Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խնդրահարույց հարցեր

Հուլիս 12,2003 00:00

Խնդրահարույց հարցեր ԱԺ նախագահի պաշտոնում «Օրինաց երկրի» նախագահին առայժմ ամենախիստը քննադատել է դաշնակիցը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ մարմնի պաշտոնաթերթը: Սակայն Արթուր Բաղդասարյանը ասուլիսում ասաց, թե նորմալ է վերաբերվում այդ հրապարակմանը: Պետական այլ մարմիններին վերապահված գործառույթները յուրացնելու մեղադրանքի առնչությամբ Արթուր Բաղդասարյանը երեկ հիշեցրեց, թե ԱԺ նախագահը պետության 2-րդ դեմքն է. «Պիտի նորմալ վերաբերվենք այն իրողությանը, որ ԱԺ նախագահը, եթե հանդիպում է ունենում այս կամ այն երկրի ղեկավարի հետ՝ կարող է, եւ ավելին՝ պարտավո՛ր է քննարկել նաեւ երկրի տնտեսությանը, կրթությանն ու քաղաքականությանը վերաբերող խնդիրներ»: Մի ոչ հաճելի անակնկալ էլ «Օրինաց երկրի» համար նախապատրաստել է «Արդարություն» դաշինքը, որն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ավանդները վերադարձնելու վերաբերյալ՝ իբրեւ փորձաքար նախընտրական այդ խոստումը տված, իսկ հետո կառավարության ծրագրով դրանից հրաժարված կուսակցությունների համար: «Օրինաց երկիրը» չի՛ հրաժարվում ավանդների վերադարձի իր սկզբունքային մտադրությունից,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը եւ հայտնեց, թե այդ հարցը նորից ներկայացրել են կոալիցիային:- Եթե մի կուսակցություն ունենար լիարժեք մեծամասնություն՝ բնականաբար, ինքն ինչ գրել էր, այն էլ կիրականացներ: Բայց կոալիցիան քաղաքական համաձայնության արդյունք է, եւ ամեն մեկն ինչ-որ մի բան զիջել է»: Ստացվում է՝ ավանդների փոխհատուցման գումարները կային՝ ուղղակի բախտներս չբերեց, «ՕԵ»-ն միայնակ չգրավեց իշխանությունը, եւ ստիպված էր տեղի տալ ավանդները վերադարձնել չցանկացող գործընկերների առջեւ: Սակայն պրն Բաղդասարյանը հիմա էլ շարունակում է խոստանալ. «ՕԵ»-ն ոչ թե խոսքով, այլ խիստ գործնական՝ հետեւողական է լինելու ավանդների խնդիրը լուծելու համար: Մենք պետք է գտնենք մեխանիզմներ»: Եվրոպական երկրների ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ առաջարկ են ներկայացնում ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը: Այս առնչությամբ ԱԺ նախագահն ասաց. «Անընդունելի է, որ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների համար «ՔՕ»-ով սահմանված են տարբեր պատժամիջոցներ: Իմ կարծիքով՝ սա միարժեք պետք է փոխվի»: Իսկ ընդհանրապես օրենսդրության ապաքրեականացմանը կողմնակից լինելով՝ այդ երկու հոդվածները «ՔՕ»-ում պահպանելուն, ըստ էության, կողմ էր. «Ես դեմ եմ զրպարտանքը կամ վիրավորանքն այսօր ամբողջությամբ ապաքրեականացնելուն՝ չսահմանելով տուգանքներ: (…) Մենք պիտի հասկանանք, որ զրպարտությունը բավական պատժելի հանցագործություն է, որի արդյունքում մարդիկ ուղղակի կարող են կորել»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ասուլիսից հետո «Առավոտը» պրն Բաղդասարյանին խնդրեց մեկնաբանել «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի դիտարկումը, թե «Օրինաց երկիրը» գերազանցել է «Ընտրական օրենսգրքով» նախընտրական ծախսերի համար թույլատրելի սահմանը՝ քարոզարշավի վրա ծախսելով շուրջ 209 հազար դոլար. «Ի տարբերություն հանրապետականների՝ «ՕԵ»-ն համագործակցել էր այդ կազմակերպության հետ: Մեր ներկայացուցիչներից հետո նրանք ներողություն են խնդրել՝ ասելով, թե մոտավոր ճշտությամբ ենք ներկայացրել: Այսինքն՝ նրանց ներկայացրած թվերը հիմք չեն, եւ չեն կարող ընդունվել որպես օրինական ուժ ունեցող ինչ-որ հայտարարություն: Դրանք ուղղակի ենթադրություններ են եւ իրենք էլ են դա ընդունում: Մենք մեր հիմնադրամով նախատեսված ծախսերը հստակ կատարել ենք, կան պայմանագրեր հեռուստաընկերությունների հետ եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել