Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեք հոգով՝ յոթ երգ

Հուլիս 12,2003 00:00

Երեք հոգով՝ յոթ երգ Երեկ «Զեյթուն» ուսավանի բնակիչներն ասուլիս էին հրավիրել: Հիշեցնենք՝ «Զեյթուն ուսավան» հիմնադրամի եւ «Երեւանի Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ուսավանի 5-րդ մասնաշենքն անժամկետ եւ անհատույց հանձնվում է Բժշկական համալսարանին: Փոխարենը համալսարանը պետք է վերանորոգի շենքը՝ 4 հարկերը տրամադրելով իր բուհի, իսկ վերեւի 2-ը՝ արվեստի բուհերի ուսանողներին: Ի դեպ, նշենք, որ նույն պայմանագրով եւ նույն պահանջներով տարիներ առաջ բուհին է հանձնվել նաեւ 7-րդ մասնաշենքը, որ այսօր ամբողջությամբ իր ենթակայության տակ է: «Ի՞նչ երաշխիք, որ հետագայում բուհը չի պահանջի նաեւ վերեւի հարկերը՝ պատճառաբանելով, որ իր ուսանողների թիվն ավելացել է»,- մտահոգվում են հանրակացարանաբնակ ուսանողները: «Եթե ամեն մի բուհի տնօրինմանը հանձնվեն մասնաշենքեր (նշենք, որ 8 մասնաշենքերից հիմնադրամի տնօրինության տակ են մնում միայն 4-րդն ու 6-րդը- Հ. Բ.) կամ առանձին հարկաբաժիններ, ապա կմասնատվի եւ կվերանա «Զեյթուն ուսավան» հիմնադրամ հասկացությունը: Պատկանելով տարբեր բուհերի՝ ուսանողական ավանը չի ունենա անմիջական ընդհանուր ղեկավար, եւ անկառավարելի կդառնա ցանկացած իրավիճակ, որ անթույլատրելի է այսքան մեծ թվով երիտասարդություն մի տեղ կենտրոնացնելու պարագայում»,- ասում են ուսավանի բնակիչները: Իսկ եթե «Զեյթուն ուսավան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը չի արդարացրել իրեն եւ հիմնադրամը բերել է սնանկացման, ապա ուսանողները պահանջում են բացահայտել պատճառները: Քանի որ որեւէ մասնաշենք, թերծանրաբեռնված լինելով հանդերձ՝ վճարել է այնքան գումար, որքան կվճարեր նորմալ ծանրաբեռնվածության դեպքում: Այսպես՝ ուսանողները վկայեցին, որ տարիներ շարունակ իրենք ապրելով մեկ հոգով՝ վճարել են 3 հոգու գումար: Ուսանողների բողոքի նամակները՝ տարբեր ատյաններ, ուղարկվել են ԿԳ նախարարություն: «Մինչ օրս Կրթության նախարարը մեզ հետ չի հանդիպել, եւ նրա խոստումը՝ թե ոչ մի ուսանողի շահ չի ոտնահարվի, դեռեւս մնում է անկատար»: 5-րդ մասնաշենքի այն 2 հարկերը, ուր պետք է տեղակայվեն արվեստի բուհերի ուսանողները՝ մեկ սենյակում 2-3 հոգով, նախարարի ստեղծած հանձնաժողովի անդամները գեթ մեկ անգամ չեն այցելել: Նրանք գոնե հաշվի չեն առել այն հանգամանքը, որ արվեստի բուհերում սովորող ուսանողը օրական 6-8 ժամ նվագում է գործիքով. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կստացվի, եթե մի սենյակում երեք հոգով տարբեր (կամ թեկուզ՝ նույն) գործիքներով սկսեն ժամերով նվագել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ուսանողներից մեկը հիշեց, որ մեկուկես տարի առաջ, երբ 1-3 մասնաշենքերը հանձնվեցին Եվրոպական տարածաշրջանային ակադեմիային, Արթուր Բաղդասարյանն անձամբ հանդիպել է հանրակացարանի բնակիչներին եւ խոստացել է, որ այլեւս ուսանողները տեղահան չեն արվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել