Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐՎԱԾ Է ԱԶԱՏՎԵ՞Լ «27»-Ի ԳՈՐԾԻՑ

Հուլիս 12,2003 00:00

ՊԱՏՎԻՐՎԱԾ Է ԱԶԱՏՎԵ՞Լ «27»-Ի ԳՈՐԾԻՑ Ներկա իշխանությունները կարծես ամեն ինչ անում են «27»-ի գործի նկատմամբ իրենց առանձնակի շահագրգռությունն ապացուցելու համար: Վերջին ապացույցներն առնչվում էին «27»-ի գործի դատավարությանը, որը վերսկսվեց միայն համապետական ընտրությունների ավարտից հետո: Եվ եթե քառամյա վաղեմության պատճառով հանրության որոշակիորեն թուլացած ուշադրությունը չլիներ՝ քաղաքական շրջանակները թերեւս ավելի սուր արձագանքեին այն ամենին, ինչ արձանագրվեց դատավարության վերսկսումից հետո: Նախ՝ պարզվեց, որ հերթական երկարատեւ դադարը ամբաստանյալ Վռամ Գալստյանի հիվանդությամբ պատճառաբանելն ուղղակի բլեֆ էր: Հենց ինքը՝ Հունանյանի քեռին հայտարարեց. «Իմ կալանավորման օրվանից մինչեւ վերջին ներարկումը եղել է բռնի՝ անկախ իմ կամքից: Երբեք բողոք չեմ ներկայացրել իմ առողջական վիճակի մասին»: Բացի այդ՝ «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքի համաձայն՝ Վռամ Գալստյանն ընդամենն ունեցել է «տրամադրության տատանումներ, քնի եւ ախորժակի անկում, գլխացավ, գլխապտույտ, բայց ոչ հոգեկան տարօրինակ վարքագիծ»: Համաձայնեք՝ ամբաստանյալներից մեկի ախորժակի անկումը եւ վատ տրամադրությունը բնավ պատճառ չէր ո՛չ նրան հոգեմետ ներգործության դեղեր ներարկելու, ո՛չ էլ դատավարությունն ամիսներ շարունակ հետաձգելու համար: Կես տարվա այս ընդմիջումից հետո՝ «27»-ի գործով մեղադրողների քառյակին միացավ հինգերորդը՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, որը որոշակի միջոցներ առաջարկեց դատավարությունն արագացնելու համար: Դրանց կանդրադառնանք փոքր-ինչ ավելի ուշ: Մինչ այդ նշենք՝ զարմանալի էր, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններից եւ ոչ մեկը բացարկ չհայտնեց Կորյուն Փիլոյանի դեմ՝ չէ՞ որ բոլոր հիմքերը կան պնդելու, թե նա շահագրգիռ անձ է այս գործում: Նշենք, որ պրն Փիլոյանն այժմ էլ մեղադրող է Միհրան Մովսիսյանի թիկնապահի սպանության գործով, իսկ այդ թիկնապահի հայրը՝ Ստեփան Առաքելյանը, բավական ուշագրավ վկայություններ է տալիս «27»-ի գործի առնչությամբ: Բացի այդ՝ հիշեցնենք, որ Կորյուն Փիլոյանը մեղադրող էր նաեւ Մուշեղ Սաղաթելյանի գործով եւ պաշտպանում էր դատախազության մեղադրանքը, թե Սաղաթելյանը զրպարտել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, պնդելով, թե նրանք են «27»-ի կազմակերպիչները: Ըստ այդմ՝ կարելի է եզրակացնել, թե այժմ էլ դատարանի դահլիճում է Գլխավոր դատախազության ներկայացուցիչը տանելու նույն գիծը: Իսկ ընդհանրապես՝ անհասկանալի է, թե այդ ի՞նչ չէին անում այս գործով ընդգրկված 4 մեղադրողները, որ առաջացավ 5-րդի անհրաժեշտությունը: Գուցե մյուս 4-ից ինչ-որ մեկի՞ն էին ցանկանում չեզոքացնել, դուրս մղել: Լրագրողները նաեւ այդպես էլ չկարողացան պարզել, թե երբ էր Կորյուն Փիլոյանը ներգրավվել մեղադրողների կազմում, որ հասցրել էր ծանոթանալ գործի նյութերին: Համենայն դեպս՝ իրավաբանները պնդում են, թե նա գործում կարող էր ներգրավվել միայն դատական նիստի ընթացքում, ըստ այդմ՝ թույլ է տրվել արարողակարգային խախտում: Կորյուն Փիլոյանը դատավարական իր բեմելը նշանավորեց հայտարարությամբ, ըստ որի՝ ստացվում էր, թե պիտի պակասեցվի «27»-ի գործով վկաների դատակոչի ցանկը: Անունները դեռ չեն հնչել, ուստի վստահ չենք՝ արդյո՞ք փորձ չի արվի քննությունն իբր արագացնելու անվան տակ՝ դատարան չկանչել այնպիսի վկաների, որոնց ցուցմունքները կարող են էական լինել քննության համար: Նշենք նաեւ՝ «27»-ի դատական առաջին իսկ նիստում, որին մասնակցեց՝ Կորյուն Փիլոյանը հասցրեց առարկել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի միջնորդությանը: Մինչդեռ հանրահայտ է՝ մեղադրողներն ու տուժողները կամ նրանց իրավահաջորդների ներկայացուցիչները դատավարական մեկ ընդհանուր կողմ են, եւ առնվազն տարօրինակ է միմյանց դեմ նրանց հանդես գալը: Սակայն սա «27»-ի դատավարությունն է, որտեղ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը միջնորդություն է անում, ասում. «Քրեական գործից մաս անջատելն ապօրինի էր», իսկ տուժող Աղվան Վարդանյանի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանն ասում է. «Միանում եմ ամբաստանյալների միջնորդությանը», թեեւ նրանք դատավարական հակադիր կողմեր են: Ամփոփենք՝ Գլխավոր դատախազությունը նախ անջատված մասի նախաքննությունը վերցրեց իր վերահսկողության ներքո, հիմա էլ փորձում է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել դատավարության գործընթացում: Անջատված մասի պարագայում գլխավոր դատախազը չբացառեց, թե հնարավոր է՝ կարճվի գործը: Հիմա էլ դատավարությո՞ւնն են ցանկանում արագ-արագ ավարտել, քանի դեռ չի փոխվել քաղաքական իրադրությունը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել