Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհն ու հետեւանքները

Հուլիս 15,2003 00:00

Մենաշնորհն ու հետեւանքները Հայաստանցի «ավիաուղեւորները» նկատել են, որ մի շարք ավիաընկերություններ տոմսերը վաճառում են 20-30%-ով ավելի թանկ, քան շուրջ 2 ամիս առաջ։ Ուղեւորների ասելով, սա պայմանավորված է դոլարի հաշվարկային փոխարժեքով։ Այս առնչությամբ «Արմավիա» ընկերությունից պարզաբանեցին. «Մենք ավիագործակալություններին տոմսերը տրամադրում ենք դրամով, թե նրանք ինչ կուրսով են վաճառում՝ մեր պատասխանատվությունից դուրս է»։ Տարբեր ավիաընկերությունների հետ հարցուփորձից պարզեցինք, որ մեկ դոլարի դիմաց 593 դրամը հաշվարկված է «Գաբրիել» վաճառքի համակարգով, ինչը հիմք է դառնում գրեթե բոլոր գործակալությունների համար։ Մի քանի երկրների տարադրամների փոխարժեքի արդյունքում ստացված այս միջին թիվը փոփոխվում է ոչ հաճախ։ «Հայկական միջազգային ավիաուղներ» ընկերության կոմերցիոն տնօրեն Հրայր Բաբայանի պարզաբանումով, «նախկինում կուրսի փոփոխությունն անում էր «Հայկական ավիաուղիները», հիմա՝ «Արմավիան», որպես գերիշխող կազմակերպություն»։ Իսկ ընդհանրապես, պարոն Բաբայանը դեմ է այն բանին, որ «ուղեւորների հետ աշխատենք դոլարով, որովհետեւ դա բարդացնում է փոխհարաբերությունները, բայց, չգիտես ինչու, մեր գնորդները գերադասում են դրամարկղին մոտենալ դոլարով»։ Միաժամանակ նշենք, որ Հայաստանում գործող «այլազգի» ավիաընկերությունները՝ ավստրիական, չեխական եւ այլն, վաճառքը կատարում են ԿԲ-ի սահմանած օրվա հաշվարկային փոխարժեքով։ Թե ինչո՞ւ նրանք չեն օգտվում «Գաբրիելից», «Չեխական ավիաուղիներից» ստացված պատասխանով՝ «մենք ոչ մեկի հետ չենք համեմատվում, մենք առաջնորդվում ենք մեր հաշվարկներով»։ Անդրադառնանք վերջին երկու ամսում ավիատոմսերի 25-30%-ով թանկացման պատճառներին։ Առաջին ու գլխավոր պատճառն, ըստ «Արմավիա», «Աերոֆլոտ», «Հայկական միջազգային ավիաուղիներ», «Կասպյան ավիաուղիներ» եւ այլ ընկերությունների պատասխանների, կապված է «բարձր սեզոնի» հետ, ինչն ընդունված է ողջ աշխարհում ու մերոնք էլ հետ չեն մնում դրանից։ Սակայն աշնանից սկսած, «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորների սպասարկման ծառայությունները թանկացել են։ Հատուկ նշենք, որ խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց վճարը մտնում է ուղեւորտ տոմսի մեջ։ Այսինքն, գումարը գանձվում է ավիաընկերություններից եւ ուղեւորները, բնականաբար, այդ մասին կարող էին եւ տեղյակ չլինել։ «Արմավիա» ընկերությունն առանձնացրեց մեկը. նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ավիակերոսինի մեկ տոննան թանկացել է 100 դոլարով, ինչը Երեւան-Մոսկվա կատարած մեկ չվերթի գինը բարձրացնում է միջինը 2000 դոլարով։ Որոշ ավիաընկերություններ, ինչպես, օրինակ՝ «Հայկական միջազգային ավիաուղիները», կատարել են միայն գների սեզոնային բարձրացում, առայժմ «դիմանում են» ու տոմսի գնի մեջ չեն ներառում օդակայանի մատուցած «սյուրպրիզները»։ «Բոլոր ավիաընկերություններն այժմ միացյալ պայքարում են ծառայությունների բարձրացման դեմ, բայց առայժմ՝ անօգուտ»,- տեղեկացրին «Աերոֆլոտից»։ Ավելին, նրանց ասելով, «Արմենիան» ոչ մեկին պայմանագիր չի տալիս ու աշխատում է, ինչպես մոնոպոլիստի իր քեֆը կտա»։ Այդ է պատճառը, որ ծառայությունների սակագները սահմանվում են միակողմանի եւ առանց հիմնավորման, ինչից չեն տուժում ավիաընկերությունները, բայց մեծապես տուժում են այլընտրանք չունեցող ուղեւորները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Թանկացումների այս շղթան, փաստորեն, պայմանավորված է մենաշնորհային (օդանավակայանի կառավարչի) եւ գերիշխող («Արմավիա») դիրքով։ Դեռ հարկ կա պարզել, թե արդյոք այդ դիրքերը չե՞ն չարաշահվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել