Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հուլիս 15,2003 00:00

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԿՐԱԿՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Երեկ Շիրակի մարզում հողին հանձնվեցին հուլիսի 11-ին փոխադարձ կրակոցների արդյունքում սպանված Սերոբ Գրիգորյանը եւ Ժիրայր Հարությունյանը։ Բոլոր մեր փորձերը կապվել Շիրակի մարզի դատախազի հետ (գործի նախաքննությունն իրականացնում է մարզի դատախազությունը) անհաջողության են մատնվում։ Բջջային հեռախոսը վերցրած դատախազի օգնականը պնդում էր, որ դատախազը «դեպքի վայրում է» գտնվում։ Մինչդեռ նույն պահին մենք ունեինք տեղեկություն այն մասին, որ մարզի դատախազ Վոլոդյա Ավագյանն «իր դիմումի համաձայն» ազատվել է աշխատանքից։ Հետեւաբար, պաշտոնապես չկարողացանք իմանալ, թե ինչ փուլում է գտնվում այս գործը, կա՞ն ձերբակալություններ, թե՞ ոչ, կա՞ն հետախուզվողներ։ Մեր տեղեկություններով կա այս գործով երկու ձերբակալված եւ երկու անձ՝ հետախուզման մեջ գտնվող։ Հետախուզվողներից մեկը՝ «Կյաժ» մականունով (ավտոկայանի տնօրեն Սերոբ Գրիգորյանի թիկնազորից) վիրավոր է եւ ինքնակամ չի հանձնվել ոստիկանությանը։ Փախուստի մեջ է գտնվում եւս մեկ ավտոմատավոր՝ Արտյոմ Մակարյան անունով։ Հիվանդանոցում դեռեւս գտնվող Ազատան գյուղի բնակիչ, վիրավոր Գոռ Ստեփանյանը (նույնպես՝ Ս. Գրիգորյանի թիկնապահներից), ըստ մեր ոււնեցած լուրերի՝ «ստուգողական կրակոց» է արձակել Ժիրայր Հարությունյանի վրա, որն արդեն վիրավոր էր. «ընկած տեղը»։ Վեճի շարժառիթը բավական պարզունակ է։ Մեր աղբյուրներից մեկի հավաստմամբ՝ հուլիսի 10-ին ռեստորանում խնջույք է եղել։ Խնջույքի մեջ են եղել Սերոբ Գրիգորյանն՝ իր «ախրանայով» եւ մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորորդին՝ Ժիրայր Հարությունյանն իր բարեկամներով։ Այնտեղ ինչ-որ բան այնպես չի եղել. «Սերոբին թարս է նայել Ժիրայրը»։ Որոշ գյումրեցիներ պատմում էին, որ ավտոկայան «ռազբորի» է հրավիրվել Ժիրայրը, որտեղ նրան ծեծել են, անգամ «զենք են դրել ճակատին»։ Նույն օրը երեկոյան մարդ են գտել, կողմերին հաշտեցրել են։ Սակայն հուլիսի 11-ին թիկնապահների հրավերով դատախազության շենքի դիմացի այգի է հրավիրվել Ժիրայրը՝ «ռեկտորի որդու ավտոմեքենայով»։ Այնուհետեւ ավտոմեքենայում տեղի ունեցավ առաջին սպանությունը։ Ժիրայրի կողմնակիցները (թվով 4-5 մարդ) բախվել են 20-25 մարդու՝ Սերոբի կողմնակիցներից։ Ասում են՝ կողմերը «նագաններով» էին, ինքնաձիգներով, դանակներով։ Քրեական գործ է հարուցվել Քրօրի 99 հոդվածի 4-րդ եւ 6-րդ կետերով (խուլիգանական դրդումներով եւ ծանրացուցիչ հանգամանքներով կատարված սպանություն) եւ 232 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք)։ Քննությունը շարունակվում է։ Խուզարկություններ են եղել Ս. Գրիգորյանի աշխատավայրում, Ժ. Հարությունյանի եւ մի քանի կասկածյալների բնակարաններում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել