Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺ-ՈՒՄ

Հուլիս 12,2003 00:00

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԺ-ՈՒՄ Արդեն մեկ ամիս ԱԺ նախագահի պաշտոնը վարող Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիսում ազդարարեց, թե կառավարության հինգշաբթի օրվա նիստերի նմանությամբ՝ այսուհետ ամեն ուրբաթ տեղի կունենա ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը «մատչելի կլինի լրատվամիջոցների համար»: Ըստ նրա՝ հանրության համար կարեւոր յուրաքանչյուր օրինագծի առնչությամբ ստեղծվելու են աշխատանքային հատուկ խմբեր, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները: Նման խումբ առաջինը ստեղծվում է «Զանգվածային լրատվության մասին» օրինագծի առնչությամբ: Բացի այդ՝ օգոստոսի 1-ից ԱԺ-ում տեղադրվելու է առաջարկությունների հեռախոս, որով քաղաքացիները կարող են իրենց առաջարկները ներկայացնել օրենքների նախագծերի առնչությամբ: Բոլոր օրինագծերը տեղադրվելու են ինտերնետում: Սեպտեմբերից լույս է տեսնելու խորհրդարանական ամսագիրը: ԱԺ նախագահը նաեւ տեղեկացրեց, թե ամեն ամիս անցկացնելու է քաղաքացիների ընդունելություններ. «Կփորձենք այս տարվա ընթացքում խորհրդարանում ստեղծել վիդեո-կոնֆերանսների սրահ, որի նպատակը պետք է լինի ուղիղ կապ հաստատել մարզերի հետ, որպեսզի պատգամավորները կարողանան աշխատել իրենց ընտրողների հետ, եւ այդ սրահի միջոցով կապ հաստատել նաեւ այլ երկրների խորհրդարանների հետ»: Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերից իրեն կից ստեղծելու է մի շարք հասարակական խորհուրդներ. «Օրինակ՝ հաշմանդամների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, երիտասարդության»: Արտերկիր մեկնող ամեն պատվիրակություն այսուհետ պետք է հաղորդում ներկայացնի իր այցելության մասին, եւ դրանք քննարկվելու են աշխատանքային խորհրդակցություններում: ԱԺ նախագահը մտադիր է ստեղծել նաեւ խորհրդարանական լրագրողների ակումբ, որին սենյակ կհատկացվի՝ տեխնիկական միջոցներով: Լրագրողներին այսուհետ հնարավորություն է ընձեռվելու լուսաբանել նաեւ ԱԺ պատվիրակությունների այցերը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել