Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ԻՆ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ

Հուլիս 15,2003 00:00

«Ա1+»-ԻՆ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ Ակնհայտ սուտ էր պատճառաբանությունը, թե կապուղիների մրցույթի ձգձգման հետեւանքով՝ որոշ հեռուստաընկերությունների ներդրումային եւ այլ պարտավորություններ դարձել էին ժամկետանց: Այս եզրակացությանը հանգեցինք երեկ, երբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը քննարկեց դեռ 9 ամիս առաջ՝ 2002-ի հոկտեմբերին հայտարարված մրցույթի հայտերը, որոնք ներկայացրել էին ինչպես «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը», այնպես էլ «Դար 21», «Արմենակոբ», «TV-5», «Երեւան» եւ «CNN»-ը վերահեռարձակող «ԷՎ» հեռուստաընկերությունները: Հիշեցնենք, որ վերջին կես տարին մրցույթը հետաձգվում էր այդ 5 հեռուստաընկերությունների առաջացրած դատական քաշքշուկի պատրվակով, քանի որ նրանք պնդում էին, թե իրենց առաջարկներում ամրագրված որոշ դրույթներ հնացել են եւ անհրաժեշտ է վերադարձնել դրանք՝ լրամշակման համար: Սակայն եթե հաշվի չառնենք, որ «Արմենակոբը» երեկ փորձեց ներկայացնել անցած ամիսների ընթացքում իր կնքած նոր պայմանագրերը եւ մերժվեց՝ իրենց առաջարկները ներկայացնելու ընթացքում եւ ոչ մեկը չմատնանշեց ժամկետանց ներդրումային պարտավորություն: Այս ամենից կարելի է ենթադրել, որ կա՛մ ՀՌԱՀ-ը փաթեթները ներքին կարգով վերադարձրել է այդ հեռուստաընկերություններին եւ նրանք շտկումներ են կատարել, կա՛մ էլ լիովին հաստատված են այն ենթադրությունները, թե ուղղակի խնդիր կար՝ ընտրությունների ընթացքում մրցույթ չանցկացնել, որը ձեռնտու էր ե՛ւ հեռուստաընկերություններին՝ փող աշխատելու նպատակով, ե՛ւ իշխանությանը՝ «Ա1+»-ին եւ «ՆՏ»-ին եթեր վերադառնալու հնարավորություն չընձեռելու իմաստով: Սակայն դառնանք երեկվա քննարկմանը: Ներկայացնենք, թե ինչ էին առաջարկում այն հեռուստաընկերությունները, որոնց հետ մրցում է «Ա1+»-ը: «Արմենակոբ»-ը թեեւ իր գոյության տարիների ընթացքում չի ունեցել սեփական լուրերը՝ երեկ ազդարարեց, թե արտոնագիր ստանալու դեպքում հաղորդումների 7%-ը կազմելու են լրատվական հաղորդումները: Հեռուստաընկերությունը համագործակցելու է «Ամերիկայի ձայնի» հետ: Շաբաթը մեկ անգամ հեռարձակվող միջազգային լրատվության «Պատուհան դեպի աշխարհ» հաղորդաշարը դառնալու է 6-օրյա: Համագործակցելու են նաեւ «ԻՌԱՌ-ՏԱՍՍ»-ի հետ, այսինքն՝ լրատվությունը թերեւս վերաբերի արտերկրի, եւ ոչ Հայաստանի իրողություններին: Խոստացվեց, թե 2003-2009-ի ընթացքում հեռուստաընկերության ներդրումային ծրագիրը կազմելու է 623,1 մլն դրամ: Հիշեցնենք՝ «Արմենակոբը» վնասով աշխատող ընկերությունների ցանկում է, եւ Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հեռուստաընկերությունը 2002-ին հայտարարագրել է 15 մլն դրամից ավելի վնաս: Սակայն «Արմենակոբը» հայտնեց, թե իրենց առաջարկում նշված ծրագրերի մի մասն արդեն իրականացված է, մասնավորապես՝ փաթեթում 9 մեքենա էին նշել, բայց ձեռք են բերել արդեն 10-րդը: «TV-5»-ի ներկայացուցիչները սկսեցին խոստումներ տալ մեր ազգային առանձնահատկությունները, հայկական ավանդույթները քարոզելու մասին, ինչն առանձնապես ոչ հատուկ է հենց այս՝ հիմնականում ռուսական MTV-ն վերահեռարձակող հեռուստաընկերությանը: Խոստացան նաեւ, թե ստեղծելու են «Հեռուստախորհրդարան», «հեռուստահամալսարան» ու «հեռուստադատարան», նաեւ, որ իրենց լրատվական ծրագիրը տարբերվելու է այլոց լուրերից: Թեեւ երբ եթերում էին «5-ի լուրերը»՝ դրանք ուղղակի «Արմենիայի» լուրերի կրկնությունն էին: Այս հեռուստաընկերության հետ եւս մի նմանություն. «TV-5»-ն էլ՝ ինչպես եւ «Արմենիան», ներդրումների երաշխիքային նամակ էր ներկայացրել ամերիկյան «Northern trust»-ից՝ այս անգամ 2 մլն դոլարի: Ուստի եւ Ազգային հանձնաժողովի անդամ Արա Թադեւոսյանը մի «միամիտ» հարց տվեց, թե գուցե կա՞պ կա այդ 2 հեռուստաընկերությունների միջեւ: Բնականաբար՝ հետեւեց կտրուկ հերքում, թեեւ անգամ «TV-5»-ի առաջարկը ներկայացնող Անուշ Ապրեսյանն էր ծանոթ «Արմենիայի» եւ «ԱրմՆյուզի» եթերից: Վերջինս, ի դեպ, հայտարարեց, թե բարձր որակավորման լրագրողներ են տեղ գտել «TV-5»-ում՝ ուղղակի «համեստորեն չենք նշում նրանց անունները»: Երեւի խոսքը Համլետ Ղուշչյանի մասին էր, որը ԱԺ ընտրությունների ժամանակ որքան անակնկալ հայտնվեց «TV-5»-ի եթերում՝ նույնքան անակնկալ էլ անհետացավ: «Երեւան» հեռուստաընկերությունը նույնպես անցած տարի հայտարարագրել է 15 մլն դրամից ավելի վնաս: Բայց երեկ հայտնեցին, թե սեփականաշնորհել են իրենց տարածքը, բանակցություններ սկսել արբանյակային կապով հեռարձակվելու համար: Ավելին՝ խոստացան ապահովել 2 մլն 50 հազար դոլարի չափով ներդրումներ: «Երեւանի» ներկայացուցիչները հպարտությամբ նշեցին, թե իրենց հաղորդումներն ի նպաստ մեր պետության են, ունեն կառուցողական բնույթ, եւ «հեռարձակում ենք հաղորդաշարեր, որոնք, ըստ էության, բավարարում են հասարակության բոլոր շերտերի հետաքրքրասիրության շրջանակը»: Ներկաներից մեկը տարակուսեց՝ գուցե խոսքն ավտոմեքենաների վաճառքի գովազդների՞ մասին է, որով զբաղեցվում են «Երեւանի» լավագույն ժամերը: Արդեն 4 տարի գոյություն ունեցող այս հեռուստաընկերությունը նույնպես չունի իր լրատվական ծրագիրը, սակայն այժմ խոստանում են դրան տրամադրել եթերաժամանակի 10%-ը: «Ա1+»-ն այս 3 կապուղիների համար էլ ներկայացրեց նույն ծրագիրը, որի իրականացման համար խոստացավ 2003-2006-ին ներդնել 2 մլն 400 հազ. դոլար: Շեշտվեց, որ «Ա1+»-ը երբեք չի աշխատել վնասով, եւ անգամ 2002-ի ապրիլից հետո չի հայտնվել հարկային մարմինների «սեւ ցուցակում»: Ներկայացվեցին «Ինտերնյուսի», Երեւանի մամուլի ակումբի եւ «Վարկանիշ» ամսագրի 2001-ին եւ 2002-ի առաջին եռամսյակում անցկացրած հետազոտությունների արդյունքները, որոնցից, մեկն, ասենք, վերաբերում էր հեռուստաալիքների՝ գովազդատուների համար գրավչությանը: «Այդ հարցումներում մենք հայտնվել ենք 5-րդ տեղում եւ մեզանից առաջ գտնվող բոլոր ալիքները ամբողջ Հայաստանով մեկ են հեռարձակվում՝ ու արբանյակով,- ասաց «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը:- Կարծում ենք՝ վատ ցուցանիշ չէ, մանավանդ որ՝ միայն Երեւանի մասշտաբներով էինք հեռարձակվում: Հարկ է նշել, որ մեզանից հետո հորիզոնականներում գտնվողների հաղորդիչ կայանները մոտ 5 անգամ գերազանցել են մեր հաղորդակի հզորությունը»: Իսկ լրատվական հաղորդումների վարկանիշով «Ա1+»-ը 3-րդն էր՝ զիջելով միայն Հանրային հեռուստաընկերության եւ OPT-ի լուրերին: Հատկանշական է, որ բացառությամբ մի դեպքի, երբ Ազգային հանձաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ նոր տարածք է տեղափոխվելու «Ա1+»-ը՝ հեռուստաընկերության ներկայացուցիչներին չտրվեց որեւէ հարց: Կարելի է ենթադրել, թե բոլորի համար ամեն ինչ պա՞րզ է: Պատասխանն ակնհայտ կլինի հուլիսի 18-ին, ժամը 12-ին, երբ կազդարարվեն այս մրցույթների հաղթողները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել