Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիմումներն արհամարհվել կամ մերժվել են

Հուլիս 12,2003 00:00

Դիմումներն արհամարհվել կամ մերժվել են Երեկ Ռուբեն Թորոսյանը հայտարարեց, որ նույնպես դիմելու է Եվրոդատարան Թեեւ Ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը, եւ մասնավորապես նրա նախագահ Ռուբեն Թորոսյանը, իրեն ընդդիմադիր չի համարում, սակայն հանձնաժողովի բոլոր դիմումները` ԿԸՀ-ին ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին, «ընդդիմադիր դաշտում գործող ուժը» («Արդարություն» դաշինքը) օգտագործել է ՍԴ-ում` ԱԺ վերջին ընտրությունների օրինականությունը վիճարկելիս: Հանձնաժողովը տարբեր պետական եւ դատական մարմինների ներկայացրել էտասնյակ դիմումներ, այդ թվում` ԿԸՀ-ին` 27, իսկ Առաջին ատյանի դատարանին`19: Ընդ որում այդ դիմումներից եւ ոչ մեկը չի արժանացել պատշաճ վերաբերմունքի: Եթե ԿԸՀ-ն բացարձակապես արհամարհել է 500-ից ավելի ընտրախախտումների մասին ահազանգող դիմումներին, ապա առաջին ատյանի դատարանը մերժել է 13 դիմում, իսկ մնացած 6-ը` վերադարձրել: Երեկ հանդես գալով ԱԺ վերջին ընտրությունների վերաբերյալ հերթական հայտարարությամբ, հանձնաժողովը արձանագրեց, որ նախորդ ընտրությունների համեմատ բավականին ետընթաց է գրանցվել ոչ միայն զուտ ընտրական պրոցեսում` ընտրախախտումների քանակի եւ որակի առումով, այլեւ` հետընտրական ժամանակահատվածում, երբ պատկան մարմինները բացարձակ անտարբերություն են որդեգրել կատարված խախտումների նկատմամբ: Իսկ դատավորները կոպտագույն խախտումներով փորձել են կոծկել կատարվածը, անելով ամեն ինչ` ահազանգող դիմումները մերժելու կամ վերադարձնելու համար: Հանձնաժողովը երեկ անուն առ անուն, դիմում առ դիմում ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի գրեթե բոլոր դատավորների օրինազանցությունները: «Դատավորները կարծես Աստված լինեն, մնում է, որ նրանց առաջ աղոթես: Նրանց ոչ մի օրինախախտում չի պատժվում: Այդ ամենի դեմը պիտի առներ արդարադատության նախարարը, բայց նա կարծես չի էլ նկատում կատարվածը»,- ասաց Ռ.Թորոսյանը: Ոչինչ չնկատող արդարադատության նախարարին եւ նրա ղեկավարած նախարարությանն էլ է հանձնաժողովը ընդհանուր հաշվով 7 դիմում ուղարկել, սակայն դրանք էլ են մնացել, ըստ էության, անպատասխան: Այնուամենայնիվ, պարոն Թորոսյանը չի կարծում, որ իրենց ամբողջ տիտանական աշխատանքը` անօրինականությունները վերհանելու եւ գրանցելու ուղղությամբ ինքնանպատակ է. «Մենք նպատակային եւ լիարժեք ձեւով օգտագործում ենք հանրապետական իրավական պաշտպանության բոլոր ռեսուրսները` Եվրոդատարան դիմելու համար»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել