Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ

Հուլիս 12,2003 00:00

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ Այսպես է կարծում ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Հանրապետական Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ կրիմինալ տարրերի ակտիվացումը, սպանությունների եւ հանցագործությունների աճը կարելի է կանխել համակարգային, օրենսդրական եւ սահմանադրական փոփոխություններով։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը բացարձակապես չկիսելով իր նախկին կուսակցի կարծիքը, խնդրո առարկայի վերաբերյալ հետեւյալն ասաց. «Համաձայն եմ ձեր հարցադրման հետ, որ կրիմինալ իրավիճակը հանրապետությունում լարված է, բայց միաժամանակ կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հանգամանքին. ըստ էության, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրի բարձրագույն ղեկավարությունը նախընտրական նկատառումներով օգտագործեց հանցավոր տարրերին եւ նրանց կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցները։ Այսինքն՝ այսպես կոչված, հայտնի կլանը տնտեսական եւ հանցագործ աշխարհի կապերն օգտագործելով՝ անօրինական ճանապարհով եկավ իշխանության։ Այսօր մենք գործ ունենք հետեւանքների հետ։ Այսինքն՝ այսօրվա իրավիճակի համար պատասխանատու է երկրի չընտրված նախագահը, որին ծառայություններ են մատուցել հանցագործ խմբավորումները եւ, ըստ էության, նրանք իրենց մատուցած ծառայությունների համար արեւի տակ իրենց տեղն են պահանջում»։ Մենք հիշեցրինք պրն Դալլաքյանին, որ երկրի նախագահն ինքն առաջինը դատապարտեց վենդետաների, հանցագործությունների եւ հաշվեհարդարների միջոցով հարցերը լուծելու պրակտիկան եւ հրահանգեց իրավապահ մարմիններին՝ առավել արդյունավետ աշխատել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Մյուս կողմից՝ եթե երկու կրիմինալ տարր կրակում են իրար վրա, ի՞նչ կապ ունեն ընտրությունները եւ ի՞նչ կապ ունի հանրապետության նախագահը։ Վիկտոր Դալլաքյանը մեր ասածներին հետեւյալ հակադարձումն ուներ. «Նախագահը դա ո՞ւմ է ասում։ Ի՞նքը ում է բողոքում։ Ոստիկանապետին ինքն է նշանակում, ոստիկանապետը պարտավոր է այդ բոլոր հարցերով զբաղվել։ Եթե ոստիկանապետը չի զբաղվում, ուրմն դրա պատասխանատուն նրան նշանակողն է։ Կամ՝ կառավարության գործունեության ծրագրում գրված է, որ կոռուպցիան հասել է այնպիսի չափերի, որ ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում։ Իսկ այն, որ կոռուպցիան այդ վիճակին է հասել, դրա պատասխանատուն ո՞վ է։ Եթե «27»-ի հանցագործների, Պողոս Պողոսյանի սպանությունը կատարող հանցագործների նկատմամբ հովանավորություն է իրականացվում, եթե վերջին՝ Նուբարաշենի-Դավիթաշենի, այսպես կոչված, «ռազբորկան», որը նոյեմբեր ամսից է սկսվել եւ ժամանակին համապատասխան վերաբերմունքի չի արժանացել եւ ավելի է խորացել, ո՞վ է դրա պատասխանատուն։ Պատասխանատուն այն անձնավորությունն է, որը նշանակում է համապատասխան ուժային կառույցների ղեկավարներին»։ Պրն Դալլաքյանին հիշեցրինք, որ ըստ Գալուստ Սահակյանի՝ պատասխանատուն եւ մեղավորը մեզնից յուրաքանչյուրն է, ամբողջ հասարակությունը. «Ես չէի ցանկանա իմ նախկին կուսակցի գնահատականներին գնահատական տալ։ Ես կխոսեմ ավելի լուրջ հարցերի մասին։ Ժողովուրդը ոչ մի բանի համար էլ մեղավոր չի, մեղավորն այն խունտան է, որը բռնազավթել է իշխանությունը։ Երբ ժողովուրդն ընտրում է x-ին եւ ընտրվում է y-ը, արդեն ժողովուրդը ոչ մի բանի համար պատասխանատու չի։ Ժողովուրդն ուզում էր ձեւավորել օրինական իշխանություն, երբ բռնանում են ժողովրդի կամքին եւ թույլ չեն տալիս, որ նա ձեւավորի օրինական իշխանություն, ուրեմն նա ոչ մի բանի համար մեղավոր չի»։ Արդյո՞ք, ոստիկանների եւ այլ պատասխանատուների փոփոխությունը որեւէ դրական ազդեցություն կունենա կրիմինալի դեմ պայքարում։ Վիկտոր Դալլաքյանի կարծիքը միանշանակ է՝ «բացարձակապես՝ ոչ, ես համաձայն եմ Արամ Զ. Սարգսյանի այն հարցադրմանը, որ միայն մեկ մարդու փոփոխությամբ է ամեն ինչ կարգավորվելու, այսինքն՝ բոլորը գիտեն արմատը որտե՞ղ է, եւ հարկավոր է խոսել արմատի մասին։ Ոստիականապետը x-ը կլինի, թե y-ը, կարեւոր չէ, նա կատարում է ստացած հանձնարարությունը։ Եթե հանձնարարություն է ստացել զանգվածային հանրահավաքների ժամանակ մարդաորս կատարել, ինքը մարդաորս է կատարում, եթե հանձնարարություն է ստացել x կլանին թուլացնելով y կլանին ուժեղացնել, ինքը դա է կատարում»։ Վիկտոր Դալլաքյանը՝ հղում կատարելով մամուլի հրապարակումներին, նկատեց՝ «եթե երկրի պաշտոնատար անձինք գողական «սխոդկաների» են մասնակցում, նրանց են ընդունում, հիմա մենք ի՞նչ հարց ենք քննարկում, ինչի՞ մասին է խոսքը։ Ընդ որում, նրանք անգամ գողականների օրենքների մեջ չեն տեղավորվում, այնտեղ էլ պարկեշտություն չունեն, եւ «քցելու» քաղաքականությունը բոլոր ոլորտներում է զգալի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել