Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարամելը» վիրտուոզ ընտրակեղծարար է

Հուլիս 12,2003 00:00

«Կարամելը» վիրտուոզ ընտրակեղծարար է Դրանում համոզվեց նրա մրցակից Վերսանդիկ Հակոբյանը Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին անվավեր էր ճանաչել մայիսի 25-ին թիվ 12 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքները: Հունիսի 15-ին այդ ընտրատարածքում տեղի ունեցավ ընտրությունների 2-րդ փուլ: Այստեղ արդեն հաղթող թեկնածու ճանաչվեց բողոքարկող, ՀՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը: Այս անգամ տեղերը փոխվել էին՝ ՍԴ էր դիմել 1-ին փուլում հաղթանակած թեկնածու Վերսանդիկ Հակոբյանը: Երեկ ՍԴ-ում Վ. Հակոբյանի ներկայացուցիչ Հովհաննես Գալյանը երկար ներկայացրեց իրենց մոտ արձանագրված ընտրախախտումները, սակայն, թեկնածու Վ. Հակոբյանի խոսքով, ՍԴ-ն այնքան էլ «հաճույքով» չէր լսում դրանք: Այնքան «անհավես» էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ նիստի ընթացքում «մի քանի րոպեով» դուրս եկավ, որը տեւեց շուրջ 50 րոպե, իսկ այդ ընթացքում հայտարարվեց ընդմիջում: Դատարանում Հակոբյանի լիազոր172ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտրատարածքում 7-10 հազար ընտրողներ քվեաթերթիկում նշան են արել կարմիր եւ կանաչ գույնի գրիչներով: «Դա հասկանալի է, թե ինչու է այդպես. ընտրակաշառքների շարունակությունն էր, որով ընտրողն ապացուցել է վերցրած գումարի դիմաց կատարած իր պարտքը: Եթե այսօր դատարանը փորձի դա չընդունել որպես հիմք, ուրեմն կստացվի, որ այսօր այս դատին մասնակցելով մենք իզուր ժամանակ ենք վատնում: Չէր կարող այդքան ընտրող հենց կարմիր ու կանաչ գրիչներով գալ ու ընտրել մեկին»,- նիստից հետո հայտարարեց թեկնածու Հակոբյանը: Իսկ թիվ 12 ԸԸՀ նախագահը տարբեր գույնի գրիչներով քվեարկելու դիմումատուի բողոքին ի պատասխան՝ հայտարարեց. «Մենք ընտրողների իրավունքը չենք ոտնահարել, ինչ գույնի գրիչով ուզել են՝ քվեարկել են. կարմիր, կապույտ, կանաչ, սեւ»: Հ. Գալյանը՝ մարդու իրավունքների պաշտպան ԸԸՀ նախագահի այս դիտարկման առնչությամբ զարմանքով նշեց, որ գույնզգույն գրիչներով քվեարկված քվեաթերթիկները հիմնականում եղել են Հ. Ղարագյոզյանի օգտին: Վ. Հակոբյանը նաեւ նշեց, որ իրենց ընտրացուցակները ԸԸՀ-ն փոխանցել է ոչ թե օրենքով սահմանված ժամկետում՝ 3 օր, այլ՝ 14 օր հետո. «Դա արվել է մտածված, որպեսզի մենք հնարավորություն չունենանք ցուցակներին ծանոթանալ ընտրություններից առաջ: Իսկ մեր հիմնական շեշտադրումը վերաբերում է ընտրացուցակներին, եւ եթե դրանք չտրվեն, ուրեմն կնշանակի՝ մենք ճիշտ ենք»,- ասաց Վ. Հակոբյանը՝ ավելացնելով, որ ԸԸՀ-ն ու Հ. Ղարագյոզյանն ամեն ինչ անում են, որ ընտրացուցակներն իրենց ձեռքը չընկնի: «Եթե կարողանանք ցուցակները մեր ձեռքը գցել՝ կապացուցենք, որ նույն մարդիկ 5-6 անգամ ընտրել են տարբեր տեղամասերում: Չարբախի բնակիչներ են քվեարկել մեր տեղամասերում, մասնակցել են անգամ ոչ ՀՀ քաղաքացիներ: Մեր տվյալները շատ համոզիչ են»,-ասաց Վ. Հակոբյանը: Վերջինս սակայն խիստ կասկածանքով է վերաբերում ՍԴ անկողմնակալությանը, քանի որ հենց սկզբից ինքը հակառակն է նկատել. «ՍԴ կողմնակալությունը մենք նկատել ենք հենց սկզբից՝ գործի նյութերը ՍԴ տալու օրը: Միանշանա՛կ: Մեր նյութերը վերցնելիս ՍԴ աշխատակազմում մեզ համոզում էին, թե ՍԴ-ն 57-րդ հոդվածով այն պիտի մեզ ետ վերադարձնի, որպեսզի մենք ետ վերցնեինք այն: Սակայն մենք ապացուցեցինք, որ դրա իրավունքն իրենք չունեն,- պատմում էր թեկնածուն՝ հավելելով,- բացի այդ, հուլիսի 4-ին ՍԴ-ն դատավոր է նշանակում, ու հենց նույն օրը 198 էջանոց նյութը ստորագրում է ու վերադարձնում մեզ: Այդքանը մարդ մի օրում չի կարող նայել»: 1-ին փուլում հաղթանակած թեկնածուն գտնում է, որ 2-րդ փուլում իր պարտությունը պայմանավորված է զուտ իր անփորձությամբ. «Մենք 1 տարվա փորձառու էինք, իրենք՝ 12: Բոլոր ընտրություններում իրենք այդ ճանապարհներով անցել են: 2-րդ փուլի ընտրությունները նորից ու նորից ապացուցեցին, որ իրենք ընտրակեղծիքներ իրականացնելու մեջ վիրտուոզներ են: 2-րդ փուլում Հ. Ղարագյոզյանն էլ այդ բանին մասնակցեց, ինչը մենք կռահել չէինք կարող. այդքան դիապազոն մենք չունենք: Այ, որ մի քանի անգամ մասնակցենք, մենք էլ ենք այդ բոլորը հասկանալու: Հասկացանք, որ ընտրություններում միայն կեղծիքներով պետք է հաղթել: Իսկ մարդկայնորեն, երբ ժողովուրդը քեզ ընտրում է, այդ ձեւով հնարավոր չէ հաղթել»,- սա ասում է Վ. Հակոբյանը, որն 1-ին փուլում հաղթել էր: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել