ԱՆՑՅԱԼԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ Նշվեց Սպորտպետկոմի հիմնադրման 80 տարին ՀՀ Սպորտպետկոմի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնակատարությունը կազմակերպվել էր պատշաճ մակարդակով, բայց առանց ավելորդ շքեղության։ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում մեծարվեցին տարբեր ժամանակների մեր օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ ու ներկայիս չեմպիոններն ու մեդալակիրները։ Այնուհետեւ տոնակատարության մասնակիցներին ու հյուրերին՝ արդեն դահլիճում, ցուցադրվեց մոտ 20 րոպե տեւողությամբ փաստավավերագրական մի ֆիլմ, որը ստեղծվել է մեր փառապանծ մարզիկների մրցելույթների մասին արխիվային պատմական եզակի կադրերով։ Մարզաշխարհի ներկայացուցիչներին շնորհավորեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ես ինձ միշտ էլ մարզաշխարհի մարդ եմ համարել եւ պարտքս եմ համարել՝ միշտ մասնակցել սպորտի հետ կապված բոլոր միջոցառումներին,- ասաց նախագահը։- Վաղուց է, որ մարզիկների հետ մրցասպարեզներում չենք հանդիպում։ Մենք այդպիսի ավանդույթ ունեցել ենք, հանդիպում էինք Ծաղկաձորում, այլ վայրերում, բասկետբոլ էինք խաղում, մրցում՝ այլ մարզաձեւերում։ Հիմա մի փոքր ալարկոտ ենք դարձել։ Սպորտպետկոմի նախագահը պետք է մի բան մտածի։ Երկու խնդիր ունենք լուծելու այս բնագավառում մոտակա տարիների համար։ Առաջինը մասսայականության բարձրացումն է։ Դրա համար պետք է ուշադրություն դարձնենք մարզակառույցներին, առանց որոնց ուղղակի սպորտ չի լինում։ Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք գույքի նորացմանը, եղածն ավելի համաչափ հանրապետության ամբողջ տարածքում բաշխելուն։ Անցած երկու տարում մշակութային օբյեկտներով բավականին շատ ենք զբաղվել։ Կարծում եմ, նման մի ծրագիր պետք է ունենանք մարզական օբյեկտների համար։ Պիտի անենք այնպես, որպեսզի նման կարգի խնդիրներ չունենանք։ Դա անպայման կբերի մեծ սպորտին, կլինեն նոր անուններ։ Երկրորդ խնդիրը գալիք օլիմպիական խաղերն են։ Նորաստեղծ Սպորտպետկոմը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի դրան եւ Հունաստանում այնպիսի թիմով հանդես գա, որ Խաղերից հետո անպայման լուրջ մեդալներով վերադառնա։ Անցած օլիմպիական խաղերի համար տրված խոստումները չեն կատարվել։ Ուրեմն դրանք պետք է գումարենք գալիք օլիմպիական խաղերից սպասելիքներին։ Պիտի մասնակցությունն ու արդյունավետությունը համարժեք լինեն։ Նաեւ այս երկու հիմնական խնդիրների հետ է կապված մարզական կառույցի առանձնացումն ու վերականգնումը։ Գիտենք, օլիմպիական խաղերում արդյունք ունենալը շատ դժվար է, բայց պիտի այնպես անենք, որ քիչ առաջ մեր դիտած ֆիլմը շարունակելու կոնկրետ նյութեր ունենա»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ