Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄԱՌՆ ԱՆՑ ԿԱՑԱՎ ԿԱՄ ԱՇՆԱՆ ԱՐԵՎ

Հուլիս 12,2003 00:00

ԱՄԱՌՆ ԱՆՑ ԿԱՑԱՎ ԿԱՄ ԱՇՆԱՆ ԱՐԵՎ Չնայած քաղաքական կյանքի ամառային ալարկոտ տեղաշարժերին եւ իշխանության թվացյալ կայունությանը, այս օրերին կատարվում են իրադարձություններ, որոնք, ըստ ամենայնի, նախանշում են աշնանը կատարվելիք իրադարձությունների ընթացքը։ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան սահմանամերձ գոտիներում արձանագրվում են բախումներ, Իրանին հարակից «ազատագրված տարածքներում» կանխատեսվում է ամերիկյան ուժերի տեղաբաշխման անխուսափելիությունը, որպեսզի ի մոտո վերահսկելի դառնան իրանյան ներքաղաքական խժդժությունները։ Հանրապետության սոցիալական ոլորտում սպասվում են էներգիայի, ջրի եւ այլ ծառայությունների գների թանկացումներ, «Արդարություն» դաշինքը նախապատրաստում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Եվրադատարանում անվավեր ճանաչելու հայցադիմումը, Եվրախորհուրդը Հայաստանից պահանջում է մինչեւ տարեվերջ կատարել իր ստանձնած պարտավորությունները։ «ԱրմենՏելը» վերավաճառվում է Ռուսաստանին, որը, եթե բարեհաջող ավարտվի, երկիրը վերջնականապես կհայտնվի բարեկամ պետության ռազմավարական ծուղակում։ Դատելով մեր կառավարության հետ կապած պայմանագրից, անհայտ է մնում «Զվարթնոց» օդանավակայանի ճակատագիրը, եթե կառավարիչ Էռնեկյանը չկարողանա դուրս պրծնել արգենտինյան իշխանությունների հարուցած դատից։ Չնայած դեպ եւ անդեպ արձանագրված տնտեսական վիթխարի թռիչքին, ըստ կառավարության հրապարակած տեղեկությունների, վնասով են աշխատում հանրապետության գրեթե բոլոր գործարաններն ու գործարարները, այդ թվում՝ օլիգարխները։ Եռակուսակցական կոալիցիան միասին կատարում է Քոչարյանի ծրագիրը, առանձին-առանձին՝ հանրապետականների նախընտրական խոստումները։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն է էնտեղ՝ Ղարաբաղում անհարկի ակտիվացել եւ հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտությունը անցած հինգ տարիներին սառեցված է եղել, բայց դե, նրա արած հայտարարությունը այնքան վտանգավոր չէ, ինչքան 5 տարով ուշացած լինելը, որ հիշեցնում է ճաշից հետո մանանեխ մատուցելը եւ վեց ամսով քուն մտած հայտնի գազանի գարնանային վայնասունը։ Նույն խնդրի առնչությամբ վերջերս կարծիք հայտնեց Ադրբեջանում Անգլիայի դեսպանը, հայտարարելով, թե հիմնախնդիրը պետք է շուտափույթ լուծվի՝ առանց կողմերի տեսակետները հաշվի առնելու։ Եթե հարցն այդքան լուրջ է դրված, մնում է զարմանալ, թե ինչու է ուշանում բարոնուհի Քերոլայն Քոքսի այցելությունը կամ առնվազն տարօրինակ է Մանուչարյանի հրապարակային բացակայությունը, մանավանդ դեպքերի ենթադրյալ զարգացման պարագայում Ղարաբաղը արդեն որերորդ անգամ դառնալու է Հայաստանում իշխանափոխության հիմք, իսկ հանգուցային պարագաներում առանց Մանուչարյանի ներկայության դժվարպատկերացնելի է որեւէ իշխանափոխություն։ Հայաստանյան ներքաղաքական կյանքի գործընթացների վրա չի կարելի անտեսել նաեւ տեւական ընդմիջումից հետո վերսկսված «Հոկտեմբերի 27» դատավարության ազդեցությունը, որին մոտ ապագայում միանալու է Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը, ինչին այս պահին այլ անուն չես տա, քան «Հոկտեմբերի 27»-ին հակակշռող հակադատավարություն։ Պակաս կարեւորություն չունեն հանրապետությունում տիրող քրեական իրավիճակը, վերջին շաբաթներին իրագործված սպանությունները՝ վենդետայի ակնհայտ հատկանիշներով, ինչպես նաեւ «օրենքով գողերի» եւ մասոնների հավաքները մայրաքաղաքում։ Մնում է ամառային այս շոգ օրերին մի գաղտնի «բանակում» էլ Սեւանի ափին կազմակերպեն դաշնակները եւ սկաուտական բազեները ձեռաց մի քանի ետարձակուրդային հրահանգներ ստանան- երկրի աշնանային ներքաղաքական խճանկարը մեր առջեւ կհառնի ողջ վեհությամբ՝ պարագծելով հետագա գործընթացը։ Իսկ ի՞նչ են անում իշխանությունները այս սրտառուչ օրերին։ Խաղաղ, ստեղծագործ առօրյա. ճանապարհ են քանդում, ճանապարհ են շինում, մշակութային օջախներ են նորոգում, արաբ խալիֆներից առած օրինակով, ծպտյալ աշխատանքային թեժ կետեր է հանկարծակի այցելում հանրապետության նորընտիրը, սիրով եւ երախտագիտությամբ բարեկամ երկրներից հրավերներ է ընդունում ԱԺ նախագահը, առանձին օղակներ եւ պատգամավորներ ամրապնդում են իրենց երթուղայինների երթուղին, ոմանք ետընտրական թոհուբոհից հետո պատրաստվում են արձակուրդի մեկնել։ Պետք է կարծել, որ նրանց օրինակին հետեւելու են լրատվական որոշ միջոցներ։ Մի խոսքով, ճիշտ Թումանյանի ասած «դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր» եւ հանրահայտ երգի՝ «առանձին վիճակ» տողը հիշեցնող պահվածք եւ ճիշտ Շիրազի «Էքսպրոմտում» ներկայացված անմեղության դեղատոմս՝ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ… ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել