Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանուն «յուղոտ» գնորդի

Հուլիս 12,2003 00:00

Հանուն «յուղոտ» գնորդի Երեւանի թիվ 26 դպրոցը նույպես փակվում է Երեկ Գ. Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցի ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները հավաքվել էին քաղաքապետարանի մուտքի մոտ։ Նրանք բորբոքված պահանջում էին, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանն ընդունի իրենց։ Պիկետը «զարդարում» էին «Թիվ 26 դպրոցի զանգերը չեն դադարի ղողանջել» մակագրությամբ պաստառները, որոնք աշակերտների ձեռքին էին։ Ծնողական համայնքի ու մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչների ալեկոծությունը մեզանում արդեն խրոնիկ բնույթ կրող օպտիմալացման ծրագրի պատճառով էր։ Կառավարության որոշմամբ, օպտիմալացման շրջանակում թիվ 26 դպրոցը միավորվելու է 2-2,5 կմ հեռավորության վրա գտնվող թիվ 124-ի հետ։ Աշակերտների ծնողների պնդմամբ, իրականում միավորման նպատակը 3 հարկանի 500 քմ տարածքով շենքը «ջրի գնով» վաճառելն է՝ հետագայում հյուրանոց կամ խանութ դարձնելու համար։ «Հենա, Նորքի գրադարանն էլ քանդեցին։ Հիմա տեղը զիբիլանոց է։ Մենակ ընտրություններից հետո մի քանի բեռնատար զիբիլ են թափել։ Հիմա էլ հերթը դպրոցին հասա՞վ»,- դժգոհեց Նվարդ անունով մի տատիկ։ Մեկ ուրիշ ծնող՝ Լեւոն Գրիգորյանն էլ նշեց, որ չարաբաստիկ «գործարքը» իրականացվելու է ընդամենը 20 հազար դոլարով. «Ախր որքանո՞վ է բարոյական, որ այդ հսկա շենքը երեխաներից խլեն ու այդքան էժան վաճառեն։ Կրթության վարչության պետ Օ. Վաթյանն էլ բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ ինքն ընդամենը հրաման կատարող է»։ Թիվ 26 դպրոցի կազմակերպիչ, 40 տարվա մանկավարժ Ջուլիետա Բաղդասարյանին հատկապես մտահոգում էր, թե ինչպես են երեխաները ոչ ասֆալտապատ ճանապարհով 3 խաչմերուկ կտրելով մի քանի կանգառ անցնելու՝ հասնելու համար 124 դպրոց։ Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Անահիտ Եսայանը հայտնեց, որ ցուցարարներին նորանշանակ քաղաքապետի փոխարեն ընդունել է նորանշանակ փոխքաղաքապետ Գրիգոր Միրզոյանը։ Նրան է միացել նաեւ կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը։ Վերջիններս ուսուցիչներին խոստացել են հնարավորության սահմաններում զբաղվել հարցի ուսումնասիրությամբ եւ, բնականաբար, արդարացրել են կառավարության վերոնշյալ որոշումը։ Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետարանի ներկայացուցիչների ու թիվ 26 դպրոցի ծնողների եւ ուսուցիչների փոխզիջումը չի կայացել։ Վերջիններս պաշտոնյաներից խնդրել են իրենց մեկ տարի ժամանակ տալ՝ դպրոցի աշակերտների թիվը ավելացնելու համար, ինչը մերժվել է։ Հիշեցնենք, որ ժամանակին Գ. Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցի վրա աչք ուներ նաեւ ԿԳ նախարարությունը, որովհետեւ պատրաստվում էր այնտեղ հոգեբանական կենտրոն հիմնել։ Վերջին շրջանում նախարարության ցանկությունը մարել է։ Ըստ ամենայնի, շենքի համար «յուղոտ» գնորդ է ճարվել։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել