։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին եղել է կարմիր նախասրահում, ուր դատախազության աշխատողներն ու փորձագետներն էին աշխատում եւ որ իրենք հավաքվել են գնդում, քննարկել, «թե ով ինչ է արել դեպքից հետո»։ Հավանաբար հենց այստեղ էլ թաքնված է վկաների այսօրվա պահվածքի որոշ տրամաբանությունը։ Բանն այն է, որ գնդի հրամանատար Միշա Մանուչարյանը (երեկ չհասցրեց դատարանը լսել նրան իբրեւ վկայի եւ հետ ուղարկեց) «խնդրել» է Ա. Դարբինյանին, որ ասի «իմ անունը չտաք, որ հարցնեն՝ կարմիր նախասրահում եղե՞լ է, ասեք ոչ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել