Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գազի բալոնի բացում

Հուլիս 15,2003 00:00

Գազի բալոնի բացում ՀՀ նախագահական ընտրությունների օրերին՝ քարոզարշավի շրջանակներում նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելում է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա /Մեծ Մասրիկ/ գյուղ իբր գազատարի բացման արարողության՝ որպես նվեր մազրեցիներին։ Միտինգի բերված մազրեցիների համար սցենարը ծիծաղելի էր, որովհետեւ նրանք արդեն գիտեին, որ գազատարի փոխարեն նախագահը կրակ է վառելու գազի բալոնից: Իսկ գիտե՞ր Ռ. Քոչարյանը, որ ինքը ընդամենը գազի բալոնի բացում է անում, թե՞ հետո իմացավ, տարբեր մեկնաբանություններ կան։ Թվում էր, թե այս դեպքը ժողովրդական անեկդոտների շարքից է, սակայն չորեքշաբթի, հուլիսի 9-ին, Մեծ Մազրայում եղանք այնտեղ, որտեղ նախագահը գազի բալոնի բացումն էր կատարել: Փաստ էր, որ Մեծ Մազրեցիները գազ չունեն։ Պատմեցին, որ այդ օրը ուժեղ քամի էր։ Մեծ Մազրայի փոքրիկ կամրջի տակ, թե հողի տակ գյուղապետ Վահան Հունանյանի եւ Վարդենիսից նախկինում ընտրված ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի կազմակերպությամբ տեղադրվել է գազի բալոնը, որից եկող խողովակները փոքրիկ գետակի վրայով հասցված էին մինչեւ փողոց /այդ խողովակները պատկերված են լուսանկարում/։ Ճանապարհի եզրին թափված այս շինանյութերը դասավորել են, վրան խալիներ փռել ու Ռոբերտ Քոչարյանի համար բեմ պատրաստել։ «Թե բալոնը հորեցին հողի տակ, թե հետադարձ տրուբեքով միացրին էդ բալոնը… Քոչարյանը շատ դժվարությամբ էդ գազը վառավ, հլա չէր շարժվել՝ պրծավ գազը… Քոչարյանն էլ գիդա, թե գազ կա Մեծ Մազրայում»,- պատմում է գյուղացիներից մեկը։ Մյուսն էլ, թե՝ «Բալոնը դրել էին շլանգով կարմնջի տակ, շլանգով տրուբով բերել են ու վառել են, խալի էին փռել բետոնի վրա, բեմ էին սարքել։ Ես նույն օրն ասեցի, որ բալոնով ա։ Նախագահական ընտրարշավի ժամանակ էր, ժողովուրդ քիչ կար, սաղ գիտեին, բայց ի՞նչ ասեին։ Գյուղապետն էր մեր գյուղում անում ընտրարշավը, Մելիքն էլ հսկում էր։ Քոչարյանը տեսել էր, մինչեւ գնալը գազը պրծավ: Ընենց մառախուղ ու քամի էր, որ բալոն չվառեր։ Մի կերպ վառեցին։ Ամոթ է արտահայտվել, տենց բան բա պրեզիդենտին կսազե՞ր։ Վառեց-մինչեւ նստավ ավտոն՝ հանգավ։ Ինքը լավ էլ գիտեր ինչ էր, հետո տելեվիզրով ցույց տվին, թե Մեծ Մազրայում գազ քաշեցին»։ Մի քանիսն էլ իրար հետ կատակում էին. «Բողոքավո՞ր եք նախագահի տված գազից, լավ չի՞ վառվում…»։ Երեւանում իմացանք, որ Մելիք Գասպարյանն այդ պատճառով պատժվեց նախագահի կողմից եւ Աժ պատգամավոր կրկին չդարձավ, քանի որ իրեն խաբել էին ու գազատարի փոխարեն գազի բալոնի բացում էր կատարել։ Սակայն այդ տարածքից ներկայումս ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր խոստացել գազ քաշել ու իր խոստումն ամբողջովին այդպես էլ չկատարեց։ Այդ վիճակում, իհարկե, միայն Մեծ Մազրան չէ: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել