Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լոբբինգն ընդդեմ լոբբինգի

Հուլիս 12,2003 00:00

Լոբբինգն ընդդեմ լոբբինգի Ըստ ամենայնի, Թուրքիան ծայրահեղ լուրջ մտավախություններ ուներ՝ կապված ԱՄՆ Սենատի քվեարկությանը ներկայացված՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւի հետ։ Ինչպես հայտնի է, այդ փաստաթղթի քվեարկությունը հանվել է օրակարգից՝ պետդեպարտամենտի բյուջեի օրինագծի հետ քվեարկման անհամատեղելիության հիմնավորմամբ։ Իսկ մինչ այդ, թուրքական կողմի այն աննախադեպ ջանքերը, որոնք նախորդել են Սենատի վերոհիշյալ նիստին, առավել քան պերճախոս կերպով ցուցադրում են պաշտոնական Անկարայի անհանգստության աստիճանը։ Այսպես. թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, թուրք արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիայի Վաշինգտոնյան ներկայացուցչությունը հայտարարությամբ նախազգուշացրել է, թե վերոհիշյալ բանաձեւի ընդունումը խիստ կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Այս համատեքստում հայտարարությունն անդրադառնում է նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսության հեռանկարներին, կանխանշելով ոչ միայն դրանց, այլեւ առհասարակ տարածաշրջանային կայունության վտանգվածությունը։ Եռանդուն հակաքարոզչական գործունեություն են ծավալել նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող թուրք խորհրդարանականները, որոնք իրենց ունեցած, առանց բացառության, բոլոր հանդիպումները ծառայեցրել են բանաձեւի քվեարկությունը տորպեդահարելու նպատակին։ Ծավալուն լոբբիստական աշխատանքներ են կատարել նաեւ ամերիկաբնակ թուրքերը, որոնք վերջին օրերին սենատորներին եւ Սպիտակ տան պաշտոնյաներին տառացիորեն հեղեղել են հեռախոսազանգերով եւ ֆաքսիմիլային ու էլեկտրոնային նամակներով։ Հատկանշական է, որ այս արշավին գործուն մասնակցություն է բերել նաեւ ԱՄՆ հրեական լոբբին։ Սենատին ուղղված նամակում հրեական կոմիտեի ներկայացուցիչները կոչ են արել օրինագծից հանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտությունը։ Այս ամենով հանդերձ, բանաձեւի քվեարկման ձախողման հարցում վճռորոշ են եղել հատկապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հեռախոսային բանակցությունները։ Թուրքական «Սաբահ» թերթի հաղորդմամբ, Չեյնին կատարեց Էրդողանին տված իր խոստումը եւ մեծապես նպաստեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը Սենատի օրակարգից հանելուն։ «Սաբահի» գնահատմամբ, «վերջին 72 ժամվա ընթացքում» բանաձեւի ընդունումը կանխելու համար «հսկայական եւ նպատակաուղղված ջանքեր գործադրվեցին», ինչում շոշափելի ներդրում ունեցան ինչպես Դիկ Չեյնին, այնպես էլ Պենտագոնի ներկայացուցիչ Փոլ Վուլֆովիչը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռիչարդ Արմիթաջը։ Այսպիսով ակնհայտ է, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչմամբ շահագրգիռ ԱՄՆ սենատորների պատկառելի թվին, այս երկրի քաղաքական վերնախավն ի սկզբանե մտադիր չի եղել վավերացնել խնդրո առարկա բանաձեւը, իսկ դրա հարուցած ընթացակարգային «աղմուկն» առավել քան ներդաշնակ է ԱՄՆ-Թուրքիա՝ վերջին շրջանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների ոգուն։ Զարմանալի ոչինչ չկա. անկախ Իրաքի հարցում այս երկու երկրների ունեցած տարաձայնություններից, ԱՄՆ ռազմական շահերի հանրագումարում Թուրքիայի հետ գործընկերության պահպանումն օբյեկտիվորեն գերակշռում է եւ, դատելով տարածաշրջանային ներկայիս զարգացումներից, դեռ երկար կգերակշռի։ Ինչեւէ, օգոստոսին Կոնգրեսը կգնա արձակուրդ, իսկ բանաձեւի քննարկումը հետաձգվեց խիստ անորոշ ժամանակով։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել