ՄՏԱՀՈԳ ՀԱՐՑԵՐ Լրագրողների հետ երեկվա հանդիպումը սոցապ նախարար Աղվան Վարդանյանը սկսեց զգուշացումով՝ «Սա ասուլիս չէ, ինձ ուղղեք միայն ձեր մտահոգություններն ու առաջարկությունները»։ Քանի որ լրագրողներից ոչ մեկը սոցիալական ոլորտի մասնագետ չէր ու չէր կարող ոլորտի համար «շինիչ» առաջարկություններ անել, ուստի բավարարվեցին նրանով, որ հարցերն ուղղվում էին խոր մտահոգություն արտահայտող դեմքով։ «Առավոտի» մտահոգությունը կապված էր երեխաների որդեգրման վիճակագրական տվյալների հետ։ Մինչեւ 2003 թվականը որդեգրվող երեխաների 75%-ն իր ընտանիքը գտնում էր Հայաստանում։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, որդեգրվել է 80 երեխա, որից 43-ը՝ ՀՀ քաղաքացիների կողմից, 37-ը՝ օտարերկրացիների։ Ինչպես տեսնում եք, երեխաների գրեթե կեսը, դեռ աչքը չբացած ու սեփական կամքն արտահայտելու իրավունք չստացած՝ «գաղթում» է հայրենիքից, այն էլ՝ անվերադարձ։ Անկախ նրանից, թե այդ փոքրիկներն ինչպես կմեծանան՝ ընտանիքում, թե անընտանիք, նրանք բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Ինչպե՞ս է նայում նորանշանակ նախարարն իր համակարգի օգնությամբ կատարվող արտագաղթի այս ձեւին եւ ինչպես կարող է սոցիալական աշխատողը հետեւել փոքրիկի ճակատագրին արտերկրում։ Պարոն Վարդանյանն այս հարցը համարեց «համակարգի չլուծված խնդիրներից մեկը», որ «կան միջազգային կոնվենցիաներ, որոնց Հայաստանը դեռ չի միացել» եւ որ «ես դեռ չեմ տիրապետում համակարգի խնդիրներին ու մեխանիզմներին մանրամասնորեն»։ Փոխարենը Ա. Վարդանյանի համար «ակնհայտ է, որ սոցիալական խնդիրներն առաջնային տեղում են թե՛ երկրի նախագահի, թե՛ կառավարության գործունեության ծրագրերում», որ «դա ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ցանկությունն է, այլ պետության զարգացման գիտակցված ընտրություն, ինչը 90-95%-ով համընկնում է ՀՅԴ ծրագրերին»։ Նախարարի կարծիքով, «պետությունը շուտով պարտավորված է լինելու իր բոլոր գործողությունները ճշգրտել-համապատասխանեցնել աղքատության նվազեցման ծրագրին, քանի որ առանց սոցիալական ոլորտի զարգացման ու բարեփոխումների, ոչ մի չափի տնտեսական աճ էական ազդեցություն չի կարող ունենալ քաղաքացու վրա»։ Հետեւաբար, «ես, որպես նորանշանակ նախարար, իմ խնդիրն եմ համարում գտնել մեխանիզմներ՝ ամենաապահովված եւ ամենաանապահով շերտերին բերել մի սեղանի շուրջ»։ Այսպիսի ուտոպիստական գաղափարը դարձնել ծրագրային խնդիր՝ դեռեւս ոչ մեկի համարձակությունը չի ներել։ Գուցե Աղվան Վարդանյանի համար ռիսկը գործի կեսը չէ՞։ Համենայնդեպս՝ ասել է, եւ մենք դեռ հնարավորություն կունենանք հիշեցնելու իր խոսքը, որքան էլ փոխաբերական իմաստ այն ունենա։ Անշուշտ, գերհարուստներին ու չքավորներին «մեկ սեղանի շուրջ տեղավորելու» հարցը լրագրողների մեջ առաջացրեց համապատասխան «մտահոգություն»՝ «ինչպե՞ս եք գտնելու այդ մեխանիզմները»։ Սակայն սոցապ աննկուն նախարարը հիշեցրեց, որ «ես առայժմ կարող եմ ներկայացնել նախարարության անելիքները»։ Ի դեպ, նախարարը կարող էր եւ դա չանել, որովհետեւ լրագրողներին բաժանված էր ՀՀ սոցապ նախարարության բոլոր օղակների գործառույթներն ամփոփող թղթապանակ, որը պատրաստվել էր Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի գրասենյակի աջակցությամբ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ