Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԵՂԱԿՐՈՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՎԱՔԸ

Հուլիս 15,2003 00:00

ՑԵՂԱԿՐՈՆ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՀԱՎԱՔԸ Հանրապետական կուսակցությունը հուլիսի 12-ին, գումարեց հերթական՝ 8-րդ համագումարը Ամենասովորական համագումար էր, նման բոլոր ժամանակներում իշխանության մաս կազմող, գործող վարչապետ ունեցող ցանկացած կուսակցական ժողովների։ Միակ հետաքրքիր երեւույթը, որ կարող էր լինել, բայց տեղի չունեցավ, այն էր, որ կոալիցիոն կառավարության մաս կազմող Դաշնակցությունն առաջին 30-40 րոպեներին դահլիճում չէր։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ողջույնի խոսքից հետո ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը կարդաց իր հաշվետվությունը։ Դաշնակցականները եկան ուշացումով եւ Արմեն Ռուստամյանն էլ ողջույնի խոսք ասաց։ Այս անգամ կոալիցիան չպայթեց։ Վարչապետն ավելի ուշ նկատեց՝ «հազիվ ենք կպցրել, ինչո՞ւ պիտի պայթի»։ Սակայն խիստ արտահայտիչ էր, որ դաշնակցականների մուտքը զուգադիպեց (հավանաբար, պատահականորեն) պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հեռացման հետ։ Սա եւս իր բացատրությունն ունեցավ՝ Սերժ Սարգսյանը նաեւ հարսանիքի քավոր էր եւ գնաց, որ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակին ու հարսին՝ Զարային եկեղեցի տանի։ Եվրոպական կառույցները, ըստ ամենայնի, բավականին նեղն են գցել ՀՀ իշխանություններին եւ թերեւս այս պատճառով էր Անդրանիկ Մարգարյանն առավել կոնկրետացնում նաեւ հետեւյալը. «ԵԽ-ն անդրդվելի է իր այդ պարտավորության կատարման հարցում (խոսքը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության մասին է.- Մ. Ե.), եւ մեր բանակցային ժամկետն ու ռեսուրսները այլեւս, կարելի է ասել՝ սպառված են»։ «Ծանր երկընտրանքի առաջ ենք կանգնած», ըստ վարչապետի եւ ՀՀԿ-ն «չի կարող պետությանը վնասող եւ նրա շահերից չբխող որոշում կայացնել»։ Հաշվետու զեկույցի մնացած մասերը նվիրված էին ՀՀԿ-ի հաղթանակներին, տնտեսության աճին, սահմանադրական փոփոխությունների կարեւորությանը, կոալիցիայի պայծառ ապագային։ ՀՀԿ անդամ նախարարներին էլ խորհուրդ տվեց՝ ցեղակրոն լինելը միայն գրքեր հրապարակելով չի լինում. «եթե նախարարը ցեղակրոն է, նա ինչ-որ բանով պետք է տարբերվի մյուսներից»։ Իզուր է վարչապետի մտահոգությունը՝ Նժդեհյան ցեղակրոն նախարարները հեռվից-հեռու էլ են տարբերվում։ Ավելի ուշ՝ լրագրողների հարցերին պատասխանելով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին պատասխանեց. «մենք պահանջատեր չենք, մենք հայրենատեր ենք, ես չեմ ցանկանում խնդրել, որ թուրքերն ընդունեն (խոսքը Ցեղասպանության ճանաչման մասին է.- Մ. Ե.), չեն ընդունում, իրենց գործն է, եւ ընդունելն ավելի շատ ոչ թե մեզ է պետք, այլ մնացած ազգերին եւ թուրքերին է պետք։ Ես Ցեղասպանության իմ վրեժը վերցնում եմ իմ պետությունը հզորացնելով, իմ ազգայինի խնդիրները լուծելով։ Սա է հանրապետականի մոտեցումը»։ Էռնեկյանի մասին. վարչապետը նկատեց, որ «Զվարթնոցի» պայմանագիրը չի պայթում. «անկախ նրանից, թե ցանկացած ներդրող տվյալ երկրում ինչպիսի հարաբերություններ ունի տվյալ պետության եւ հարկային մարմինների հետ, մենք պատասխանատու ենք նրա գործունեության համար, եւ ինքը պատասխանատու է պետության առջեւ։ Այսօր մենք Էռնեկյանի հետ խնդիրներ չունենք։ Նա, ըստ պայմանագրի, իր բոլոր պարտավորությունները կատարում է»։ Կրիմինալ տարրերի ակտիվացման մասին. ըստ վարչապետի՝ երկրում շատ պայթյունավտանգ վիճակ չէ, որեւէ արտառոց բան չկա, ուղղակի՝ մեկը մեկին հաջորդեց։ Վարչապետը նույնիսկ զուգահեռներ անցկացրեց, ասելով, թե նախորդ տարիներին ավելի շատ հանցագործություններ էին տեղի ունենում։ Սակայն մեկ մտահոգիչ հանգամանք, այնուամենայնիվ, վարչապետը նկատեց. «Մտահոգիչը այն մթնոլորտն է, որ կարելի է հաշիվներ մաքրել այս ճանապարհով»։ «Կանխարգելիչ միջոցառումներ», ըստ վարչապետի, կատարվում են, իսկ ոստիկանապետի փոփոխության կարիք չկա. «ես ոստիկանապետի աշխատանքից ընդհանուր առմամբ գոհ եմ (նկատենք, որ ոստիկանապետին ՀՀ նախագահն է նշանակում կամ ազատում եւ ոչ թե վարչապետը.- Մ. Ե.)»։ Վարչապետը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց, որ վերջին տեխնիկական վերազինումը ոստիկանությունում եղել է Վանոյի օրոք՝ ավտոմեքենաներով, իսկ այսօր մեր ոստիկանությունը վերազինման կարիք ունի։ Սակայն հնարավորություններ չկան։ Փոխարենը վարչապետն առաջարկեց բոլորին, այդ թվում նաեւ լրագրողներին՝ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել կատարվողի շուրջը։ Հուսանք, որ խոսքը հանցագործությունների նկատմամբ հանդուրժողականության մասին չէր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել